Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Իսկ նրանք, ովքեր հուսախաբ են անում, տեղը զիջում են ուրիշներին՝ անկախ անունից

Պեկինում նվաճած վեց բրոնզե մեդալը հայկական սպորտի նշանակալից առաջընթաց քայլ է: Բայց որքան էլ շատ լինեն օլիմպիական մրցանակները, միեւնույն է, բարի ցանկություն կա, որպեսզի դրանք բազմապատկվեն, իսկ նվաճելիք ապագա մեդալները ձուլված լինեն ավելի ազնիվ մետաղից: Դրա համար ի՞նչ է հարկավոր անել: Օրակարգային դարձած այս խնդիրները համատեղ քննարկումներում հստակեցնում են ՀԱՕԿ-ը, սպորտի պետական կառույցը եւ մարզական ֆեդերացիաները:

Ինչպե՞ս անցան քննարկումները եւ դրանք ի՞նչ տվեցին: Այս հարցերի շուրջ է «Առավոտի» հարցազրույցը ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի հետ:

– Այս քննարկումները մրցաշրջանների տարեվերջյան ավանդական ամփոփումներից տարբերվո՞ւմ էին:

– Այո: Այս անգամ դրանք ընթանում էին Պեկինի օլիմպիական խաղերի նախապատրաստության, մեր մարզիկների մասնակցության եւ այդ ընթացքում հավաքականների մարզիչների եւ ֆեդերացիաների կատարած աշխատանքների վերլուծության ու գնահատման համատեքստում: Քննարկումներ, այն էլ՝ շատ լուրջ, կազմակերպելու նախաձեռնությունը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանինն է: Նա այդ առաջադրանքը տվել է դեռ Պեկինում՝ ժամանակակից մարզական համաշխարհային շարժման, Խաղերում պայքարի լարվածության ականատեսը լինելով: Իսկ նպատակը հետեւյալն է. օր առաջ ի հայտ բերել թերությունները եւ վրիպումները, անել համապատասխան հետեւություններ, համատեղ ջանքերով կազմել աշխատանքային հստակ ծրագրեր, այսօրվանից ուրվագծել հավաքականների թեկնածու մարզիկների շրջանակները եւ նրանց հետ տանել այնպիսի աշխատանքներ, որպեսզի նրանք Լոնդոն 2012-ին, որտեղ ցանկանում ենք զարգացնել հաջողությունները, նախապատրաստվելու քառամյա ողջ ցիկլում որեւէ խնդիր չունենան: Եվ պատահական չէ, որ նա որոշում է կայացրել մինչեւ պետական աջակցության գումարների հատկացումները, անձամբ զբաղվել այդ հարցով:

Ասեմ, որ Պեկինի օլիմպիական խաղերին արժանավայել մասնակցելու համար էլ աննախադեպ բարենպաստ պայմաններ էին ստեղծված: Լուծվել էին մարզիկների եւ մարզիչների սոցիալ-կենցաղային խնդիրները, ապահովված՝ մարզումային պայմանները, հավաքների անցկացումն ու մասնակցությունը ներկայացված մրցումներին, վիտամինների եւ օրենքով թույլատրվող վերականգնիչների ձեռքբերումը: Եվ այդ ամենի դիմաց ֆեդերացիաներից, հավաքականների եւ անձնական մարզիչներից պահանջվել է ընդամենը սեփական հնարավորությունների ճիշտ գնահատում, աշխատանք եւ արդյունք, որը կբավարարեր մարզասերների եւ սպորտի ղեկավարության ակնկալիքները:

– Եվ գնահատականները տարբեր եղան:

– Այո: Օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ մասնակցության փուլերում ազատ ըմբշամարտի եւ ձյուդոյի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Հրանտ Ենոքյանի եւ Գագիկ Աղամալյանի աշխատանքը գնահատվեց անբավարար, եւ նրանք հրաժարականի դիմում են գրել: Ենոքյանի փոխարեն մեկ տարի ժամկետով հավաքականի մարզիչ է նշանակվել համեմատաբար երիտասարդ, բայց մարզչական բավականաչափ փորձ ունեցող Արայիկ Բաղդադյանը: Իսկ ձյուդոյի հավաքականի մարզչի տեղն առայժմ թափուր է:

Բավարար է գնահատվել ծանրամարտի տղամարդկանց եւ հունահռոմեական ըմբշամարտի ու բռնցքամարտի հավաքականների գլխավոր մարզիչներ Աշոտ Մխիթարյանի, Լեւոն Ջուլֆալակյանի եւ Ռաֆայել Մեհրաբյանի աշխատանքը: Մեկ տարով երկարացվել են նաեւ կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանի եւ հրաձգության հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ժամկետները, չնայած նրանց նկատողություն է հայտարարվել: Ի դեպ, բոլոր մարզիչների հետ ֆեդերացիաները աշխատանքային պայմանագիր ստորագրել են մեկ տարի ժամկետով, որպեսզի դրա ավարտին մեկ անգամ եւս նրանց աշխատանքին անդրադառնալու եւ հետագա քայլերը ճշտելու հնարավորություն լինի:

– Հաջողությունը բոլորինն է, բայց ձախողվելու դեպքում մեղավորը մեկն է: Ճի՞շտ է միայն գլխավոր մարզչին պատասխանատվության ենթարկելը:

– Խրթին հարց է: Սովորաբար, գլխավոր մարզիչները, երբ արդյունք չի լինում, տրտնջում են, թե մարզադպրոցից հավաքական եկած մարզիկները չունեն պատրաստվածության այն աստիճանը, որպեսզի հաղթող կամ մրցանակակիր դառնան: Իսկ եղած կարճ ժամանակում հնարավոր չէ այդ բացը լրացնել: Անձնական մարզիչներն էլ հակառակն են պնդում. իրենք հավաքականին տվել են որակյալ կադր, սակայն այնտեղի մարզիչների սխալ աշխատանքի պատճառով են իրենց սաները ձախողվել: Այս քննարկումները նաեւ հենց այդ հանգույցները քանդելու նպատակ ունեին: Ավելին, ելույթներում նշվեցին նաեւ որոշ ֆեդերացիաների, մարզչական խորհուրդների գործունեությունում տեղ գտած թերությունները, մատնանշվեցին աշխատանքների ընդհանուր եւ ճիշտ կազմակերպմանը խանգարող այլեւայլ խնդիրներ եւ հանգամանքներ, որոնք պակաս կարեւոր եւ ուշադրության արժանի չեն եւ լուծման կարիք ունեն: Իսկ գլխավոր մարզիչն ավելի շատ է մեղավոր, որովհետեւ հավաքականի ղեկն ստանձնելիս ճիշտ չի գնահատում իր հնարավորությունները, ընդունում է իրեն ներկայացվող հստակ պահանջները, խոստումներ տալիս, փաստորեն՝ ստանձնելով այդ պատասխանատվությունը: Այլ բան, եթե նա նախապես ներկայացներ իր ծրագրերը, ասեր, թե եղած հումքով տվյալ ժամանակահատվածում ինչ է ի վիճակի անել:

– Սպորտային բժիշկները, հոգեբանները ինչպե՞ս են աշխատել:

– Քննարկումներին մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ նրանք: Մարզիչները սպորտային բժիշկներից, գիտական վերահսկողության օղակի աշխատանքներից լուրջ բողոքներ չեն արտահայտել: Ստացվում է, որ նրանք արել են այն, ինչ կարող էին իրենց ձեռքի տակ եղած սուղ հնարավորություններով: Բայց այս ոլորտի հետ կապված գլխավոր հետեւությունն այն է, որ մենք մարզական հոգեբանների լուրջ կարիք ունենք: Օլիմպիական խաղերն իրենց հոգեբանական լարվածությամբ չես համեմատի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների հետ: Մարզիկը որքան էլ ֆիզիկական եւ տեխնիկատակտիկական պատրաստվածության գագաթին լինի, հաջողության չի հասնի, եթե հոգեբանորեն ամուր չէ: Բազմաթիվ օրինակներ կան, երբ մարզիկը, լինելով մայրցամաքի, աշխարհի բազմակի չեմպիոն, այդպես էլ օլիմպիական խաղերի մրցանակակիր չի կարողացել դառնալ:

– Ո՞րն է մեծ սպորտում կայուն բարձր արդյունքներ ցուցադրելու մեր ընտրած նոր ռազմավարությունը:

– Գերխնդիրը՝ մանկապատանեկան սպորտի զարգացման համար ջանք ու նյութական միջոցներ չխնայելը: Միեւնույն ժամանակ, արդեն ձեռք բերվածը պահպանելն ու զարգացնելը, որպեսզի սերնդափոխությունը ներդաշնակ կատարվի: Դրա համար առաջին հերթին պետք է ունենալ սպորտի զարգացման ազգային հիմնավորված ծրագիր, ժամանակակից մարզաբազաներ եւ գույք: Դրանից է կախված, թե վաղվա օրն ինչպիսին կլինի: Տեսեք, արդեն որոշված է 2010 թվականին Մալայզիայում օլիմպիական խաղերի անցկացման միջանկյալ ժամանակահատվածում առաջին անգամ պատանեկան օլիմպիական խաղեր կազմակերպել: Դա լուրջ քննություն է նաեւ մեզ համար: Եթե մեր պատանիները հաջող մասնակցություն ունենան, դա կնշանակի, որ ներկայիս առաջատար մարզիկներին լիարժեք փոխարինողներ կարող ենք ունենալ եւ ապագայում նրանցից համապատասխան արդյունքներ ակնկալել՝ արդեն մեծահասակների օլիմպիական խաղերում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել