Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 15,2008 00:00

Դպրոցին նայենք օժանդակող աչքով

«Որպես դպրոցում նախկինում աշխատած ուսուցիչ, ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը՝ դադարեցնել դրամահավաքությունը դպրոցներում եւ ինչպե՞ս եք գնահատում, որ կրթության ոլորտի պատասխանատուները դպրոցից դպրոց ընկած՝ փորձում են «բռնել» դրամահավաքությամբ զբաղվողներին: Մեր տեղեկություններով, շատ դպրոցների ուսուցիչներ ուղղակի վիրավորված են այս մոտեցումից», «Առավոտի» այդ հարցին ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Ինքս դպրոցի խնդիրներին քաջատեղյակ մարդ եմ եւ, անկեղծ ասած, ողջունում եմ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ պետք է դադարեցնել եւ վերացնել դպրոցներում տեղի ունեցող դրամահավաքները, նաեւ բարձր եմ գնահատում կրթության եւ գիտության նախարարի հետեւողական վերաբերմունքը այս հարցում: Իսկապես, այստեղ կան խնդիրներ, բայց դրա հետ մեկտեղ, ես չէի ուզենա, որ որեւէ մանկավարժ վիրավորված զգար: Վստահ եմ, յուրաքանչյուր մանկավարժ անում է հնարավորը՝ սերնդի դաստիարակման գործում: Չմոռանանք, որ մենք շատ դժվար տարիներ ենք անցկացրել, չնչին, գրեթե չեղած աշխատավարձով կարողացել ենք պահել դպրոցը եւ այն դարձրել պետության համար ամուր հենարան: Այսօր գաղտնիք չէ, որ ծնողների կողմից կան դժգոհություններ, որոնք էլ տեղիք են տվել, որ երկրի նախագահը խոսի դպրոցներում առկա թերությունների մասին: Նմանատիպ թերությունները կարելի է վերացնել՝ երբ մենք փորձենք դպրոցին նայել օժանդակող աչքով: Նկատի ունեմ, որ մանկավարժների աշխատավարձերի բարձրացումը դեռ չի նշանակում, որ մենք լուծել ենք դպրոցի խնդիրները: Դպրոցները շահույթ չհետապնդող հիմնարկներ են, եւ աշակերտների թվով գումարի տրամադրումը հնարավորություն չի տալիս հոգալու առկա խնդիրները, դրա համար էլ հարկ է եղել դիմել ծնողին, իհարկե՝ կամավորության սկզբունքից ելնելով: Կարեւորում եմ այն, որ տեղ գտած թերությունը վերացնելու համար բյուջեում գումար է նախատեսվել դպրոցների լրացուցիչ ծախսերի համար»:

Մ. Ե.

Մեր ժամանակների հերոս չունենք

«Եթե մեր սերունդը դաստիարակվում էր պատերազմի հերոսներով, ապա այժմյան երիտասարդությունը՝ արգենտինական, բրազիլական սերիալներով: Դրանք հանցագործություն են այն առումով, որ այդ ֆիլմերի հիմնական կերպարը ամեն ինչի ընդունակ կինն է, ու ոչնչություն տղամարդը: Նոր սերունդը, փաստորեն, հերոս չունի»,- «Տեսակետ» ակումբում երեկ այսպիսի մտահոգություն հայտնեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 6-8-ը իր ղեկավարած՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնը Բեյրութում հյուրախաղերով հանդես է եկել «Հացթուխի կինը» ներկայացմամբ:

Այնուհետեւ ռեժիսորն անդրադարձավ իր նոր՝ «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմին: Նկարահանումները ընթացել են Գյումրիում եւ Լաչինում: Գլխավոր դերերում են՝ Անահիտ Քոչարյանը եւ Գուժ Մանուկյանը: Պրեմիերան տեղի է ունեցել Գյումրիում, ցուցադրվել է նաեւ «Մոսկվա» կինոթատրոնում: «Ես ֆիլմեր եմ նկարահանում ոչ թե մրցանակների, այլ ժողովրդի համար: Իմ ֆիլմերը հայի մասին են: «Տխուր փողոցի լուսաբացը» ղարաբաղյան պատերազմի եւ մեր հաղթանակի մասին է: Ողջ ֆիլմում ընդամենը մեկ կրակոց կա: Դա նշանակում է, որ ես ղարաբաղյան պատերազմը լուծել եմ ոչ թե կրակոցով, այլ մարդկային հոգեբանական պատերազմով»,- նշեց Ա. Մկրտչյանը եւ խոսեց հայաստանյան կինեմատոգրաֆիայում գոյություն ունեցող հիմնախնդիրներից: «Տեխնիկա, ռեժիսորական, օպերատորական, ադմինիստրատիվ պրոֆեսիոնալ երկրորդ խումբ ներկայումս գոյություն չունի: «Հայֆիլմը» վաճառելուց հետո նրանց բոլորին ազատեցին»,- փաստեց նա: Խոսելով սերիալներից՝ կինոռեժիսորը նկատեց. «Այն, որ դրանք իջեցնում են հանդիսատեսի ճաշակը՝ պարզ է, իսկ թե ինչու են շարունակում ցուցադրել, ա՛յ դա արդեն պարզ չէ»:

Տ. Հ.

Մարդու եւ բեմադրիչի 85-ամյակը

Նոյեմբերի 14-ին լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 85-ամյակը: Այդ առիթով Կոմիտասի անվան այգու պանթեոնում ռեժիսորի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նրա արվեստագետ ընկերները, բարեկամներն ու հարազատները: «Ես Հրաչյա Ղափլանյանի ամենակրտսեր ուսանողներից մեկն եմ: 1984-ին, երբ ընդունվեցի գեղարվեստաթատերական ինստիտուտ, կուրսիս ղեկավարը պարոն Ղափլանյանն էր եւ այդպես 3 տարի: Հուզիչ է պահը, երբ մարդու 85-ամյակին այցելում ես նրա շիրիմին, այլ ոչ թե մարդկային ջերմ համբույրով շնորհավորում: Նա ոչ միայն պատվաբեր կուրսի ղեկավար էր, այլեւ հզոր անձ, որը կարողանում էր անհատականություններ իր շուրջը հավաքել»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց դերասան Հովհաննես Բաբախանյանը: Ինչպես նա է շեշտում. «Բոլոր դերասաններին Հրաչյա Ղափլանյանը հայրաբար էր վերաբերվում»: Հրաչյա Ղափլանյանի ամերիկաբնակ դստեր՝ ռեժիսոր եւ դերասանուհի Տաթեւիկ Ղափլանյանի համար դժվար էր հոր մասին խոսելը. «Աշխարհում երկու մարդ կար, որ իսկապես սիրում էի՝ հայրս էր եւ տղաս: Հիմա երկուսին էլ կորցրել եմ: Ծանր է շատ: Տասնհինգ տարվա ընդմիջումից հետո վերջապես կրկին այցելեցի գերեզմանին»: ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի խոսքով. «20 տարի է, ինչ կորցրել ենք մեր ուսուցչին, հորը, մարդուն, որը ստեղծեց դրամատիկ թատրոնը: Շուտով կնշվի նրա հիմնադրած թատրոնի 40-ամյակը: Նրա շնորհիվ է, որ այսօր թատրոնը լիարժեք աշխատում է եւ ապրում»:

Ըստ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի. «Նոյեմբերի 28-ին թատրոնը մեծ շուքով կնշի մեծանուն բեմադրիչի, ֆանտաստիկ մարդու 85-ամյակը, ինչպես նաեւ թատրոնի 40-ամյակը: Ուսուցիչ, թատրոն ստեղծող եւ մեծահոգի անձնավորություն էր Հրաչյան: Նրան հաջողվեց ողջ ԽՍՀՄ-ով հայկական թատրոնը տարածել ու հասցնել մինչեւ Եվրոպա: Նա ստեղծեց նաեւ «Դրուժբա» թատրոնը՝ իր գործընկեր Ալբերտ Ասլամազյանի հետ: Ի դեպ, այնպիսի դեպք, որ հայ բեմադրիչը Մոսկվայում 4-5 ներկայացում իրականացնի՝ դեռ չի գրանցվել, իսկ Հրաչյա Ղափլանյանը դա արել է: Ինձ հաջողվել է միայն 1-ը: Ղափլանյանը Մարդ ու էլի Մարդ է, փոքրամարմին, բայց հսկայական ֆանտազիայով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել