Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՅՈՒՆ ԷԼ ԹԱՓՎԻ՝ ՅՈՒՐԻԿՆ Ա ԱՆՑՆԵԼՈՒ»

Նոյեմբեր 18,2008 00:00

\"\"Ճամբարակի քաղաքապետի ընտրությունների նախօրեին քաղաքի փողոցներում նման հայտարարություններ էին անում գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանի թիմակիցները:

Կիրակի ուշ երեկոյան, նռնակների պայթյունով ու հայհոյախառն գոռում-գոչյուններով իրենց հաղթանակը տոնեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի կողմնակիցները: Այս քաղաքում հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների ժամանակ 2 թեկնածուների՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Յ. Ավալյանի եւ ՀՀԿ անդամ Ռիտա Հովհաննիսյանի ձայների տարբերությունն ընդամենը 23 էր՝ հօգուտ քաղաքապետի, սակայն ընտրակեղծիքների պատճառով առաջացած անճշտությունների թիվն այնքան շատ էր, որ ստիպված եղան ընտրություններն անվավեր համարել եւ նոյեմբերի 16-ին նշանակել վերընտրություն: Ընտրությունների նախօրեին իրավիճակը Ճամբարակում լարված էր այն աստիճան, որ ամեն պահի հնարավոր էր արյուն թափվեր: Բանն այն է, որ ճամբարակցիների մի մասը Ադրբեջանի կողմից գրավված Արծվաշեն գյուղից գաղթածներն են, որոնք, չգիտես ինչու, իրենց առանձնացնում են տեղացիներից ու վերջիններիս հանդեպ խիստ ագրեսիվ են տրամադրված: Ու քանի որ Յ. Ավալյանը նույնպես արծվաշենցի է, ապա համագյուղացիների համար ամեն գնով նրա «աթոռը պահելը» թասիբի հարց էր դարձել: Նրանք ոգեւորվել էին այն աստիճան, որ մեքենաներով շրջում էին քաղաքի փողոցներում ու բղավում. «Արծվաշենցիները «չոքացնելու» են ճամբարակցիներին», կամ՝ «արյուն էլ թափվի՝ Յուրիկն ա անցնելու»:

Ստանալով 506 ձայնի առավելություն, ընտրությունների ավարտից անմիջապես հետո Յ. Ավալյանի կողմնակիցները, մոտ 50 ավտոմեքենաների շարասյունով, Ռ. Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցների հասցեին անվայելուչ արտահայտություններ անելով ու սուլելով՝ անցան նրա շտաբի մոտով: Ուշագրավ է, որ տիկին Հովհաննիսյանի շտաբի հենց հարեւանությամբ գտնվող ոստիկանները վերջիններիս կարգի հրավիրելու փոխարեն՝ նրանց «չեստ» էին տալիս: Տեղեկացանք, որ Ճամբարակի ոստիկանապետ Սերժիկ Քեշիշյանը նույնպես արծվաշենցի է եւ առանց կաշկանդվելու ցույց էր տալիս, որ Յ. Ավալյանի կողմնակիցների խուլիգանական արարքներն իր սրտով են:

Ընտրությունների օրը, առավոտյան, բոլոր տեղամասերի առջեւ մի քանի տասնյակ ոստիկան էր հավաքված եւ հենց նրանց աչքի առաջ ու երբեմն էլ նրանց անմիջական աջակցությամբ, գործող քաղաքապետին սատարող «ակտիվիստները» 1000-5000 դրամով «գնում» էին մարդկանց: Օրվա վերջում, սակայն, 1 ձայնի գինը թանկացավ՝ հասնելով մինչեւ 15 հազար դրամի:

Ճամբարակի ընտրություններն ուշագրավ էին նաեւ հետեւյալ առումով. ձայների հաշվարկի ժամանակ պարզվեց, որ ընտրությանը «մասնակցել» էին նաեւ արտերկրում գտնվող մի քանի տասնյակ քաղաքացիներ ու անգամ հանգուցյալներ: Համոզված լինելով, որ, ասենք, Ռուսաստանում գտնվող ճամբարակցիներն ու մահացածները հաստատ ընտրության չեն գալու, Յ. Ավալյանի թիմակիցները, իրենց հագուստները փոխելով՝ մի քանի անգամ էին գալիս ընտրության եւ բացակաների փոխարեն «պտիչկա» դնում: Երբ այդ գործով զբաղվող մի խումբ երիտասարդների «բռնացրինք» եւ լուսանկարեցինք, նրանցից մեկը՝ Վիգեն Բալյանը, միանգամից հարձակվեց «Առավոտի» թղթակցի վրա եւ փորձեց քաշքշել ու ջարդել լուսանկարչական ապարատը: Անմիջապես նրա «թասիբին» կանգնեց թիվ 23/03 տեղամասի հանձնաժողովի նախագահ Արայիկ Ղազարյանը եւ գոռգոռոցով արգելեց մեզ ընդհանրապես գտնվել տարածքում ու առավել եւս լուսանկարել: «Այ տղա, չափդ ճանաչի, կարող ա՞ գլուխդ քոր ա գալիս»,- վրա տվեց հանձնաժողովի անդամներից մեկը: Ընդհանրապես այս տեղամասում ընտրությունների ամբողջ ընթացքը ուղեկցվում էր հայհոյանքներով ու գոռոցներով: Օրինակ, հանձնաժողովի անդամ Մամիկոն Մակարյանը ընտրատեղամասում սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց դիտորդ Նարինե Սարգսյանի հասցեին ու նույնիսկ փորձեց բռունցքով հարվածել նրան, ինչ է թե՝ դիտորդը համարձակվել էր ընտրացուցակները նայել:

Նկատենք, որ Յ. Ավալյանի թիմակիցների հաշվարկները երբեմն սխալ էին դուրս գալիս: Հաճախ նրանք քվեարկում էին այն մարդկանց փոխարեն, ովքեր քաղաքապետի մյուս թեկնածուի կողմնակիցներն էին եւ վերջիններս, գալով ընտրության, պարզում էին, որ իրենց անվան դիմաց արդեն ստորագրել ու ընտրել են: Այսպիսի դեպքերը զանգվածային բնույթ էին կրում: Օրինակ, երբ թիվ 23/04 տեղամասում ընտրողը աղմուկ էր բարձրացրել, որ իր փոխարեն արդեն ընտրել են, հանձնաժողովի անդամ Ս. Սահակյանը խուճապից ուշաթափվեց եւ նրան սթափեցնելու համար պահանջվեց շտապօգնության միջամտությունը: Իսկ 23/03 տեղամասում էլ ընտրողներից մեկը հայտնաբերեց, որ Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող իր բնակարանում գրանցված է ոմն Մարինե Շուշանյան, որն արդեն ընտրություն էր կատարել:

Ի դեպ, թիվ 23/04 տեղամասում ընտրակեղծիքները կատարվում էին ԿԸՀ անդամ Աբրահամ Բախչագուլյանի եւ ՀՅԴ անդամ Համլետ Աբրահամյանի աչքի առաջ, պարզապես նրանք ընտրախախտումների ժամանակ մեջքով շրջվում էին դեպի հանձնաժողովը՝ իբր թե խոսում են հեռախոսով կամ խիստ զբաղված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել