Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՍՏԱԿ ԳԾՎԱԾ ԵՆ»

Նոյեմբեր 18,2008 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ ոչ ոք զիջումներից չի խոսում:

– Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ղարաբաղ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց. ոմանք կարծում են՝ անսպասելի այց էր, ուրիշները համոզված են, թե Բակո Սահակյանին եւ ղարաբաղցիներին համոզելու գնաց եւ այլն: Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ նախագահը մեկնեց Ղարաբաղ:

– Մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանը միշտ էլ բավականին հաճախ է լինում Ղարաբաղում: Եվ պաշտպանության նախարար, եւ երկրի վարչապետ եղած ժամանակահատվածում նա պարբերաբար այցելել է Ղարաբաղ, եւ այստեղ որեւէ տարօրինակ բան փնտրելն ուղղակի զարմանալի է:

– Ղարաբաղի խնդրի կարգավորումը, ըստ ոմանց, շատ արագացված է լինելու, իսկ ոմանք էլ կարծում են, որ խնդիրն առաջիկայում դարձյալ չի լուծվելու: Իրականում կա՞ շտապողականություն իշխանությունների կողմից՝ հարցը լուծել արագ եւ ցանկացած ձեւով:

– Իշխանությունները, ՀՀԿ-ն եւ նախագահ Սերժ Սարգսյանը հարցի կարգավորման այս տարիներին շտապողականություն չեն ցուցաբերել եւ ունեցել են մեկ նպատակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծումը: Այդ լուծումը պետք է լինի այնպիսին, որին համաձայն կլինի ԼՂՀ բնակչության գերակշռող մեծամասնությունը: Եվ այստեղ շտապողականության կարիք չկա: Բայց այն, որ Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհին հույս կա, դա էլ փաստ է: Չեմ կարծում, որ այս պահին Արցախի հարցը շուտափույթ եւ արագ լուծում կստանա: Շտապողականությունը մեր շահերից չի բխում, հակառակ դեպքում՝ մենք դա կարող էինք անել տարիներ առաջ: Այսօր մեր ժողովրդի շահերից է բխում, որ ադրբեջանական կողմը, ի վերջո, գիտակցի, որ ԼՂ-ն պետք է լինի անկախ հանրապետություն:

– «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ «Միացում» շարժումը վերջերս մտադիր էին հավաք անցկացնել Էջմիածնում՝ հավաքի թեման դարձյալ Ղարաբաղն էր, սակայն տեղի իշխանությունները դահլիճ չտրամադրեցին պատգամավորին եւ շարժմանը: Պատգամավորը Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված ունի անհանգստություն, իսկ դուք կարծես ավելի հանգիստ եք այս հարցում:

– Ես հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր գործընկերներին եւ նրանց ազգանպաստ գործողություններին, եթե իմ գործընկերների մտահոգությունն անկեղծ է եւ բխում է նրանից, որ իրենք եւս ձգտում են, որ հարցը հայանպաստ լուծում ստանա: Պետք է հանգստացնեմ նրանց, քանի որ սենսացիաներ սարքելու կարիք չկա: Որեւէ մեկը նախագահ Սարգսյանից, հանրապետականներից, ազատամարտիկներից ավելի շահագրգռված չէ, որ Արցախի խնդիրը հայանպաստ լուծում ունենա: Մանավանդ, որեւէ մեկը բանակցային գործընթացներին այնքան ծանոթ չէ, որ մեկնաբանություններ տա: Կարծում եմ, մեզ համար պետք է կարեւոր լինեն երկուսի՝ ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունները: Իսկ նրանք մշտապես հստակ ներկայացրել են հայկական կողմի տեսակետը: Նախագահի վերջին հարցազրույցները եվրոպական լրատվամիջոցներին, նաեւ նրա վերջին հարցազրույցը Արցախում կրկին փաստում են, որ ՀՀ իշխանությունները երբեք չեն գնա միակողմանի զիջումների, եւ հարցը պետք է լուծվի միայն եւ միայն հայանպաստ: Արցախի անկախ հանրապետության գոյությունն արդեն փաստ է, Արցախի ժողովուրդը միջազգային նորմերի շրջանակում արդեն վաղուց ինքնորոշվել է հանրահավաքի միջոցով, եւ այս իրողությունը ուշ թե շուտ աշխարհը կճանաչի: Կուզեի, որ այս հարցերը որեւէ մեկը չփորձեր շահարկել, մանավանդ՝ մտահոգվելու կարիք չկա, եւ լավ կլիներ, որ Արցախի խնդիրը ոմանք հիշեն ոչ թե շահարկելու նպատակով, այլ փորձեն ամեն ինչ անել, որ Հայաստանում եւ Արցախում լինի միասնականության մթնոլորտ: Ի վերջո, սա Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի հարցը չէ, սա ողջ հայության եւ հայ ժողովրդի հարցն է: Մենք միայն պետք է ուրախանանք, որ այս փուլում դիվանագիտական հաջողություններ ենք տանում:

– Վերջերս ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ուղղակի հայտարարեց, որ Աղդամը հայկական հող է, իսկ կոնկրետ հողը ադրբեջանական կողմից հնչող առայժմ միայն խոստումների հետ փոխանակելուն ՀՅԴ-ն դեմ է լինելու:

– Իսկ ե՞րբ է հայկական կողմը խոսել զիջումների մասին, մենք խոսում ենք փոխզիջումների մասին, եւ որպես փորձառու քաղաքական գործիչ, կարծում եմ, պարոն Հովհաննիսյանը շատ լավ գիտի, որ որեւէ պայմանագրի ստորագրում առանց փոխզիջումների չի լինելու: Ինչ վերաբերում է Աղդամին՝ ցանկացած հայի համար կա պատմական հայրենիք, դա Մեծ Հայքն է՝ 300 հազար քառակուսի կիլոմետրով: Բայց ցանկությունները եւ իրականությունը այս դեպքում եւս իրար հետ կապ չունեն: Դժբախտաբար, այդ 300 հազար կիլոմետրի վրա այսօր հայություն չի ապրում: Իսկ քաղաքականությունը ռեալ գիտություն է եւ կոնկրետ փաստեր է սիրում: Այո, եթե նայենք այնպես, ինչպես նայում է պարոն Հովհաննիսյանը, իհարկե՝ Մուշը, Վանը, Էրզրումը բոլորիս հայրենիքն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության մեջ հստակ գծված են նրա սահմանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել