Լրահոս
Օրվա լրահոսը

Բնագիտությունը անկում է ապրում

Նոյեմբեր 15,2008 00:00

Երեկ Ավան համայնքում գտնվող ԵՊՀ մասնաշենքում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ» խորագրով երկօրյա գիտաժողովը: Նախաձեռնությունը «Բնագետ» հանդեսինն է, ինչի նպատակն է վեր հանել այս բնագավառում գոյություն ունեցող հիմնախնդիրները եւ համապատասխան փաթեթով ներկայացնել կառավարություն: ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նկատեց. «Բնագիտական առարկաների նկատմամբ կա անուշադրություն, այս առարկաների գծով ֆակուլտետներում նկատվում է դիմորդների հոսքի անկում: Սակայն այս միտումը միայն Հայաստանին բնորոշ չէ, այդպիսի խնդիրներ կան նաեւ այլ երկրներում: Այն չի կարող չմտահոգել կրթական եւ գիտական հանրությանը, քանի որ կրթությունը սերտորեն կապված է գիտության հետ»: «Բնագետ» հանդեսի տնօրեն Կամո Աթայանն էլ նկատեց. «Բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառն այն է, որ դպրոցները մասնագիտական կողմնորոշման առումով լուրջ քայլեր չեն անում, կամ այն, որ աշակերտները տեսնում են, թե, օրինակ՝ քիմիկոսը կամ ինժեները որքան ցածր են վարձատրվում»:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, մաթեմատիկոս Ռուբեն Սարգսյանի զեկուցումը վերաբերում էր ուսուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառմանը: «Հսկայական քանակությամբ համակարգիչներ կան եւ դպրոցներում, եւ բուհերում, եւ բոլորի տներում, սակայն դրանք օգտագործում են ոչ թե ուսուցման, այլ խաղերի, տպագրական աշխատանքների համար: Այնինչ՝ կրթական հաստատություններում պիտի կիրառվեն հատուկ ուսումնական ծրագրեր, որպեսզի, օրինակ՝ քիմիա առարկայի փորձեր, մաթեմատիկական ծրագրեր կատարվեն այդ գործիքով»,- նշեց պարոն Սարգսյանը:

Երեւանի պետական բժշկական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լիդա Սահակյանն էլ մտահոգված է լաբորատոր պայմանների խայտառակ վիճակով. «Դպրոցական լաբորատորիաները ծայրահեղ աղքատ են: Ժամանակն է, որ թղթային քիմիայից անցում կատարվի դեպի էքսպերիմենտալի, մինչդեռ մեր դպրոցական լաբորատորիաները աննյութ վիճակում են»:

«Ուսում» հանրակրթական դպրոցի ուսուցչուհի Աննա Սմբատյանն ասաց. «Դասագրքեր ստեղծելիս չեն պահպանվել միջառարկայական կապերը: Օրինակ՝ ես դասավանդում եմ 5-րդ դասարանի «Բնագիտություն» դասագրքով: Այնտեղ քիմիայի ներածություն բաժնում տրվում է նյութի խտություն, դրական, բացասական թվեր, ինչի մասին երեխաները դեռ չգիտեն: Ուստի, առանց հասկանալու, աշակերտները ստիպված անգիր են անում դասը»: Գավառի Կարմիր գյուղի թիվ 1 դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարինե Գափոյանն էլ նեղսրտեց. «Բնագիտություն» դասագրքում խոսվում է ծավալի, տասնորդական կոտորակների մասին, որոնցից երեխաները անտեղյակ են: Ստիպված նախ մաթեմատիկա եմ բացատրում նրանց, հետո անցնում բնագիտությանը, ինչի պատճառով էլ հաճախ ծրագրից հետ ենք ընկնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել