Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական կառուցողական այցը

Նոյեմբեր 18,2008 00:00

Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Բեռնար Ֆասիեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից անմիջապես հետո հանդիպեցին հայ լրագրողների հետ: Ըստ Մ. Բրայզայի, իրենց այս այցելությունը տարածաշրջան՝ Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան, «կառուցողական» էր, «օգտավետ» ու «հաջողակ», մասնավորապես, այն առումով, որ Մայնդորֆյան հռչակագրից հետո նկատելի է երկու նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի «աճող հարգանքը» միմյանց հանդեպ, վերջիններս «սկսել են գործընթացներին նայել մեկը մյուսի աչքերով»: Մ. Բրայզան ասաց, որ կցանկանար հայտնել, թե արդեն գտնվում են բանակցային գործընթացի ավարտին մոտ, սակայն դա իրականություն չէ: Նաեւ շեշտեց, թե ամենեւին չի համապատասխանում իրականությանն այն, ինչ այսօր շրջանառվում է հայաստանյան մամուլում՝ իբր ամիսներ առաջ պատրաստվել է մի գաղտնի համաձայնագիր, որով Հայաստանը կստանձնի «ոչ թափանցիկ պարտավորություններ»: «Գաղտնի արձանագրություններ չեն կարող լինել»,- վստահեցրեց նա: Կարեւորելով այն հանգամանքը, որ երկու նախագահներն էլ իրենց ստորագրությամբ հաստատել են, որ կա ԼՂ խնդրի կարգավորման միայն մեկ՝ քաղաքական ուղի, այն էլ Մինսկի խմբի միջոցով, Մ. Բրայզան շեշտեց, թե խիստ կարեւոր է, որ կողմերից ոչ մեկը չձեռնարկի այնպիսի քայլեր, որով կվտանգի այն ամենն, ինչին այսօր հասել են եւ դեպի ուր գնում են: Այս համատեքստում նա նշեց Ֆիզուլիում երկու օր առաջ ադրբեջանական կողմից զինադադարի խախտումը, որի արդյունքում զոհ է գրանցվել:

Լրագրողների տարբեր հարցերին, որոնք առնչվում էին ադրբեջանական մամուլում համանախագահների ասածների մասին հնչած այս կամ այն մեկնաբանությանը, եռանախագահները պատասխանեցին, որ Բաքվում ինչի մասին էլ խոսեն՝ Ղարաբաղի, գյուղատնտեսության, պողպատի արտադրության եւ այլն, մեկնաբանությունները միշտ լինում են միակողմանի, բնականաբար, հօգուտ ադրբեջանական կողմի: Համանախագահները նշեցին, որ «Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է իրենց ապահով զգան ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ տնտեսական ճնշումներից»: Հավաստիացրեցին, որ ոչինչ չի արվի առանց ԼՂ-ի համաձայնության: Իսկ իրենք քաջատեղյակ են Ղարաբաղի մոտեցումներին, քանի որ հաճախ են լինում Ստեփանակերտում, եւ, ինչպես նշեց Բ. Ֆասիեն՝ «ոչ միայն թթի օղի խմելու համար, մենք նաեւ աշխատում ենք»:

«Սա ընդամենը զինադադարի վիճակ է, սա կայուն խաղաղությունը չէ, եւ բոլոր կողմերում էլ կան մարդիկ, ում դուր չի գալիս կարգավորման խաղաղ ճանապարհը: Այդպիսի մարդկանց հաղթելու միակ ճանապարհն այս համաձայնագիրը վերջնական հանգրվանին բերելն է»,- նկատեցին համանախագահները, ասելով, որ դրան հասնելու համար կողմերն, ի վերջո, պետք է խիզախ որոշում կայացնեն: Նրանք ասացին, որ չեն կարող ասել, թե երբ կլինի վերջնակետը՝ «Դա ոչ թե մի քանի շաբաթվա կամ ամսվա, այլ ավելի երկարատեւ բանակցությունների կարիք է զգում»: Ու ափսոսանքով նախազգուշացրեցին, որ կարգավորման ճանապարհին կարող են լինել անցանկալի պահեր, որոնք կարող են վատ ազդել, անգամ՝ արգելակել ընթացքը: Նույնիսկ հիշեցին, որ նախկինում, երբ բանակցությունների սեղանին դրված էին այլ տարբերակներ՝ 1997, 1998, 2001թթ.-ին, եղել են նման խոչընդոտներ, եւ ամեն ինչ սկսվել է սկզբից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել