Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 15,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ տասներորդ

ԱՐՏՈՒՅՏԸ

– Էրեկ իրիկուն Ֆիլին թենիսով որ կրեցի, շատ վատ զգաց,- ասացի ես:

– Ինքը կրվել չի սիրում,- ասաց Աշոտը.- սովոր չի:

– Ինձ գրազ կրվեց:

– Գրազը կապ չունի,- ասաց Աշոտը.- գրազ էլ չըլներ՝ վատ էր զգալու:

– Մանավանդ որ՝ իրա կրվելն ահագին մարդ տեսավ:

– Ո՞վ տեսավ,- հարցրեց Աշոտը:

– Պարգեւ ձյաձյան, Սերգեյը, Հովհաննեսը, Հենրիկ Էդոյանը, Ալիկն ու Անահիտ Թոփչյանը:

– Քաշվել ես, Արմո ջան,- ծիծաղեց Աշոտը:

– Խի՞ եմ քաշվել,- զարմացա ես:

– Որովհետեւ Ռուբոն թենիսի գծով էլ ա իրան պրոֆեսիոնալ համարում:

– Բայց ես էլ եմ թենիսի գծով պրոֆեսիոնալ,- ասացի ես.- հինգ տարի թենիս եմ պարապել:

– Կապ չունի,- ասաց Աշոտը.- ինքը կրվել չի սիրում, մանավանդ՝ էդքան մարդու ներկայությամբ:

– Համ էլ՝ գրազով:

– Փաստորեն, ինքը մի օրվա մեջ էրկու գրազ կրվեց:

– Ի՞նչ էրկու գրազ:

– Բա էրեկվա մեր բառախա՞ղը: Էրեկվա խինկալին գրազ չէ՞ր:

– Հա,- ասացի ես.- փաստորեն, ահագին ծախսի տակ ընկավ:

– Ինքը ծախսից վախեցող չի,- ասաց Աշոտը.- ինքը որ կրեր, երեւի ավելի շատ ծախսեր:

– Հաստա՞տ:

– Կարաս չկասկածես,- ասաց Աշոտն ու հարցրեց.- բա ձեր թենիսի գրա՞զն ինչ էր:

– Չորս կիլո մառոժնի:

– Ասում ես՝ շատ է՞ր նեղսրտել:

– Ոնց որ:

– Չորս կիլո մառոժնին իրա համար հեչ բան ա,- ասաց Աշոտը.- ինքը կրվելուց ա վատ զգացել:

– Երեւի:

– Ոչ թե երեւի, այլ՝ հաստատ: Ինքը որ իմ էդ դիտողությունները մինչեւ էսօր հիշում ա, ձեր էդ թենիսը մինչեւ կյանքի վերջ կհիշի:

– Ի՞նչ դիտողություն:

– Իրա էդ պատմվածքի հաշվով:

– Բա ասում ես՝ խորհուրդ ես տվել:

– Խորհուրդն ու դիտողությունը համարյա նույն բանն են,- ասաց Աշոտը:- Չի կարելի խորհուրդ տվողից նեղանալ:

– Նայած թե՝ ինչ տոնով են խորհուրդ տալիս:

– Որ իմանայի էդքան նեղ ացկոտ ա, ոչ մի տոնով էլ խորհուրդ չէի տա:

– Ես ոչ մեկի խորհուրդից չեմ նեղանում,- ասացի ես ու մի քիչ մտածելուց հետո ավելացրի.- մանավանդ՝ գրական խորհուրդներ տվողներից չեմ նեղանում:

– Քեզ գրական խորհուրդներ տվե՞լ են:

– Հա:

– Ո՞վ ա տվել:

– Արշակյանը:

– Ի՞նչ խորհուրդ ա տվել:

– Խորհուրդ ա տվել, որ ամեն օր պարտադիր մի քանի տող բանաստեղծություն գրեմ:

– Ամեն օր գրում ե՞ս,- հարցրեց Աշոտը:

– Հա,- ասացի ես.- ամեն առավոտ գրում եմ:

– Էսօր առավոտ էլ ե՞ս գրել:

– Հա:

– Դրա համար ուշացա՞ր,- ժպտաց Աշոտը:

– Հա,- խոստովանեցի ես:

– Փաստորեն, վաղվանից ռեժիմդ փոխվում ա, Արմո ջան,- ասաց Աշոտը.- վաղվանից երեւի իրկունները կգրես:

– Որ սպանեն՝ իրիկունն ու գիշերը մի տող չեմ կարա գրեմ:

– Փաստորեն, արտույտ ես:

– Ի՞նչ արտույտ,- զարմացա ես:

– Արվեստագետների մի մասն առավոտն ա ստեղծագործում, մյուս մասը՝ գիշերը,- բացատրեց Աշոտն ու ավելացրեց.- առավոտները ստեղծագործողներին արտույտ են ասում:

– Բա գիշերները ստեղծագործողների՞ն ինչ են ասում:

– Բու:

– Ես արտույտ եմ,- խոստովանեցի ես:

– Բա ո՞նց ես անելու:

– Ի՞նչն եմ ոնց անելու:

– Ամենաուշը տասին պիտի գործի ըլնես,- ասաց Աշոտը.- մեր աշխատանքն օրենքով ութ անց կես ա սկսվում, բայց տասին ենք գալիս:

– Ութ անց կես դժվար կըլներ,- ասացի ես:

– Արդեն տարիուկես ա՝ Դարբինյանին համոզել ենք՝ տասին ենք գործի գալիս,- ասաց Աշոտն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- ավելի ճիշտ՝ Վանի՛կը Դարբինյանին համոզեց, որ տասին գանք:

– Վանիկն ո՞վ ա:

– Էլի մեր կուրսեցի ա,- ասաց Աշոտը.- առաջ մեր մոտ լրագրող էր աշխատում, հիմի «Աշխատավորուհում» ա գրում:

– Կարող ա՞ իրա տեղն եմ ընդունվել:

– Չէ,- ասաց Աշոտը.- ես եմ իրա տեղն ընդունվել:

– Ապրի Վանիկը,- ասացի ես.- ութ անց կես շատ դժվար կըլներ:

– Ես որ ընդունվեցի՝ արդեն Վանիկը համոզել էր,- ասաց Աշոտը:

– Տասին շատ հարմար ա,- ասացի ես:

– Որ ճիշտն ուզում ես իմանաս, տասնմեկն ամենահարմարն ա,- ասաց Աշոտը.- մինչեւ զարթնում ես, մինչեւ լվացվում ու հագնվում ես, մինչեւ մի կտոր բան ես ուտում՝ տասն ա դառնում:

– Մեկ ա՝ ութ անց կեսի հետ չես կարա համեմատես,- ասացի ես:

– Պարզ ա,- ասաց Աշոտն ու ժպտալով ավելացրեց.- որ ութին զարթնես, էդ մի քանի տողն էլ երեւի կհասցնես:

– Կորչի՛ պոեզիան,- ծիծաղեցի ես:

– Ըտենց մի ասա,- լրջացավ Աշոտը.- որ իմանամ աշխատելդ ստեղծագործելուդ խանգարելու ա, էս գործիդ գլխին քար կգցեմ:

– Էն քյավառցու անեկդոտի պես ասեցիր,- ծիծաղեցի ես:

– Ի՞նչ անեկդոտ,- հարցրեց Աշոտը:

– Քյավառցին իրա ուսանող տղին նամակ ա ուղարկում, գրում ա՝ թե էդ սովորելը խմելուն խանգարում ա, թող՝ հետ արի Քյավառ:

– Հիմի քոնն ա,- ծիծաղեց Աշոտը.- թե էս աշխատանքը ստեղծագործելուդ խանգարելու ա, իզուր էլ քեզ գործի ենք ընդունում:

– Իմ ստեղծագործելն ընդամենը մի քանի րոպե ա տեւում,- ծիծաղեցի ես.- մի քանի րոպե գրում եմ ու վերջ:

– Հա, ասաց Աշոտը.- արձակի համեմատ՝ բանաստեղծությունը երեւի խաղուպար ա:

– Ավելի շատ կոֆե էփելու վրա եմ ժամանակ կորցնում, քան՝ բանաստեղծության:

– Բա գրելուց առաջ չես մտածո՞ւմ,- զարմացավ Աշոտը:

– Ի՞նչ չեմ մտածում:

– Չես մտածո՞ւմ՝ ինչ պիտի գրես:

– Գրելու պահին ինչ միտքս գալիս ա՝ էդ էլ գրում եմ:

– Հետաքրքիր ա,- ասաց Աշոտն ու ժպտալով հարցրեց.- սուրճն էփելու ժամանակ էլ չես մտածո՞ւմ:

– Մտածում եմ:

– Ի՞նչ ես մտածում:

– Մտածում եմ՝ հանկարծ սուրճը չթափվի,- ծիծաղեցի ես:

– Բանաստեղծության մասին չես մտածո՞ւմ,- ծիծաղեց Աշոտը:

– Բանաստեղծության մասին գրելու վախտ եմ մտածում,- ասացի ես:

– Այսինքն, նախօրոք չես մտածում:

– Որ կարամ գրելու վախտ մտածեմ, էլ խի՞ նախօրոք մտածեմ:

– Այսինքն, ուղեղդ չես ծանրաբեռնում,- ծիծաղեց Աշոտը:

– Հա,- ծիծաղեցի ես.- առանձնապես չեմ ծանրաբեռնում:

– Հումորից վատ չես,- ժպտաց Աշոտը:

– Լրիվ լուրջ եմ ասում:

– Ինչքան չըլնի՝ Սերգոյի ընկերն ես:

– Սերգոյի ընկերն եմ, բայց լրիվ լուրջ եմ ասում:

– Արշակյանն ուրիշ խորհուրդ չի տվե՞լ,- ժպտալով հարցրեց Աշոտը:

– Տվել ա:

– Ուրիշ ի՞նչ խորհուրդ ա տվել:

– Ասել ա, որ գրական միջավայրում ժարգոնով չխոսամ:

– Բա խի՞ ես խոսում,- ժպտաց Աշոտը:

– Գրական միջավայրում չեմ խոսում:

– Ես գրական միջավայր չե՞մ,- ծիծաղեց Աշոտը:

– Որ էդ կիսատ պատմվածքդ ավարտես, նոր կդառնաս գրական միջավայր,- ծիծաղեցի ես:

– Արձակը շատ ծանր գործ ա,- հոգոց հանեց Աշոտը:

– Բանաստեղծության հետ չես համեմատի,- ասացի ես:

– Չգիտեմ,- ասաց Աշոտը.- բանաստեղծություն գրած չկամ:

Ինքներդ եք վկա, որ ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց էս ներկա ժամանակից ու իմ առօրյա հոգսերից կտրվելով՝ վերադառնալ անցած դարի յոթանասունվեց թվական եւ «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթի խմբագրություն, եւ էս դժվարությունը չափազանց բնական ու չափազանց տրամաբանական էր, որովհետեւ ներկա ժամանակիցդ կտրվելու եւ անցյալիդ մեջ կենտրոնանալու ու անցյալդ վերապրելու չափազանց մեծ ընդունակություն պիտի ունենաս, որպեսզի ինքդ քո եւ ուրիշների ասածներն ու արածները գոնե մոտավորապես վերապրես ու վերականգնես, էլ չեմ ասում, որ էս շարունակական վերադարձներդ գոնե էնքան բնական ու իրական պիտի լինեն, որ չխրտնեցնեն առնվազն նրանց՝ ում հիշում եւ ում ասածներն ու արածները գրում ես, եւ հատկապես իմ ու իմ էս վեպի դեպքում են էս ասածներս կարեւոր, որովհետեւ առաջ էլ ու հիմա էլ էս վեպիս հիմնական հերոսները եղել ու մնում են նրանք՝ ում ասածներն ու մանավանդ չասածները, արածներն ու մանավանդ չարածներն էսպես անընդհատ հիշելով՝ պատմում ու գրում եմ, եւ քանի որ իմ բախտից էդ մարդիկ բավական շատ են, ընթերցողներս էլ առանձնապես քչություն չեն անում, բայց հերոսներիս շատությունն ապահովում եմ ո՛չ թե ընթերցողներիս թիվը բարելավելու նպատակով, այլ էն պարզ պատճառով, որ էդ մարդիկ իսկապես հերոսներ են, եւ չնայած նրանցից ոմանք իսկապես հերոսի մահով զոհվեցին, ապրողներն ու շարունակվողներն էլ պակաս հերոս չեն, եւ առավել հերոս են նրանք՝ ովքեր էս անվերջանալի գրությունս մեծահոգաբար հանդուրժում են, եւ էս հանդուրժողներից էլ առավել հերոս են նրանք՝ ովքեր էս անվերջանալիս ոչ միայն հանդուրժում, այլեւ ժամանակ առ ժամանակ աչքի են անցկացնում՝ համբերությամբ սպասելով ու հուսալով, որ երբեւէ իրենց էլ կանդրադառնամ կամ վերստին կվերադառնամ, եւ ամենակարեւորն էն է, որ ինքս էլ եմ հասկանում, որ էդ բոլորին չանդրադառնալու ու չվերադառնալու իրավունք չունեմ, որովհետեւ էդ բոլորը ոչ թե պարզապես գրական արժանի ու արժանավոր հերոսներ են, այլեւ՝ միանգամայն իսկական հերոսներ, որովհետեւ նրանցից շատերն ինձանից ավելի հերոսաբար են դիմանում ու դիմադրում էս ամենին՝ որ պայմանականորեն ու սովորույթի ուժով դեռեւս կյանք ենք անվանում, եւ էս պայմանական անվանումը հավասարապես տարածվում է ինչպես ներկայի, այնպես էլ անցյալի վրա, ընդ որում՝ ոչ միայն ի՛մ ներկայի ու անցյալի վրա է տարածվում, այլեւ՝ բոլորի, ու հատկապես եւ առանձնապես իմ ու բոլորի անցյալի՛ վրա է տարածվում, որովհետեւ մինչեւ աչքդ թարթում ես՝ ներկադ ակնթարթորեն անցյալ է դառնում, եւ հատկապես ու առանձնապես ի՛մ ներկան է ակնթարթորեն անցյալ դառնում՝ հերոսներով ու հերոսուհիներով լեփլեցուն անցյալ, եւ չնայած էսօր բոլորն իրար դավաճան են հանում ու բոլորն իրար դավաճանության մեջ են մեղադրում, ինձ հանդիպած անխտիր բոլորը հերոսներ են եղել, եւ էս ասածս վերաբերում է բացառապես նրանց՝ ում հետ իմ բաժին ժամանակի եւ տարածության մեջ շփվել ու մտերմություն եմ արել, ու ես էլ, կարծում եմ, բացառություն չեմ, եւ եթե որեւէ ուրիշն էս անվերջանալին գրելու պարտավորությունը ստանձնած լիներ, պիտի ստիպված լիներ ինձ էլ իբրեւ հերոսի անդրադառնալ, որովհետեւ, չնայած բոլորից շատ եմ գրում, բայց էնքան չեմ մեծամտացել, որ մտածեմ՝ բացառություն եմ. այսինքն, ստիպված եմ մտածել ու խոստովանել, որ ինքս էլ եմ հերոս, եւ էսպես մտածելուս նպաստում է նաեւ ազգային ու ավանդական մտածողությունս, այն է՝ մեռածների մասին կամ լավ, կամ՝ ոչինչ. այսինքն, ես ու ճանաչածներս ոչ միայն ընդամենը հերոսներ ենք, այլեւ՝ լիարժեք ու վերջնական մեռյալներ, որովհետեւ անխտիր բոլորս միայն ու միայն անցյալի մեջ ենք ու անցյալին ենք պատկանում, քանզի ներկա կոչվածը նույնպես անցյալի սեփականությունն է, եւ չնայած էս թեմայով մի անգամ արդեն խոսել ու թեթեւակի փիլիսոփայել եմ, այդուհանդերձ, կրկնելուց ու կրկնվելուց չեմ հոգնում ու չեմ վախենում, որովհետեւ մեր էս մինուճար կյանքում ավելի սարսափելի բաներ կան, եւ էդ սարսափելիներից ամենասարսափելին էն է, որ աչքդ չթարթած՝ ներկադ իսկապես ու վերջնականապես անցյալ է դառնում, եւ չնայած ներկան ու ակնթարթը երբեմն դարից երկար տեւելով՝ մեզ երբեմն-երբեմն գայթակղում ու հակառակն են փորձում ապացուցել, այդուհանդերձ, էս քաղցր ու շարունակվող ինքնախաբեությունը դեռեւս պայմանականորեն կյանք ենք անվանում եւ Ոդիսեւսի պես անվերջ ու շարունակաբար ճգնում ենք վերադառնալ եւ ապրել մեր էդ սակավաթիվ ակնթարթները, բայց ինչքան էլ վերադառնանք ու ապրենք, էդ ապրածն էնքան արագ ու ակնթարթորեն է անցյալ դառնում, որ չենք հասցնում մարդավարի ընկալել ու վայելել, եւ քանի որ ամեն ինչ ակնթարթորեն ու տարերայնորեն անցյալ է դառնում, եւ քանի որ ինքս էն սակավաթիվ դժբախտներից եմ, որ վերջնականապես եմ հասկացել եւ ինքս ինձ համար պարզել էս անցանկալի հանգամանքը, արդեն բնականաբար ու ճարահատյալ սկսում եմ նույնացնել երեսունմեկ տարի առաջ եւ ընդամենը մի քանի վայրկյան առաջ տեղի ունեցածը, ավելի ստույգ՝ երեսունմեկ տարի առաջ տեղի ունեցածն ու մի քանի վայրկյան առաջ տեղի ունեցածը ոչ թե բովանդակային, այլ ընդամենը ժամանակային առումով եմ նույնացնում, եւ եթե էս պահին կոնկրետ երեսունմեկ եմ ասում եւ ոչ թե՝ քսանհինգ կամ, ասենք, քառասուն, դրա պատճառն ընդամենն էն է, որ կյանքս եւ անցյալս պատմելով՝ հասել եմ յոթանասունվեց թվական ու «Ապագա բժիշկ», բայց կյանքս հերթականորեն պատմելով՝ էդ ընթացքում ահագին այսուայն կողմ շեղվեցի, եւ միակ ու հիմնական արդարացումս էն է, որ էդ բոլոր անհարկի կամ անհրաժեշտ շեղումներս բացառապես վերաբերել են իմ կյանքին, եւ, կարելի է ասել, ինչ-որ չափով նաեւ ձեր կյանքին են վերաբերել, եւ էդ շեղումներս էլ ոչ միայն իմ, այլեւ ինչ-որ չափով նաեւ ձեր մեղքով են տեղի ունեցել, որովհետեւ շեղող հանգամանքներն ու շեղող մարդիկ չափազանց շատ են, մինչդեռ չշեղող մարդիկ ու չշեղող հանգամանքներ ընդհանրապես չկան ու գոյություն չունեն, եւ սա չափազանց բնական է, եւ եթե ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ իմ յոթանասունվեց թվական ու «Ապագա բժիշկ», ընդամենն իմ կյանքին եմ վերադառնում, որովհետեւ իմ յոթանասունվեց թվական վերադառնալով՝ նույնիսկ Ախալքալաքցի Աշոտի կյանքին չեմ անդրադառնում, այլ միայն՝ իմ, քանի որ հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթին ոչ թե Աշոտն էր առաջին անգամ աշխատանքի ընդունվում, այլ՝ ես, եւ չնայած մինչ այդ երկու անգամ իմ դիմումի համաձայն աշխատանքի ընդունվել ու իմ դիմումի համաձայն էլ աշխատանքից ազատվել էի, էդ երկու կարճատեւ դեպքերն իմ աշխատանքային կենսագրության մեջ չեմ կարող ընդգրկել, որովհետեւ երկու դեպքում էլ աշխատելուս ցանկությունն ու նպատակն ինքնաբուխ չէին, եւ եթե յոթանասունմեկին Ամոյի գյուղում մի ամիս Ժիրոյի հետ շինարարությունում աշխատեցի՝ որ Ժիրոյի հետ ծովափ մեկնելու փողը ծնողներիցս չուզեմ, ապա յոթանասունչորսին համարյա մի տարի Լենուղի սովխոզում հայոց լեզվի ու գրականության դասատու աշխատելս բանակից խուսափելու մի անհաջող փորձ էր, որովհետեւ Ամոյի գյուղում մի ամիս եւ Լենուղի սովխոզում համարյա մի տարի աշխատելով՝ ես վերջնականապես համոզվեցի, որ շինարարության ու մանկավարժության բնագավառներում միանգամայն անպիտան ու ավելորդ մարդ եմ, եւ չնայած յոթանասունվեցի օգոստոսի տասնյոթի էդ իրիկուն էլ զգում էի, որ լրագրության բնագավառում եմ անպիտան ու ավելորդ, այդուհանդերձ, ես երազում էի «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթում աշխատանքի ընդունվել, որովհետեւ ես արդեն վերջնականապես էի համոզվել, որ եթե որոշել եմ ապրել, պիտի անպայման մի տեղ աշխատեմ ու աշխատավարձ ստանամ, եւ երբ արդեն էդ մի երազանքս իրականություն էր դարձել, Ախալքալաքցի Աշոտի հետ աշխատանքի ընդունվելս նշելով՝ արդեն զգում ու հասկանում էի, որ լրագրության բնագավառում էլ եմ միանգամայն ավելորդ, եւ էդ բանը զգալով ու հասկանալով՝ արդեն ներքուստ ավելի անհանգիստ էի, քան՝ նույնիսկ աշխատանքի ընդունվելուցս առաջ, որովհետեւ էդ պահի դրությամբ դեռեւս չգիտեի, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելու համար էլ են մարդկանց վճարում, ու էս ասածս հիմա եմ միայն հասկանում, որովհետեւ հիմա արդեն գիտեմ, որ Աշոտի շնորհիվ աշխատանքի ընդունվելով՝ ընդամենը վեց թե յոթ ամիս «Ապագա բժիշկ» բազմատիրաժում մնացի, եւ արդեն գիտեմ, որ էդ «Ապագա բժիշկ» ընդունվելուցս վեց թե յոթ ամիս անց Տաթեւիկի շնորհիվ արդեն «Ծիծեռնակում» էի եւ արդեն մանկական ոտանավորների համար էի աշխատավարձ ու հոնորար ստանում, բայց հետագա էդ պահերի դրությամբ էլ էի անտեղյակ, որ ծնվել ու ապրում եմ մի երկրում, ուր մարդիկ ու հատկապես բանաստեղծները ոչինչ չանելու համար վարձատրվում էին եւ, կարող եմ ասել, էնքան էլ վատ չէին վարձատրվում, եւ վստահաբար կարող եմ վկայել, որ հատկապես բանաստեղծներն էին լավ վարձատրվում, բայց էս հանգամանքներից հատկապես յոթանասունվեցի օգոստոսի տասնյոթին էի անտեղյակ՝ երբ Ախալքալաքցի Աշոտի հետ աշխատանքի ընդունվելս էինք շամպայնով նշում, եւ հետագա բոլոր հանգամանքներից, իրադարձություններից ու իրադրություններից անտեղյակ՝ ես էդ իրիկուն անասելի հուզված էի, հասկանալով ու կանխազգալով, որ հատկապես լրագրության ասպարեզում եմ անպիտան ու ավելորդ, որովհետեւ էդ պահին դեռեւս չգիտեի, որ ընդամենը մի շաբաթ անց լրագրողական պարտականություններս ճարպկորեն գցելու եմ Անոյի վրա ու իր փոխարեն սրբագրության ու տպարանի գործերն եմ ստանձնելու, ու նաեւ չգիտեի, որ էդ հարցում էլ է Ախալքալաքցի Աշոտն ինձ աջակցելու, որովհետեւ, առաջ ընկնելով ասեմ, որ հանրակացարանի մասին էդ ամենաառաջին հոդվածս Դարբինյանին շատ էլ դուր էր եկել, եւ չնայած Դարբինյանն ինձ հավատացնում էր, որ լրագրության ասպարեզում հաջողությունս ապահովված է, Աշոտն, այնուամենայնիվ, Դարբինյանին առանց մեծ դժվարությունների համոզեց, իսկ Անոյին համոզելու կարիք չկար, որովհետեւ Անոն իսկապես հոգնել էր սրբագրությունից ու տպարան վազվզելուց, եւ Բասենցյանին համոզելու կարիք էլ չառաջացավ, որովհետեւ Բասենցյանն ու Անոն բոլոր հարցերում էին իրար ընդառաջում, եւ, բացի այդ, չնայած Բասենցյանն էլ էր էդ առաջին ու միակ հոդվածս հավանել, այդուհանդերձ, էդ հոդվածիս մասին իր վերջնական կարծիքն անձամբ Աշոտին էր ասել, որովհետեւ էդ հոդվածիս մասին իր վերջնական կարծիքը որոշակիորեն նաեւ Աշոտին էր վերաբերում, եւ էդ հոդվածիս մասին իր վերջնական կարծիքն Աշոտին առանձին հայտնելով՝ ասել էր՝ «մեկ է՝ ոչ մեկդ Վանիկ չեք դառնա», եւ չնայած իր էդ վերջնական կարծիքը Բասենցյանն Աշոտին իմ բացակայությամբ էր ասել, եւ չնայած իր էդ վերջնական կարծիքն Աշոտից իմացա, այդուհանդերձ, տոհմիկ գյումրեցի Ռաիսա Բասենցյանի էդ վերջնական կարծիքն ինձ վրա միանգամայն դրականորեն ազդեց՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ հոդվածիցս հետո էլ էի լրագրության համար ինձ անպիտան համարում, այլեւ էն պատճառով, որ էդ հոդվածիցս հետո էլ սրբագրությունն ու տպարանի գործերն ինձ համար առավել պատկերացնելի ու սրտամոտ էին, քան՝ լրագրողական աշխատանքը, եւ առաջ ընկնելով ասեմ, որ առ էսօր լրագրողական որեւէ հոդված գրած չկամ, եւ ավելի առաջ ընկնելով ասեմ, որ չնայած կյանքումս երկրորդ հոդվածը չգրեցի, շատերն ինձ մեծահոգաբար լրագրող են համարում, եւ հատկապես բուքմեյքերականի տղերքն են ինձ լրագրող համարում, որովհետեւ շաբաթը մեկ լուսանկարս «Առավոտի» մեջ են տեսնում, եւ եթե մարդիկ ինձ լրագրող են համարում, հո չե՞մ կարող հակաճառել ու ասել՝ ես արձակագիր եմ, եւ եթե էսքան արձակից հետո ուրիշներն ինձ բանաստեղծ են համարում, հո չե՞մ կարող հակաճառել ու ասել՝ ես բանաստեղծ չեմ, մանավանդ որ՝ էսքան ապրելուց հետո հասկացել եմ, որ ես ոչ թե նա եմ՝ ով եղել է ու կա, այլ նա եմ՝ ով ուրիշների տպավորության ու պատկերացումների մեջ է եղել ու շարունակվում, եւ էս ասածս իսկապես ցավալի է եւ ցավալի է նույնիսկ էն դեպքերում, երբ ուրիշների տպավորության ու պատկերացումների մեջ առավել արժանավոր եմ ներկայանում, քան՝ իրականում կամ, որովհետեւ մարդ արարածն ի վիճակի է միայն ինքը իրեն նայել ու տեսնել, եւ եթե երբեմն-երբեմն ուրիշներին էլ է հիշում ու տեսնում, էդ ուրիշներին միայն ու միայն իր ցանկությամբ ու իր ուզած պահին է հիշում ու տեսնում, ընդ որում՝ էդ ուրիշին տեսնում է հիմնականում ի՛ր պատկերով ու նմանությամբ, եւ էդ է պատճառը, որ Ախալքալաքցի Աշոտին եւ ուրիշներին էսքան հիշելով ու աչքիս առաջ ունենալով՝ չեմ կարողանում տեւականորեն իրենց վրա կենտրոնանալ, որովհետեւ իրենց շուրջ թեթեւակի կանգառներ կատարելով՝ վերստին չեմ հաջողացնում իրենց ներաշխարհն ու իրենց խորքերը թափանցել, եւ սա էլ է բնական ու ինչ-որ չափով արդարացի, որովհետեւ իրենք էլ շարունակ ինձ նայելով՝ ինձ են չտեսնելու տալիս, եւ մեր էս համատարած ու փոխադարձ չտեսնելու տալը հիմնականում արդարացված է, որովհետեւ մեր ներսերում ահավորն ու սարսափելին ավելի շատ են, քան՝ տեսարժանն ու դիտարժանը, եւ սա արդեն վերջնական ու հաստատ եմ ասում, որովհետեւ, Ախալքալաքցի Աշոտի եւ ուրիշների հոգիների խորքերը երբեւէ թափանցած չկամ, մինչդեռ իմ հոգու խորքերում բազմիցս եմ եղել ու տեւականորեն ֆռֆռացել եւ չեմ կարող վկայել, թե՝ էնտեղ առանձնապես դիտարժան ու տեսարժան բաներ կան, բայց ահավոր ու անհասկանալի բաներ՝ ինչքան ասես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել