Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակոլորիտով քաղաքապետը»

Նոյեմբեր 18,2008 00:00

Թագադրվեց եւ մեծարվեց Վարդան Ղուկասյանը

Շաբաթ օրը Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ինագուրացիան էր, ավելի ճիշտ՝ մեծարման երեկոն, որին, բացի տեղական նշանակության պաշտոնյաներից (բացառությամբ՝ մարզպետի), ներկա էին նաեւ մայրաքաղաքից ժամանած հյուրեր: Ղուկասյանը երկու ժամ շարունակ իրեն ձոնված դիֆերամբներ լսեց, սակայն ամենից շատ ոգեւորվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքերից, ով նրան «Հայաստանի ամենակոլորիտով քաղաքի ամենակոլորիտով քաղաքապետ» անվանեց: «Կոլորիտով քաղաքապետն» էլ, երանության գիրկն ընկնելով ու առ Աստված աղոթք բարձրացնելով, երդվեց. «Մեծարգո Արթուր Բաղդասարյան, հարգարժան հյուրեր, սիրելի գյումրեցիներ, բոլորիդ խոսքերը ինձ պարտավորեցնող են, երբ որ ինձ ասում են՝ բարով վայելես, հավատացեք՝ դա վայելելու տեղ չէ, դա գիշեր ու ցերեկ քրտնաջան աշխատելու տեղ է, եթե, իհարկե, մարդն եկել է աշխատելու: Կայացան ՏԻՄ ընտրությունները, որոնք եղան առանց կեղծիքի, առանց ալյուր ու կաշառքներ բաժանելու: Եթե մարդիկ կան, որոնք ուզում են էս կարեւորագույն ընտրություններին ինչ-որ պիտակներ կպցնել, չի կպնի, որովհետեւ մերը ի վերուստ է եղել: Խոսք եմ տալիս, որ հաջորդ ընտրություններին իմ հավաքած երեսունհինգ հազար ձայնը քառասուն ու ավելի եմ դարձնելու: Եվ ամենակարեւորը՝ Աստծո կամոք է եղել էդ ամեն ինչը, աստվածային ուժը ես զգացել եմ իմ թիկունքին, եւ Դավիթ Մարգարեի խոսքը, ով ասում է, թե. «Եթե Աստվածն մեծ է, ո՞վ կարող է զիս մենամարտել»: Այսօր մեր ամենամեծ ձեռքբերումներից ամենակարեւորը այն է, որ մասնավորի կողմից հիսուն միլիարդ դրամի շինարարություն է արվել, բացի Երեւանից, Հայաստանի մյուս բոլոր քաղաքներում ու գյուղերում իրար հետ վերցրած մասնավոր էդքան շինարարություն չի արվել, ոնց որ Գյումրիում, դա արդեն քաղաքապետարանի շնորհիվ է, երբ որ ասում են՝ մի ծաղկով գարուն չի գա, լավ էլ կգա, քաղաքապետից շատ բան է կախված: Եթե պետք լինի, կյանքս պատրաստ եմ քաղաքին տալու, որովհետեւ գիտեմ, որ հատուցում կա: Ես լեզվով հավատացյալ չեմ, իմ խոսքը գործով է, 9000 բնակարան բաժանեցի, $50 մեկից կաշառք չվերցրեցի, բոլորդ լավ գիտեք»: Երդման հանդիսավոր արարողությունից հետո մենք քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ստորագրահավաք կազմակերպում թեմի առաջնորդի դեմ եւ ինչո՞ւ է իր եղբոր որդին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակցին դանակահարել: Ստորագրահավաքի կապակցությամբ Ղուկասյանը, անմեղ ձեւանալով, մեղքը գցեց ժողովրդի վրա. «Հավատացեք, ես նմանատիպ բաների հետ ընդհանրապես կապ չունեմ, դա իմ ձեռագիրը չէ, եթե բան ունենամ ասելու՝ ուղիղ ճակատին կասեմ, ումի՞ց պիտի վախենամ կամ քաշվեմ: Հավանական է, որ երեսունհինգ հազար ձայն ունեցող քաղաքապետի ժողովուրդը իհարկե դժգոհ լինի, որ հոգեւոր առաջնորդը զբաղվում է քաղաքականությամբ, կարող է եւ ժողովուրդը իր ձայնը, խոսքը ասի, միգուցե ժողովուրդը իր զայրույթն է հայտնում»,- ժողովրդի անունից հանդես եկավ քաղաքապետը՝ այս թեման շոշափող լրատվական կառույցներին «մեկ-մեկ հատ հոգեկան հիվանդներ» որակելով: Իսկ եղբոր որդու կապակցությամբ քաղաքապետն ասաց, որ դրանք «սադրանքներ են, սարքած բաներ», եւ շտապեց տուժողի փոխարեն ցուցմունք տալ. «Եթե էսօր կա ինչ-որ որոշակի տուժվող ու ճանաչում է իմ եղբոր որդուն, իրար ընկերներ են, ինքը կոնկրետ կգա կասի, որ ըտենց բան չի եղել, ես ճանաչում եմ, եւ էդպիսի մարդ չի եղել, սարքովի բաներ են սրանք, օրը կգա, բարին հետը, կապրենք-կտեսնենք»: Տեղեկացնենք, որ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ, դանակահարությունից հետո քաղաքապետի եղբոր որդին փախուստի մեջ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել