Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԸՆԿՃՎԵՆ՝ ՍԹԱՓՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Ազատության մեջ գտնվող իրենց հասակակիցների հետ հանդիպած անչափահաս դատապարտյալների մասին ասում է «Աբովյան» ՔԿՀ ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը:

Երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիան եւ Երեւանի Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը համատեղ կազմակերպել էին «Շփվում եւ բանավիճում են հասակակիցները» միջոցառումը: Վերջինիս շրջանակներում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) 7 անչափահաս այցելեց Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոց, իսկ դպրոցի շուրջ հիսունհինգ 8-11-րդ դասարանի աշակերտ՝ «Աբովյան» ՔԿՀ՝ հանդիպելու իրենց ազատազրկված 28 հասակակիցներին: Կազմակերպիչները նախատեսել էին, որ անչափահաս դատապարտյալների եւ դպրոցականների երկխոսությունը կայանար հայրենասիրության եւ օրինապահության հարցերի շուրջ, ինչն էլ պատանիներին քարոզեցին դպրոցի տնօրեն Ալվարդ Առաքելյանը, քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Վահան Հակոբյանը, թեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը եւ այլք:

Վ. Հակոբյանը, դիմելով անչափահասներին, ասաց. «Ներկայիս կյանքը շատ բազմակողմ է, տեղեկատվական դաշտը՝ ազատ եւ անսպառ: Մեր բոլորի խնդիրն է ընտրել այն ամենը, ինչը նպաստում է մեր արժեքների պահպանմանն ու պետության կայացմանը: Պետության բարեկեցությունն ու հաջողությունը մեծապես կապված է ընդհանուր հասարակության եւ նրա յուրաքանչյուր անդամի օրինապահության հետ: Մեր օրենքների անվերապահ կատարումն ու հարգանքը մեր պարտականությունն է, որից էլ սկսվում են հայրենիքի հանդեպ սերն ու հոգատարությունը: Ցավոք, մեր եթերն այսօր լի է ոչ այնքան բարենպաստ ֆիլմերով, հաղորդաշարերով, որոնք կեղծ ոգեւորություն կարող են առաջացնել պատանիների շրջանում: Ոչ օրինապահ, օրենքից դուրս գործող քրեական մարդկանց ցոփ ու շվայտ կյանքը կարող է գայթակղիչ թվալ, բայց երբեւիցե չհավատաք այդ կեղծ արժեքներին: Չկասկածեք արժանավայել կյանք մտնելու, ձեր գիտելիքներով ապագա կերտելու հնարավորությանը, չամաչեք ու չվարանեք օրինապահ լինելուց»:

«Առավոտի» հարցին՝ մի՞թե անազատության մեջ գտնվող անչափահասներին հոգեպես ճնշելու հաշվին ազատության մեջ գտնվողներին փորձում եք օրինապահության դասեր տալ, Վահան Հակոբյանը պատասխանեց, որ միջոցառումը հասակակիցների երկխոսություն է՝ ազատության, հայրենասիրության եւ օրինապահության հարցերի վերաբերյալ. «Աբովյան» ՔԿՀ-ում հյուրընկալել ենք դպրոցականներին, որ նրանք հաղորդակցվեն իրենց այստեղի հասակակիցների հետ: Անազատության մեջ գտնվելով՝ անչափահասը սովորաբար դժվարությամբ է հարմարվում կյանքին, կենցաղին, որովհետեւ կյանքի այդ ծաղկման շրջանում նա պետք է լուծի իր ուսման խնդիրներն ու առաջընթացի հարցերը: Անազատության մեջ գտնվողների մոտ՝ դպրոցականների, իսկ վերջիններիս՝ դատապարտյալների օրինակը ցույց տալու հիման վրա համապատասխան կարծիք է ձեւավորվում, շփման ընթացքում անչափահաս դատապարտյալի մոտ առկա դառը «պտուղները» հասկանալի են դառնում դպրոցականի համար»: Մեզ հետ զրույցում Վ. Հակոբյանը նաեւ հավելեց, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելով՝ դպրոցականը հաստատ ոչ մի հրապուրիչ բան չի տեսնի ու չի ցանկանա գնալ հանցագործ ճանապարհով: Ըստ նրա, տեսնելով «Աբովյան» ՔԿՀ խիստ պայմանները, դպրոցականները դժվար թե ցանկանան հայտնվել անազատության մեջ, եթե անգամ կրիմինալը մոդա է ու TV-ներով այդպիսի ֆիլմեր, հաղորդումներ են ցուցադրվում. «Երեխաներն այս տարիքում շատ փխրուն են, հակված՝ ցանկացած բացասական հանգամանքների հետեւից գնալու: Կարեւորն այն է, որ նրանք ընկալեն հանցավոր կյանքի եւ իրավախախտ պահվածքի լրջությունը»:

«Առավոտը» «Աբովյան» ՔԿՀ ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանից հարցրեց՝ որքանո՞վ էր նպատակահարմար նման միջոցառման կազմակերպումը. «Անազատության մեջ գտնվող անչափահասներին մտորումները կտանեն հեռուն… թե ինչու է իրենց մոտ անորոշություն, ունայնություն: Հնարավոր է, որ ազատության մեջ գտնվող իրենց հասակակիցներին տեսնելով՝ նրանք ընկճվեն, բայց ոչի՛նչ, թող թեկուզ մեկ անգամ ընկճվեն, երբեմն սթափվելու համար: Միջոցառումը տեղին էր, որովհետեւ մեկուսացումը երեխաներին ավելի շատ է մտածել տալիս, նրանք իրենց աշխարհն են ստեղծում՝ մտովի կամ թվացյալ: Այնպես որ, հարկ է նրանց շուտ-շուտ սթափեցնել, որպեսզի հասկանան, որ կյանք կա ու այն այստեղ չէ… Կարծում եմ, երեխաներին պետք է դաստիարակել հեքիաթներով, պահ է գալիս, երբ ինքս էլ դրանց կարիքը զգում եմ, որովհետեւ ուզում եմ տեսնել բարու եւ չարի սահմանը: Այսօր էկրանները ողողված են կրիմինալներով, բայց, փառք Աստծո, միտում կա, որ վաղ թե ուշ բարին է հաղթելու»:

Վ. Տերյանի անվան դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանը «Առավոտին» հայտնեց. «Միջոցառումը կազմակերպելուց առաջ մտածում էինք այստեղի եւ դպրոցի երեխաների հոգեվիճակի մասին, այսինքն, թե ինչպես կզգան երկուստեք: Անազատության մեջ գտնվողները մի քիչ անտարբեր են ձեւանում, բայց երբ զրուցում ես նրանց հետո, համոզվում ես, որ իրականում սրտի ցավ են ապրում՝ տեսնելով՝ ազատության մեջ գտնվող իրենց հասակակիցներին: Նրանցից ոմանք ինձ խոստովանեցին, որ շտապում են ազատվել, տուն գնալ, իսկ այն դեռահասը, որ ձգտում է ընտանիքին՝ անպայման կուղղվի»:

Միջոցառումը եզրափակվեց թեքվանդոյի ֆեդերացիաի ցուցադրական հատուկ խմբի 6-12 տարեկան 18 երեխաների ելույթով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել