Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կտա «Թատրոնի մասին» օրենքը

Նոյեմբեր 15,2008 00:00

Մեր «օրինազուրկ» թատրոններն առայժմ պետության փողերով մասնավոր օջախներ են

ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում վերջապես սկսվել են այս տարվա սկզբից խորհրդարան ներկայացված «Թատրոնի մասին» օրենքի քննարկումները: Ի՞նչ ակնկալիքներ կան օրենքի ընդունումից հետո, եւ արդյո՞ք այն ընդհանրապես պետք է՝ այս մասին հետաքրքրվեցինք ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանից, որի հայրը՝ նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանը, ժամանակին մեր թերթին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե ոչ մի օրենք էլ թատրոնին պետք չէ, պետությունը թող գումար տա ու պահանջի բարձրակարգ բեմադրություններ: Հակոբ Ղազանչյանն «Առավոտին» հայտնեց, որ առայժմ որոշել են որեւէ մեկնաբանություն չանել օրենքի «մասով», հետո էլ ավելացրեց. «Թատրոնի մասին» օրենքը մասնագիտական հիմք է: Տարիներ շարունակ թատերարվեստում ամեն ինչ կարգավորվել է թատրոնների ներքին կանոնադրությամբ, ու երբ որեւէ հարց է առաջացել` տարբեր ժամանակների մշակույթի կառավարիչներն այն լուծելիս վկայակոչել են միայն ՊՈԱԿ-ի օրենքը: Թատրոնի օրենքի ընդունումից հետո ամեն ինչ կհստակեցվի»: Ինչ վերաբերում է հոր ասածին, Հ. Ղազանչյանն ընդամենն ասաց. «Դա՛ էլ կա»: Իսկ «Թատրոնի մասին» օրենքն արդյո՞ք կանդրադառնա թատրոնի բովանդակության ու որակի վրա:

Թատերագետներ Օվսաննա Մնացականյանն ու Անուշ Ասլիբեկյանը այնքան էլ ոգեւորված չեն «Թատրոնի մասին» օրենքի ընդունումով: «Թատերարվեստի ոլորտին առնչվող մինչ այժմ այնքան խոստումներ ենք լսել, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել: Կարծում եմ, քաղաքական վերնախավը այնքան էլ տարված չէ թատրոնով: Ի՞նչ է, օրենքի ընդունումը նրանց պետք է դարձնի թատերասե՞ր… Թատրոնի մարդուն անհրաժեշտ է ուշադրություն ընդհանրապես եւ չեմ կարծում, թե օրենքի ընդունումը որեւէ կերպ կխթանի ոլորտի զարգացմանը: Կարծում եմ նաեւ, որ օրենքի ընդունումից հետո օրենսգիրքը ընդամենը կավելանա եւս մեկ օրենքով»,- ասաց Օ. Մնացականյանը: Ա. Ասլիբեկյանն էլ համոզված է, որ թատրոնն այն ոլորտը չէ, որտեղ անհրաժեշտ են օրենքներ: Սակայն, այնուամենայնիվ, գտնում է, որ «եթե օրենքը նպաստելու է ոլորտի բարեփոխմանը՝ ապահովելով առաջընթաց, թող լինի…»:

Ըստ էության, հայաստանյան թատերական օջախներում անհրաժեշտ ամեն ինչ կա. աշխատակազմ, խաղացանկ, ամենօրյա աշխատանք, նպատակներ, ծրագրեր, նույնիսկ՝ քիչ թե շատ հանդիսական, եւ այլն: Կան ներկայացումներ, որոնք, ժամանակակից չափանիշներով ասած՝ եկամտաբեր են: Կան ներկայացումներ էլ, որ գաղափարային են, անգամ՝ հայրենասիրական: Բայց ինչի՞ց է, որ թատերական արվեստի լինելության զգացողություն չկա, չնայած նրան, որ նույնիսկ անցկացվում են ազգային եւ միջազգային թատերական փառատոներ… Թատրոնն այսօր մի տեսակ հասարակության կողքով ընթացող երեւույթ է դարձել. հասարակական կյանքն այնտեղ իր արտացոլումը չի գտնում, հասարակությանը չեն հուզում այսօրվա թատերական թեմաները, նա չի վազում թատրոն: Իսկ որտեղ էլ վազում է, ուրեմն անձնականացված է՝ մեկի խաթեր, մյուսի մոտ «միավորներ» հավաքելու, երրորդ դեպքում՝ իր «պրեստիժի» համար է գնում: Մի խոսքով, հայկական թատերական կյանքն անձնականացված է: Անձնականացված՝ կառավարման առումով, թեմաների ընտրության, մեկնաբանությունների եւ այլն: Այնպիսի տպավորություն է, որ մեր թատերական օջախները լուծում են միայն մասնավոր խնդիր, սկսած շենքերի վարձավճարներից՝ մինչեւ ներկայացումների մեջ իրականացվող դերաբաշխումներ: Այսինքն՝ այս օջախները դարձել են անձնական քմահաճույքների գերի: Ըստ էության, ստացվել է, որ մեր թատրոնները պետության փողերով մասնավոր թատրոններ են, իսկ դա վերջիններիս ղեկավարները չեն ուզում բարձրաձայն խոստովանել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել