Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՍԱՀՔԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Ամառային մարզաձեւերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են ձմեռայիններին: Վերջինների ներկայացուցիչների համար սկսվող մրցաշրջանը նույնպես պատասխանատու է, քանի որ խաղարկվելու է 2010 թվականին Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի առյուծի բաժինը:

Հայաստանի մարզիկները, սկսած 1998-ից՝ Նագանոյից, «Սպիտակ օլիմպիադաներում» լիարժեք հանդես են գալիս գեղասահք մարզաձեւում: Մեկնարկող մրցաշրջանում հայ մարզասերներն ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ: «Առավոտի» հարցերին պատասխանում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

– Մեր գեղասահորդներն ինչպե՞ս են նախապատրաստվում մեկնարկող մրցաշրջանին:

– Մեզ համար մրցաշրջանը մեկնարկել է օգոստոսի վերջին՝ Ֆրանսիայում անցկացվող պատանիների աշխարհի «Գրան Պրի» մրցաշարի փուլով: «Գրան Պրին» ունի վեց փուլ, որոնցից միայն երկուսին մասնակցելու իրավունք է մեզ տրված: Հայաստանցի մենասահորդներ Սարգիս Հայրապետյանը եւ Արմինե Ստամբոլցյանն արդեն հասցրել են հոկտեմբերին հանդես գալ Գոմելում կայացած երկրորդ փուլում եւ որպես առաջին մեկնարկ իրենց վատ չեն դրսեւորել՝ համապատասխանաբար զբաղեցնելով 20-րդ եւ 21-րդ տեղեր: Ներկայումս նրանք ու եւս երկու մարզիկներ երկարատեւ ուսումնամարզական հավաքի մեջ են գտնվում Մոսկվայում, որի ավարտին կմասնակցեն «Գրան Պրիի» հաջորդ փուլին:

– Իսկ ինչո՞ւ ոչ Երեւանում:

– Մեր միակ գեղասահքի մարզադպրոցը ներկայումս չի աշխատում, որովհետեւ մոտ օրերս թաղապետարանն սկսելու է դրա նորոգումը: Բացի այդ, մոսկովյան մարզումները պատանի գեղասահորդների համար վարպետության բարձրացման, մրցափորձի կուտակման հիանալի միջոց են: Օրինակ, Սարգիսը մասնակցել է իր տարիքային խմբի ԲԿՄԱ-ի առաջնությանը եւ զբաղեցրել 6-րդ հորիզոնականը, ինչը Ռուսաստանի նման երկրի պայմաններում բավականին լուրջ արդյունք է: Իսկ մեր մյուս պատանին՝ Սլավա Սարգսյանը, որն ընդամենը 13 տարեկան է, Մոսկվայի առաջնությունում դարձել է 2-րդ մրցանակակիր: Այս ցուցանիշները մեզ հույս են ներշնչում, որ մեր այդ մարզիկները եկող տարվա փետրվարի վերջին Պրահայում մեկնարկող պատանիների աշխարհի առաջնությունում կարող են հաջող հանդես գալ:

– Մեծահասակնե՞րն ինչով են զբաղվում:

– Մեր առաջատար մենասահորդներ Անի եւ Գեղամ Վարդանյանները ներկայումս Երեւանում են եւ մարզվում են ՄՀՀ-ի հոյակերտ սահադաշտում: Բայց նոյեմբերի վերջին ՀԱՕԿ-ի աջակցությամբ կմեկնեն Լատվիա եւ այդ երկրի ազգային հավաքականի հետ համատեղ կշարունակեն նախապատրաստվել հունվարի 17-28-ը Հելսինկիում կայանալիք Եվրոպայի, ապա նաեւ աշխարհի առաջնություններին (մարտի երկրորդ կեսին` Լոս Անջելեսում): Իսկ եթե մինչ այդ՝ դեկտեմբեր ամսին, ինչը նախատեսված է, հնարավոր լինի ՄՀՀ-ում Հայաստանի առաջնություն անցկացնել, նրանք կգան ու դրան նույնպես կմասնակցեն:

– Եթե չեմ սխալվում, աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու: Հույսեր ունե՞նք:

– Այո: Բայց առայժմ Անին ու Գեղամը ուղեգիր նվաճելու հնարավորություն քիչ ունեն: Սակայն մեզ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հարցով դիմել են ամերիկացի մեր հայրենակիցներ Պիեռ Բալյանը եւ Ալեն Գաղինջյանը: Երկուսն էլ բարձրակարգ մենասահորդներ են: Պիեռը ԱՄՆ-ի առաջնությունում տեղ է զբաղեցրել առաջին վեցյակում: Թե Պիեռը, թե Ալենը տիրապետում են գեղասահքի ամենաբարդ տարրերին: Հիմա նրանց երկքաղաքացիություն շնորհելու գործընթացն է: Ճիշտ է, Ալենին արդեն շնորհվել է, բայց սպասում ենք անձնագրին: Դրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք լուծելու համար ժամանակ է հարկավոր:

– Մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը կհասցնե՞ք:

– Կարծում եմ՝ այո: Եթե հատկապես Պիեռը մասնակցի աշխարհի առաջնությանը, նա ամենայն հավանականությամբ ուղեգիր կնվաճի: Իսկ եթե միջազգային ֆեդերացիան նրան այս անգամ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հավաստագիր չտա, 2009-ի հոկտեմբերին Վիեննայում անցկացվելու է եւս մի մրցաշար, որտեղ խաղարկվելու են վերջին 10 ուղեգրերը: Պիեռն անգամ այդ պարագայում ի վիճակի է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերել:

– Ինչի՞ց է գալիս այդ վստահությունը:

– Վերոնշյալ երկու գեղասահորդներն էլ օրական մեկ մարզում են անցկացնում մարզիչ Ռաֆայել Հարությունյանի ղեկավարությամբ, որի մարզչական վարկանիշն անչափ բարձր է ամբողջ աշխարհում: Նրա սաներն են աշխարհի չեմպիոններ՝ կանադացի Ջեֆրի Բաթլը եւ ճապոնուհի Ասադան: Ես մշտապես կապի մեջ եմ Հարությունյանի հետ, որը պարբերաբար մեզ տեղեկացնում է Պիեռի եւ Ալենի մարզավիճակի, տեխնիկական արդյունքների մասին: Դրանք հուսադրող են:

– Չեք խոսում Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգի մասին:

– Թուրինի օլիմպիական խաղերից հետո ես արդեն մտածում էի նրանց փոխարինող գտնելու մասին, քանի որ Վազգենն արդեն 30-ն անց է, իսկ Նաստյան 29 տարեկան է: Բայց նրանք ցանկություն հայտնեցին շարունակել մարզվել եւ հանդես գալ խոշոր մրցումներում: Եվ, պատկերացրեք, որ վատ արդյունքներ ցույց չտվեցին: Աշխարհի գավաթի փուլերից մեկում, որ անցկացվեց Ճապոնիայում, մեր զույգն արժանացավ բրոնզե պարգեւի, իսկ հաջորդում (Ֆրանսիա)՝ 8-րդն էր: Դա մեզ հույս ներշնչեց, որ նրանք իսկապես դեռ կարող են պայքարել: Սակայն Եվրոպայի առաջնությունում Նաստյայի ստացած ողնաշարի վնասվածքը նրանց զրկեց աշխարհի առաջնությանը մասնակցելուց: Եվ քանի որ անգամ երկարատեւ բուժումից հետո բժիշկները Նաստյային արգելեցին բարդ շարժումներ կատարել, զույգը հարկադրված ավարտեց մարզական կարիերան: Հիմա նրանք Մոսկվայում մարզիչ են աշխատում, բայց նաեւ մասնակցում են տարբեր շոու-ծրագրերի, ինչը, սակայն, մեծ սպորտի հետ կապ չունի:

– Նրանց փոխարինող գտնելու ուղղությամբ քայլեր արվո՞ւմ են:

– Համենայնդեպս՝ այդ խնդրով զբաղվում ենք: Սակայն դա միանգամից հնարավոր չէ անել: Որպեսզի զույգը կայանա, երկար տարիների համատեղ աշխատանք է անհրաժեշտ, որ մարզիկները ճանաչեն միմյանց, հասկանան, սառցի վրա զգան իրար: Ներկայումս Հայաստանում լավ տղաներ ունենք: Ցանկալի կլիներ, որ համապատասխան աղջիկներ էլ լինեին ու նրանց այստեղ աճեցնեինք: Հիմա մտածում ենք դրսում մի լավ սահորդուհի գտնել ու միացնել մեր տղաներից մեկին:

– Միջազգային կանոններով դա ինչպե՞ս է արվում:

– Երկու տարբեր երկրների գեղասահորդներ կարող են զույգ կազմել ու իրենք որոշել, թե ո՞ւմ երկրի դրոշի ներքո են ցանկանում հանդես գալ: Ճիշտ է՝ այդ երկրների ֆեդերացիաների համաձայնության դեպքում: Այսինքն, զույգից մեկի՝ տվյալ երկրի քաղաքացի լինելը պարտադիր է:

– Եկեք անդրադառնանք մեր խնդիրներին: Գեղասահքի մասսայականությունը Հայաստանում աճո՞ւմ է: Եվ եթե՝ այո, քանակը որակ տալի՞ս է:

– Եթե հիշում եք, մեր մարզադպրոցը բացելուց հետո Հայաստանում երեխաների մի իսկական հոսք առաջացավ դեպի գեղասահք: Բոլորին ընդունելն անհնար էր: Ընտրվում էին միայն լավագույնները: Դրանից հետո բացվեց Ալյումինի գործարանի սահադաշտը, որտեղ նույնպես ասեղ գցելու տեղ չէր լինում: Եվ կարճ ժամանակում միջազգային մակարդակի մի ամբողջ շարք բարձրակարգ մարզիկներ աճեցին: Բայց հետագայում երկրորդ սահադաշտը դադարեց գործել, շենքը սեփականաշնորհվեց ու այսօր այն արդեն վերջնականապես կորսված է: Մնում էր միայն մեր մարզադպրոցը, որի սահադաշտի չափերը ամբողջականի միայն կեսն են: Այդ պայմաններում վարպետ գեղասահորդներ աճեցնելը չափազանց բարդ է, եթե չասենք՝ անհնարին: Օրերս վերաբացվեց Մարզահամերգային համալիրի սահադաշտը, որը Եվրոպայում լավագույններից է: Մուրադյան եղբայրների ԲԱՄՕ ընկերությունն անգնահատելի գործ է կատարել հանրապետությունում մեր մարզաձեւը վերակենդանացնելու համար: Արդեն հիմա մարդկանց, հատկապես՝ երեխաների նոր հոսք է նկատվում: Նոր ստեղծվող խմբերում աշխատում են մեր մարզադպրոցի մարզիչները: Կարծում եմ, որ եթե կարողանանք աշխատանքները ճիշտ կազմակերպել, արտասահմանում աշխատող մեր հայ մարզիչները հաճույքով կվերադառնան: Եվ հավատացնում եմ, որ շուտով Հայաստանում աճած մարզիկների անունները կրկին կհնչեն միջազգային ասպարեզներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել