Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 18,2008 00:00

Լոռու մարզի այս քաղաքի կենտրոնը «յուրացրել» է քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը

Հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի Ամրակից գյուղի տարածքում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր եւ Ստեփանավանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Ղարաքեշիշյանի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի «ռազբորկան» առիթ դարձավ, որպեսզի կատարվածից վրդովված ստեփանավանցիները թոթափեն իրենց վախն ու բարձրաձայնեն քաղաքապետի կողմից 2002թ.-ից ի վեր Ստեփանավանում իրականացված ապօրինությունների, վախի մթնոլորտ ստեղծելու, իր մրցակիցների հետ հաշվեհարդար տեսնելու եւ նրա անպատիժ մնալու մասին: Ստեփանավանցիների ասելով՝ իրենք նախկինում վախեցել են խոսել, բայց քաղաքապետի վերջին ընտրություններն ու հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում քաղաքապետն իր զենքից կրակել եւ հրազենային վնասվածքներ էր հասցրել Ստեփանավանի ընտրված երեք ավագանիներին՝ ՀՀԿ անդամներ Արծրուն Հակոբյանին՝ «Բոյով Ալիկ», Արթուր Աղաջանյանին եւ Արմեն Գրիգորյանին, լցրել են իրենց համբերության բաժակը: Ստեփանավանցիներից մի քանիսի մատուցմամբ, քաղաքապետը իր պաշտոնավարության նախորդ երկու ժամկետների ընթացքում հասցրել է «յուրացնել» քաղաքի կենտրոնը, որտեղ նա սեփական մի քանի նոր օբյեկտներ՝ ալրաղաց, գոմեր, հյուրանոց է կառուցել եւ ընդլայնել քաղաքի կենտրոնում իրեն պատկանող հողատարածքների քառակուսի մետրերը:

Այսպես, Ս. Ղարաքեշիշյանը քաղաքապետ ընտրվելու հենց առաջին ժամկետի ընթացքում ստեղծել է «Վերածնունդ» անունով մի հիմնադրամ, որի հաշվեկշռին է փոխանցել քաղաքի ունեցվածքի մի մասը: Օրինակ՝ այդ հիմնադրամին շատ խորհրդանշական գումարով՝ 1,5 մլն դրամով, վաճառել է քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող Հոգեբանական վերականգնողական կենտրոնը՝ իր 4000 քմ տարածքով: Այն, ըստ ստեփանավանցիների, կառուցվել էր երկրաշարժից հետո եւ ծառայում էր որպես երկրաշարժից տուժած երեխաների վերականգնողական կենտրոն: Ժամանակին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարությունը այդ գործող կենտրոնը՝ խաղահրապարակով, մարզասրահով եւ ողջ գույքով հանդերձ, փոխանցել էր Ստեփանավանի քաղաքապետարանին՝ հստակեցնելով, որ այն չպիտի փոխի իր պրոֆիլը: Բայց քաղաքապետի եւ ավագանու որոշմամբ կենտրոնը մի քանի տարի առաջ սնանկ էր ճանաչվել եւ վաճառվել էր «Վերածնունդ» հիմնադրամին: Հիմա այդ կենտրոնը, որպես այդպիսին, բնականաբար, այլեւս գոյություն չունի: Փոխարենը այդտեղ հիմա շինարարություն է ընթանում, իսկ կենտրոնի ունեցած ողջ գույքը քաղաքապետը տեղափոխել է Ստեփանավանի կենտրոնում գործող եւ իրեն պատկանող «Լոռի» հյուրանոց:

Ի դեպ, այս հյուրանոցի շենքն էլ, ստեփանավանցիների ասելով, ժամանակին եղել է քաղաքապետարանի հաշվեկշռում, բայց առատաձեռն քաղաքապետը այն ուղղակի նվիրաբերել էր ինքն իրեն՝ նույն «Վերածնունդ» հիմնադրամին:

«Լոռի» հյուրանոցի հենց կողքին ժամանակին եղել է Ստեփանավանի զինկոմիսարիատը: Քաղաքապետ Ս. Ղարաքեշիշյանը, ով ակնհայտորեն ուզում է իր «օբյեկտները» գլուխ-գլխի հավաքել ու կենտրոնացնել քաղաքի կենտրոնում, Ստեփանավանի ծայրամասում սեփական միջոցներով մի շենք է գնել եւ զինկոմիսարիատը տեղափոխել այնտեղ, իսկ զինկոմիսարիատի նախկին շենքը քաղաքապետարանի բյուջեի հաշվին վերանորոգելուց հետո սեփականաշնորհել է: Ստեփանավանցիներն ասում են, թե «Քոթոն» (քաղաքապետի «փաղաքշական» անունն է) աչքը հիմա էլ դրել է իր «կալվածքի» հարեւանությամբ գտնվող հրշեջ ծառայության՝ շուրջ 1000 քմ տարածքի վրա: «Ու հաստատ իրանով կանի»,- վստահեցրեց քաղաքի բնակիչներից մեկը, ում մատուցմամբ, «Քոթոյի» ունեցվածքի հաշվեկշռում արդեն շուրջ 4-5 հազար քմ հողատարածք կա հե՛նց քաղաքի կենտրոնում:

Երբ մենք Ստեփանավանում էինք, քաղաքապետին պատկանող տարածքներով էքսկուրսիան մեզ հասցրեց մինչեւ Ստեփանավանի նախկին պիոներ պալատի շենք: Շենքը քանդվել էր երկրաշարժի հետեւանքով, բայց այն նախկին քաղաքապետի օրոք վերանորոգելու եւ մշակույթի տուն դարձնելու ծրագրեր են եղել: Դա՝ նախկինում, իսկ ներկայումս քաղաքապետ Ղարաքեշիշյանը այդ պիոներ պալատի շենքը սեփականացրել եւ 4 հարկանի էլիտար շենքի է վերածել: Այն դեռ շահագործման չի հանձնվել, բայց շուտով, թերեւս, կհանձնվի:

Ստեփանավանում հանուն արդարության նաեւ ասում են, թե՝ քաղաքապետը մեկ-մեկ էլ լավություն է անում իր ապօրինությունները պարտակող իրավապահ կառույցների աշխատակիցներին: Օրինակ՝ քաղաքային այգու տարածքի մի զգալի հատված նա հատկացրել է իր «կռիշային»՝ Ստեփանավանի դատախազ Գուրգեն Սաֆարյանին: Հիմա վերջինս այգու տարածքում օբյեկտ է կառուցում, եւ, կարծում ենք, արդեն հասկանալի է, որ այգում կանաչ տարածքի մի զգալի հատված արդեն շինհրապարակի է վերածվել:

Ստեփանավանում մեզ ասացին, թե հայրենի իրավապահները քաղաքապետի ապօրինությունների մասին շատ լավ տեղյակ են: Ավելին, 2007թ. նոյեմբերին, նաեւ այս տարվա ընթացքում մի քանի փաստերի առնչությամբ 4 քրեական գործեր են նախապատրաստվել Լոռու մարզի դատախազությունում, որոնց քննությունը, մեր տեղեկություններով, իրականացնում է ոստիկանության Լոռու քննչական բաժինը: Այդ քրգործերից միայն մեկն է, որ կապված է հոկտեմբերի 24-ի միջադեպի հետ: Մյուս երեք գործերից մեկը վերաբերում է «Լինսի» հիմնադրամի միջոցներով երկրաշարժից տուժած ստեփանավանցիների համար կառուցված բազմաբնակարան շենքերում բնակարանների առյուծի բաժինը քաղաքապետի կողմից վաճառելու դեպքին, մյուսը հարուցվել է քաղաքի վարչական տարածքում գտնվող, բայց «Հայջրմուղկոյուղի» ընկերության հաշվեկշռում եղած անավարտ շինություններից, մաքրման կայանից, պոմպակայանից ջրագծերը «ռասկուլաչիտ» անելու եւ 500-1000 մմ տրամագծով ջրախողովակները յուրացնելու եւ դրանք վաճառելու փաստի առնչությամբ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, այդ խողովակների մի մասը քաղաքապետ Ղարաքեշիշյանը վաճառել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի գյուղապետին: Մյուս քրգործը, որը հարուցվել է եւ 6-7 ամիս դեռ քննվում է, վերաբերում է քաղաքի գերեզմանոցի տարածքում եղած մի կիսակառույց շինության «պանելների» գողության փաստին: Այդ «պանելները», ստեփանավանցիների ասելով, քաղաքապետը օգտագործել է իրեն պատկանող ալրաղացն ու գոմերը կառուցելու ընթացքում:

Ստեփանավանցիների ասելով, միայն մեկ տարվա ընթացքում առանց աճուրդի Ս. Ղարաքեշիշյանը քաղաքապետարանի հաշվեկշռում եղած շուրջ 40 հեկտար տարածք է վաճառել, որից 7-ն, օրինակ, իր մորաքրոջ տղային՝ Կամո Սարգսյանին:

Այս բոլոր եւ ոչ անավարտ պատմությունները ծանր տպավորություն գործեցին մեզ վրա եւ բերեցին այն համոզման, որ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն իր անպատժելիությամբ ու լկտիությամբ ետ չի մնում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյան-«Լիսկայից» եւ հետեւողականորեն փորձում է Ստեփանավանը վերածել սեփական մինի-խանության: Մնում է միայն զարմանալ, թե ինչպես է, որ, ի տարբերություն «Լիսկայի», Ստեփանավանի «Քոթոյի» «հերոսությունները» այսքան ժամանակ մնացել են ստվերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել