Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԵՎՐՈՊԱ»

Նոյեմբեր 18,2008 00:00

\"\"Ասում է նախկին դատապարտյալ Դավիթ Եղինյանը

Պաշտպանության նախարարության N զորամասի 3-րդ դասակի հրամանատար Դավիթ Եղինյանն այս տարվա հուլիսի 3-ին ՀՀ հյուսիսային դատարանի կողմից դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր 2004 թ. ապրիլի 10-ին զորամասն ինքնակամ լքելու եւ զինվորական ծառայությունից խուսափելու համար: Դ. Եղինյանը մինչ այդ «Առավոտին» գրավոր տեղեկացրել էր, որ զորամասն ինքնակամ չի լքել, այդ մասին տեղյակ է պահվել զորամասի հրամանատարությանը, իսկ կադրերի բաժնում իրեն հայտնել են, թե աշխատանքից ազատված է: Ի դեպ, դրանից հետո է Եղինյանը գնացել Ռուսաստան, Ռոստով քաղաքում շինարարությունում աշխատելու՝ ընտանիքին սովից փրկելու հույսով: Ռուսաստանում տեղի իրավապահները բռնել էին նրան, հայտնելով, որ նա Հայաստանում հետախուզվում է: Առանց իրավաբանական օգնության եւ դատարանի որոշման՝ հայ քաղաքացին 5 ամիս պահվել է այնտեղի մեկուսարանում:

Երեկ Դ. Եղինյանը «Առավոտում» էր: Նա տեղեկացրեց, որ Հյուսիսային դատարանի վճիռն անփոփոխ էր թողել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը (այս տարվա սեպտեմբերի 13-ին): Նա ասաց, որ պահվել է արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ իր պատժից 84 օր ավելի: Հիշեցնենք, որ դատապարտյալի 1 անազատ օրը հաշվվում է 1,5:

Դ. Եղինյանը 1 շաբաթ առաջ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան եւ մտադիր է դիմել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր 84 անազատ օրերի համար: 1 օրվա համար նախկին դատապարտյալը պահանջելու է 1000 եվրո՝ բարոյական վնասի հատուցում:

Իսկ ինչպե՞ս ազատվեցիք՝ հարցին նա պատասխանեց. «ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հ. Հակոբյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շահեն Տիգրանյանին, խնդրելով պարզաբանել, թե Դ. Եղինյանի վրա տարածվու՞մ է Քրօրի 69 հոդվածի 3-րդ մասը, այսինքն՝ ես պատիժս շարունակելո՞ւ եմ»: Վերոհիշյալ վարչությունից տեղեկացրել էին, որ Դ. Եղինյանի պատժի ժամկետը հաշվելիս անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ նա «հանցանքը» կատարել է 2004թ. ապրիլին, մինչեւ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելը: «Ուստի նկատի ունենալով, որ անձի վիճակն այս կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, Դ. Եղինյանի կալանքի ժամկետը անհրաժեշտ է հաշվակցել ազատազրկման ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օր»,- պարզաբանել էին գլխավոր դատախազությունից:

Դ. Եղինյանը դիմել է նաեւ ՀՀ նախագահին. «Պահանջելու եմ գործս վերցնի իր հսկողության տակ, որպեսզի չհասնեմ Եվրոպա: Կուզեի հարցս լուծվեր այստեղ՝ Հայաստանում»:

Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանին իր բողոքը ներկայացնող հավատարմագրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վիճարկում է, առհասարակ, զորամասն ինքնակամ լքելու՝ Դ. Եղինյանի դեմ հարուցված մեղադրանքն ու նրա դեմ կայացրած դատավճիռների օրինականության հարցը: Փաստաբանը հետաքրքիր բացահայտում է արել. Դ. Եղինյանը կալանավորվել է 2007թ. նոյեմբերի 23-ին, իսկ դատավորի մոտ է տարվել 2008թ. հունիսի 25-ին՝ 7 ամիս անց: Մինչդեռ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի մոտ եւ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչեւ դատաքննությունն ազատվելու իրավունք»: 7 ամիսը, ըստ փաստաբանի, չի կարող համարվել «անհապաղ», հետեւաբար՝ նախաքննությունն իրականացնող մարմնի թույլ տված խախտումները չեն վերականգնվել դատարանի կողմից, թեեւ Դ. Եղինյանը միջնորդել է իրեն ազատ արձակել: Փաստաբան Ն. Բաղդասարյանը ԵԴ նախադեպերի հետ կապված մի քանի գործ է հիշատակում. «Մակգոֆն ընդդեմ Շվեդիայի» (15 օրը չի համարվել «անհապաղ»), «Ասսենովն ընդդեմ Բուլղարիայի» (3 ամիսը չի համարվել «անհապաղ»), «Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի» (3 ամիսը), «Վան դեռ Սլյուսը, Զաոդերոելդն ու Կլապենն ընդդեմ Նիդեռլանդների» (11-14 օրը չի համարվել «անհապաղ»):

Պաշտպանը խնդրում է կարճել Դ. Եղինյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթն ու դադարեցնել հետապնդումը: «Եթե վճռաբեկ դատարանը, այնուամենայնիվ, չգա այն հետեւության, որ Դ. Եղինյանի արարքում չկա հանցակազմ, ապա արձանագրել Դ. Եղինյանի նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտումը»,- նշում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել