Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵՑ

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Հիշեցնելով՝ «Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում» հայտնի ասույթը

ՀՅԴ բյուրոյի անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը, երեկ «Դե-ֆակտո» ակումբում մասնակցելով արտաքին քաղաքականության թեմայով մամուլի ասուլիսին՝ նախ հարկ համարեց անդրադառնալ Վերահսկիչ պալատի (ՎՊ) վերջին բացահայտումներին, որոնք որոշ չափով առնչվում են նաեւ պարոն Վարդանյանի նախարարական գործունեության տարիներին: Ըստ նրա, «ամեն տարի նախարարությունը պետական բյուջեով իրականացրել է 40-50 ծրագիր, սա այդ ծրագրերից մեկն է: Որոշվել է սկսել 2002 թվականից, եւ առաջին ծրագիրը իրականացվել է 2003-ին: Ծրագիրը ՀՀ կառավարության եւ Եվրահանձնաժողովի միջեւ ստորագրված հուշագրի բաղադրիչներից մեկն էր»: Աղվան Վարդանյանի ներկայացմամբ, այս ծրագրով լուծվել է «լրջագույն» խնդիր, այն է. «Տարիներ շարունակ մանկատներից դուրս էին գալիս 18 տարին լրացած մարդիկ, եւ նրանք, փաստորեն, ոչ մի տեղ էին, փողոցում, ուր կուզեք, բայց այդ մարդկանց հանդեպ որեւէ աջակցություն, որեւէ հոգածություն չէր եղել: Ծրագիրը վերաբերում էր 1991-ից հետո մանկատներն ավարտածներին՝ շուրջ 250 մարդու, որոնք 10-12 տարի ուղղակի փողոցում են եղել, որեւէ աջակցություն չեն ստացել: Այսինքն՝ խոսքը վերաբերում էր ոչ թե երեխաների, այլ՝ 25-30 տարեկան մարդկանց»:

Ծրագիրն իրականացման առաջին օրերին եղել է իրենց ամենադժվար, ամենահոգսաշատ, ամենապրոբլեմային ծրագիրը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարը հարկ համարեց ասել, որ «ՎՊ-ի խորհրդում ընթերցված տեղեկանքում նշված որեւէ կետ, որեւէ տառ, որեւէ բացահայտում չկա, որի մասին մենք ժամանակին իմացած չլինենք, որը քննարկած չլինենք, որը մեր ամեն օրվա աշխատանքի եւ ամեն օրվա հոգսը եղած չլինի: Ավելին, այս ծրագիրը պարբերաբար քննարկվել է ե՛ւ հասարակության մեջ, ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ կառավարությունում: Բայց Վերահսկիչ պալատը այստեղ, իր կարծիքով, հայտնաբերում է բազմաթիվ խախտումներ, մեր կարծիքով՝ նախարարությունը այս ծրագրի շրջանակներում արել է առավելագույնը, որպեսզի իսկապես կարողանա իրականացնել ծրագիրը: Արել է ամեն ինչ՝ իր լիազորությունների շրջանակներում, ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ կառավարության որոշումներին համապատասխան»:

Աղվան Վարդանյանը նկատեց, որ ուսումնասիրություն կատարող ցանկացած մարմին ճիշտ կաներ՝ նախ դրանք ներկայացներ համապատասխան մարմնին՝ նրանից բացատրություններ, առարկություններ ստանալու համար, եւ հետո միայն դրանք դարձներ հանրային քննարկման առարկա: «Ես վստահ եմ, որ առաջիկայում նախարարությունը իր ամբողջական պարզաբանումները, բացատրությունները կտա, բայց քանի որ ինչ-որ առումով նաեւ ԶԼՄ-ներում խոսքը վերաբերել է անձամբ իմ ղեկավարած շրջանին, իբրեւ նախարար՝ ինձ, ես ուղղակի հարկադրված եմ բացատրություններ տալ»: Ասաց, որ իրենց միակ ձգտումը եղել է, որ ծրագիրը, թեկուզ դժվարությամբ, թեկուզ պրոբլեմներով, բայց իրականացվի: Ժամկետների խախտումների վերաբերյալ ասաց, որ պայմանագրերի երկարաձգումները եղել են օրինական հիմքերով: Ծրագրի չիրականացված գումարները վերադարձվել են պետական բյուջե: Բնակարանների մակերեսների անհամապատասխանության մասին ասաց, որ մակերեսների խնդիրը անցել է բոլոր ատյաններով, եւ կոնկրետ բնակարանների համար փոխվել է մակերեսի չափը. «Չգիտես ինչու, չի ասվում, որ կան տասնյակներով բնակարաններ, որոնց բնակմակերեսը 40-50քմ-ից ավելի է, մենք շրջաններում ունենք առանձնատներ, որտեղ 100-130 քմ-անոց բնակարան ենք գնել՝ նույն 32 քմ չափանիշի պայմաններում: Այնպես որ, այստեղ էլ յուրաքանչյուր փոփոխություն կատարվել է մեր լիազորությունների եւ համապատասխան թույլտվությունների սահմաններում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել