Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 18,2008 00:00

Դպրոցական ծեծկռտուք՝ հանուն տնօրենի

Թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանին դրամահավաքության համար օրերս ազատել են աշխատանքից, սակայն կրքերը նրա համար դասադուլ հայտարարած դպրոցում շարունակում են բորբոքված մնալ, թեեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմինե Վարդանյանը վստահեցնում է, որ վիճակը կայունացել է: «Դասերը վերսկսվել են, դպրոցը սպասարկող տեսուչ Սամսոն Շաշիկյանն ու կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանն ասում են, որ ամեն ինչ նորմալ է»,- հավաստիացնում է տիկին Վարդանյանը:

Թաղամասում Persona non grata հայտարարված ծնողներ Անահիտ Թորոսյանն ու Սմբուլ Հովհաննիսյանը, որոնց բողոքների ու դրամահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով է այս պատմությունը սկիզբ առել, «Առավոտին» տեղեկացրին, որ իրենց երեխաները երեկվա դրությամբ դպրոց չեն գնացել՝ մտահոգված լինելով սեփական անվտանգությամբ: Տիկին Հովհաննիսյանը, որ դժվարանում էր խոսել հուզմունքի ու, իր խոսքով, ուղեղի ցնցում ստացած լինելու պատճառով, հայտնեց, որ շաբաթ օրը դպրոցում իր վրա են հարձակվել հավաքարար Լաուրա Գրիգորյանն ու նախկին տնօրենի քրոջ դուստրը՝ ֆիզիկայի ուսուցչուհի Լուսինե Խաչիկյանը, ձեռքից խլել իրերով լի տոպրակն ու պատառոտել: Այնուհետեւ, Ա. Բաբաջանյանի կողմնակիցների հրահրմամբ, դպրոցի երեխաներն են մի հարձակում սկսել ու տիկին Սմբուլի խոսքով՝ «կալմեջ արած» իրեն ծաղրելով-քաշքշելով տարել: Նույնը պատմեց նաեւ մյուս ծնողը՝ «թեժ գծին» զանգած Անահիտ Թորոսյանը, հավելելով, որ չնայած նախկին տնօրենը չի գալիս դպրոց, բայց հրահրում է բոլորին իրենց դեմ. «Թե չէ ի՞նչ է հասկանում ցույցի դուրս եկած 4-րդ դասարանի երեխան, որ գոռում է՝ ազատություն… ի՞նչ ազատություն: 8-րդ դասարանցի դստերս՝ գերազանցիկ սովորող Աստղիկին էլ բոյկոտել են՝ «Աստղիկ, հեռացիր, դպրոցը մոռացիր» գոռալով»:

Նախկին տնօրեն Անահիտ Բաբաջանյանի հետ կապվել չհաջողվեց՝ նրա տան հեռախոսը միացված չէր կայանին:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Քաղաքագետը վերլուծեց ԼՂՀ թնջուկը

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հ/կ-ի նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էր, որը խոսեց ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացի ու հնարավոր զարգացումների մասին: Նրա փոխանցմամբ, մոսկովյան Հռչակագրի ստորագրումը մեզանում իրարանցում է առաջ բերել. «Երկու դրական բան եմ նկատել, առաջինն այն է, որ հայ հասարակությունը ղարաբաղյան խնդիրը շարունակում է դիտել իբրեւ Հայաստանի համար կենսականորեն կարեւոր հարց, երկրորդն էլ այն է, որ Հռչակագրի քննարկումները ցույց տվեցին, որ խնդիրն աստիճանաբար դուրս է բերվում կուսակցական շահարկումների դաշտից եւ իշխանությունն ու ընդդիմադիրները օբյեկտիվության կեցվածք են ընդունում, ինչը ողջունելի է: Ես գտնում եմ, որ մոսկովյան Հռչակագիրը արձագանքն ու հետեւանքն է օսեթական իրադարձությունների, որովհետեւ, եթե վերջինս չլիներ՝ հազիվ այդ Հռչակագիրը այդպես արագ ստորագրվեր»: Ըստ Ա. Մանասյանի, Ղարաբաղի խնդրի լուծման համար ԵԱՀԿ-ն սահմանել է եռակողմ ձեւաչափ ու հենց Ադրբեջանի ճնշման տակ. «Բայց որպեսզի բավարարեն Ադրբեջանին ու, այնուամենայնիվ, Ղարաբաղին էլ դուրս չթողնեն գործընթացից՝ ԵԱՀԿ նախագահներն ամեն անգամ գնում են Ստեփանակերտ: Այստեղ խաղ է գնում, ու երբ ինչ-որ փաստաթուղթ լինի, ու խնդիրը հասնի ինչ-որ էտապի, անհնար կլինի հարցը լուծել առանց Լեռնային Ղարաբաղի»:

Ա. Մանասյանը, կրկին դառնալով Հռչակագրին, հավելեց, որ Բաքուն ոչ միայն հռչակագրերի, այլեւ կնքված փաստաթղթերի, բազմակողմ ստորագրված միջազգային պայմանագրերի խախտման, դրանց բովանդակությունների կեղծ մեկնաբանման վիթխարի փորձ ունի. «Օրինակ, 1920 թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեցին Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս, իսկ առավոտյան տպագրեցին մեկ այլ տեքտս, որտեղ գրված էր, որ ինքը ճանաչում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մեկ գիշերվա մեջ Բաքվի պահանջով ամեն ինչ փոխվեց… Հիշեք, թե 90-ականներին քանի անգամ ստորագրվեց հրադադար ու ամեն անգամ այն խախտվեց»: Ռուսաստանի մասին խոսելիս էլ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ վերջինս կռվում է միայն իր շահերի համար. «Ինչպես ասում են՝ սիրո եւ քաղաքականության մեջ ամեն մեկն իր համար է կռվում: Ռուսաստանի շահը կայանում է նրանում, որ նա փորձում է ավանդական ձեւով իր արեալի մեջ առնել Անդրկովկասն ու Այսրկովկասը: Բարեբախտաբար, Ադրբեջանի պրոթուրքական եւ պրոարեւմտյան հակվածությունը մինչ օրս աշխատել է հօգուտ մեզ»:

Հայագետները պարգեւատրվեցին

Հայաստանում գիտության զարգացմանը նպաստելու համար երեկ ՀՀ ԳԱԱ նախագահությունը պատվավոր դոկտորի կոչումներ է շնորհել հայագետներ Վալենտինա Կալցոլարիին եւ Ռուբեն Գալչյանին:

Նշենք, որ տիկին Կալցոլարին Ժնեւի հայագիտության ուսումնասիրության միջազգային կենտրոնի նախագահն է, 75 հոդվածների 3 մենագրության հեղինակ: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 1992թ.: «Լինելով ոչ հայ՝ ես ցանկացել եմ իմ գիտական կյանքը կապել Հայաստանի հետ»,- ասաց նա: Լ. Գալչյանը եւս բազմաթիվ աշխատությունների եւ 3 մենագրության հեղինակ է: Նրա գիտական գործունեության մեջ հատուկ տեղ է գրավում «Հայաստանի պատմական քարտեզներ» մենագրությունը: Այս աշխատության մեջ հեղինակը ներառել է աշխարհի տարբեր գրադարաններում եւ թանգարաններում պահպանված մ.թ.ա 6-րդ դարից մինչեւ մեր օրերն արտացոլող 161 քարտեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել