Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներն իրենց տոնի մասին չգիտեն

Նոյեմբեր 18,2008 00:00

Ու հույսները կտրել են բոլորից

Երեկ Ուսանողների միջազգային օրն էր: Երիտասարդների շրջանում «Առավոտի» կատարած փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ նրանցից շատերը տեղյակ չէին այդ մասին: Ամենատարածված պատճառաբանությունն այն էր՝ ո՞վ է նշում այդ օրը, որ իրենք էլ տեղյակ լինեն:

Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում ուսանողների օրը նշում էին ուսանողական հիմնախնդիրների քննարկմանը նվիրված նիստով: ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքներից հետո ուսանողները պարզապես հարցախեղդ արեցին ԿԳ նախարարին եւ նախապես խնդրեցին՝ հարցերը չշրջանցել: Երիտասարդները դժգոհում էին բարձր վարձավճարներից, բուհական կոռուպցիայից, ուսանողական ինքնակառավարումից եւ այլն: «Ուսման վարձի հետ կապված խնդիրները նախարարությունը չի լուծում, դրանք իրականացնում են բուհերը: Ուսխորհուրդները կարող են լուրջ դերակատարություն ունենալ այդ հարցում, ինչից չեն օգտվում»,- նկատեց նախարարը եւ դիմեց ուսանողներին,- դուք պայքարեք ձեր իրավունքների համար ձեզ վերապահված հնարավորությունների սահմաններում, այդ պարագայում նախարարությունը պատրաստ կլինի աջակցել: Պիտի միասին աշխատենք կոռուպցիոն երեւույթները վերացնելու համար, իսկ եթե ուզում եք լրատվամիջոցներով տեսնել, թե ինչպես է նախարարությունը ձեր խնդիրները լուծում, ապա այս դեպքում արդյունավետություն ակնկալելը դժվար կլինի»: Անդրադառնալով կրթական բարեփոխումներին՝ նախարարը նշեց. «Նախարարությունում այս թեմայով խորհրդակցությունների ժամանակ ուսանողների հաճախելիությունը մոտենում է 0-ի»: Ս. Սեյրանյանը տեղեկացրեց, որ մյուս շաբաթվանից բոլոր բուհերում կշարունակվեն հանդիպումներ նախարարության եւ ուսխորհուրդների հետ, որոնց չեն մասնակցի ռեկտորներ:

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը՝ ի պատասխան ասաց. «Պարոն նախարար, հարցերի մի մասը դուք շրջանցեցիք: Ստացվեց, որ բուհերում վարձերի բարձրացման միակ պատճառը ուսանողությունն է, ինչը այդպես չէ: Ինչ վերաբերում է դատախազությանը կոռուպցիոն գործեր տալուն, ապա եթե այդ քայլին դիմենք՝ որոշ բուհերում 5-6 դասախոս կմնա, որոնցով կրթական համակարգ պահելը դժվար կլինի: Որպես դաշնակից՝ դիմեցինք նախարարությանը, պայմանավորվեցինք հանդիպել, ինչը չեղավ: Մենք կորցրել ենք հույսը որեւէ տեղ դիմելու»: Նախարարն էլ, թե. «Ցավոք, ձեզ մոտ այսպիսի ոգեւորություն չի առաջանում, երբ կոնկրետ խնդրի մասին ասում ենք տեղյակ պահեք՝ կարծում եք, թե գործ տվող կդառնաք»:

Ա. Աշոտյանը փաստեց. «Ուսանողական ինքնակառավարման մակարդակը հետընթաց է ապրում: Պետությունը կարծում է, որ ուսանողական կազմակերպությունները իրենց պետք չեն»:

«Առավոտի» հետ զրույցում պատգամավորը հայտնեց. «Կան ուսանողներ, որոնք սովորում են գիտելիքի համար, մի հատվածն էլ կրթությունը ժամանց կամ կյանքի մի էտապ է համարում: Ժամանակն է, որ պետությունը հստակ ցույց տա ուսանողին, թե լավ գիտելիքը նշանակում է ապահով կյանք, բարեկեցություն»:

Մանկավարժական համալսարանի՝ ուսանողների հարցերով ռեկտորի օգնական Էդգար Հովհաննիսյանն էլ ուսանողական անտեղյակության մասին «Առավոտին» ասաց. «Եթե երիտասարդների մի մասը բուհ է ընդունվում՝ չգիտակցելով, որ պիտի կրթություն ստանա, չգիտի Անկախության, Հաղթանակի եւ այլ ազգային տոներ, ինչպե՞ս իր տոնը հիշի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել