Լրահոս
Օրվա լրահոսը

Մահակը՝ մեղադրանքի հիմքում

Նոյեմբեր 15,2008 00:00

Փաստաբան Հովիկ Արսենյանի կարծիքով՝ մեր իշխանությունները բոլոր ոստիկաններին դարձրել են «իրեղեն ապացույց»:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումներից հետո մեղադրյալ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի շահերի պաշտպանները՝ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Հովիկ Արսենյանը հրապարակեցին պաշտպանական ճառը, որում ներկայացրին, թե ինչ հանգամանքներում են իրենց պաշտպանյալին «չեզոքացրել» իշխանությունները: Նախավերջին դատալսման ժամանակ մեղադրող Հովսեփ Սարգսյանը արցախյան պատերազմի մասնակից, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Ս. Այվազյանի համար պահանջել է 2,5 տարի ազատազրկում՝ իշխանության ներկայացուցչին դիմադրելու (ՔՕ 316 հոդված) եւ «սառը» զենք՝ մահակ ունենալու համար (ՔՕ 235 հոդված): Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ս. Այվազյանին ընկերների՝ Արտակ Սիսակյանի եւ Վարդան Կիրակոսյանի հետ «6»-ի ջոկատայինները բերման են ենթարկել՝ կասկածելով, որ Ս. Այվազյանը ապօրինի զենք է կրում: Սակայն պարզվել է, որ նախկին նախարարի մոտ հայտնաբերված զենքը օրինական է: Ըստ պաշտպանների, այն, ինչ արվել է Ս. Այվազյանի նկատմամբ՝ շինծու է եւ ապօրինի: «Երբ տեսել են, որ Այվազյանի զենքերը օրինական են, տասը ժամ ապօրինի պահել են անազատության մեջ, մինչեւ կազմել են մեղադրանքը, համաձայն որի՝ Ս. Այվազյանը բռնություն է գործադրել երեք ոստիկանների նկատմամբ»,- ասաց Ե. Վարոսյանը: Պաշտպանների գնահատմամբ, ոստիկանների տված ցուցմունքները անբավարար են եւ չեն կարող հիմք հանդիսանալ նախկին նախարարին դատապարտելու համար: Անդրադառնալով վկաների ու միակ տուժող ճանաչված ոստիկան Կարեն Հովսեփյանի տված ցուցմունքներին, պաշտպանները հայտարարեցին, որ նույնիսկ այդ հակասական վկայություններով է հիմնավորվում իրենց պաշտպանյալի անմեղությունը: Կ. Հովսեփյանը, որն, ի դեպ, երեկ դատարանում էր եւ ասաց, որ ասելիք ու որեւէ պահանջ չունի, չի կարողացել հիմնավորել, թե ինչու եւ ում հրահանգով են Ս. Այվազյանին Հետազոտությունների ազգային ՊՈԱԿ տարել, ընդամենը ասել է՝ մեր բարոյական պարտավորությունն ենք արել: Մահակի համար էլ պաշտպաններն ասացին, որ Ս. Այվազյանը մահակ չի կրել եւ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ Այվազյանը նախապես հայտարարել է, որ մահակն իր մեքենայից են հայտնաբերել: Սակայն ոստիկանները համոզել են, թե ոչինչ էլ չի լինի, եթե ասի, որ մահակը ձեռքին է եղել, արդյունքում՝ Ս. Այվազյանը ցուցմունքը փոխել է: «Չեն կարող մեղադրանքի հիմքում դրվել այն փաստերը, որոնք ձեռք են բերվել ապօրինությամբ, սպառնալիքներով: Հետեւաբար, պետք է դատարանը արդարացման վճիռ կայացնի եւ Ս. Այվազյանին դատարանից ազատ արձակի»,- դիմելով նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանին՝ ասաց Լ. Սահակյանը: Երեկվա դատին ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել