Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Նոյեմբեր 15,2008 00:00

Ի՞նչ ունի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը

\"\"Անգլիայի դատարանը հրապարակել է Չուկոտկայի պառլամենտի ղեկավար, Անգլիայի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի ունեցած սեփականության ամբողջական ցուցակը:

«The Guardian» թերթի տեղեկացմամբ, ստացվել է 134 էջանոց մի փաստաթուղթ, որը կազմվել է Լոնդոնի Թագավորական դատարան՝ ռուս օլիգարխի դեմ նեկայացված դատական հայցի հիման վրա:

Բացի «Չելսիից», Աբրամովիչը Մեծ Բրիտանիայում ունի չորս սեփական տուն, որոնցից երեքը հանձնել է նախկին կնոջը եւ երեխաներին: Բացի դա, նրան Լոնդոնում պատկանում են ութ կամ ինը բնակարաններ, Ամերիկայի Կոլորադոյի նահանգի լեռնադահուկային հանգստավայրում՝ երկու շալե, Ֆրանսիայում՝ դղյակ, առանձնատներ՝ Սարդինիայում եւ Կարիբյան Սեն-Բարտ կղզում: Դատավորը Աբրամովիչի ունեցվածքների մեջ հայտնաբերել է նաեւ Լեոնիդ Բրեժնեւի տունը Մոսկվայում եւ ինչ-որ պատմական շենք, որը երկարատեւ վարձակալությամբ վերցրել է Ռուսաստանի կառավարությունից:

«The Guardian»-ը տեղեկացնում է, որ իր տներն այցելելու նպատակով Աբրամովիչը մի քանի նավ եւ ինքնաթիռ է վարձակալել: Դատարանի որոշման մեջ նշված է, որ Աբրամովիչը «Չելսի» ակումբի գործերով զբաղվում է՝ ոչ շահույթ ստանալու նպատակով: «Դա նրա հոբին է, այլ ոչ թե բիզնեսը,- գրում է թերթը,- քանի որ ակումբին տրամադրած նրա գումարները անհամեմատ ավելի մեծ են, քան եկամուտները»:

Աբրամովիչի դեմ դատական հայցը ներկայացվել է «Յուգրանեֆտ» ընկերության գործերի առիթով, սակայն դատավորը մեղադրանքները մերժել է այն հիմնավորումով, որ Աբրամովիչը մշտապես Բրիտանիայում չի բնակվում եւ երկրի համար հարկատու գործակալ չէ:

Հաղթական ավարտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Մակեդոնիայի մայրաքաղաքում անցկացված միջազգային ընկերական մրցաշարում գրավեց առաջին տեղը:

Մեր աղջիկները մեկնարկային խաղը 2:1 հաշվով շահեցին Էստոնիայի հավաքականից, այնուհետեւ ոչ-ոքի՝ 1:1 խաղացին տանտիրուհիների հետ եւ վերջին հանդիպումում առավելության հասնելով Մալթայի ընտրանու նկատմամբ՝ 2:1, յոթ միավորով ճանաչվեցին մրցաշարի հաղթող: Մակեդոնիան 5 միավորով գրավեց երկրորդ տեղը, Էստոնիան՝ երկու միավորով, երրորդը, իսկ մրցաշարային աղյուսակը 1 միավորով եզրափակեց Մալթայի հավաքականը:

Քաղաքական դրդապատճառով հրաժարվել է

Վրաստանը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է մասնակցել եկող տարվա հունվարի 16-26-ը Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների մասնակցությամբ «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Կազմակերպիչների որոշմամբ, նրան փոխարինելու է Ռուսաստանի երիտասարդական հավաքականը: Ինչպես անցած տարի, պատվավոր պարգեւին տիրելու համար պայքարի մեջ ներգրավվելու է նաեւ Սերբիայի չեմպիոնը:

Այս մրցաշարին ներկա լինելու իրենց մտադրությունն արդեն հաստատել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել