Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվահրապարակը հասցեն փոխում է

Նոյեմբեր 15,2008 00:00

Այժմյան հեծանվահրապարակի տեղում ստորգետնյա ավտոկայանատեղի կկառուցվի

Երեւանի ճանապարհների խցանումները մեղմելու նպատակով որոշվել է մայրաքաղաքի կենտրոնում մի քանի ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել: Դրանցից մեկը լինելու է կրկեսի հարեւանությամբ՝ «Հայաստան» մարզական միության հեծանվահրապարակի տեղում: Իսկ ի՞նչ է լինելու հեծանվահրապարակի ճակատագիրը, որը նախկինում տասնամյակներ շարունակ ծառայել է հանրապետությունում՝ ինչպես հրապարակային, այնպես էլ խճուղային հեծանվասպորտի զարգացմանը, եւ որտեղ ժամանակին միջազգային մակարդակի մարզիկներ են աճել: Այս հարցը մտահոգել է ինչպես մարզասերներին, այնպես էլ «Առավոտին»: Խնդրի շուրջ պարզաբանումներ ստացանք «Հայաստան» ՄՄ նախագահ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանից:

Ներկայացնելով նախապատմությունը՝ պարոն Ստեփանյանն ասաց, որ մարզաձեւը Հայաստանում հարուստ ավանդույթներ է ունեցել, եւ այժմ իրենք աշխատում են հնարավորին չափ պահպանել դրանք: Հեծանվասպորտը բավականին թանկ մարզաձեւ է եւ մեծ ներդրումներ է պահանջում, որի հնարավորությունը պետությունն առայժմ չունի, եւ առաջիկա տարիներին դժվար թե մարզաձեւի զարգացման համար համապատասխան նպաստավոր դաշտ ստեղծվի: Այլ կերպ ասած՝ պետական աջակցություն առայժմ չի ակնկալվում: Խոսքը հեծանվահրապարակը եւ դրա օժանդակ տարածքները միջազգային չափանիշներին համապատասխան հիմնանորոգելու, ժամանակակից հեծանիվներ, պահեստամասեր ձեռք բերելու եւ անհրաժեշտ նյութատեխնիկական բազա ապահովելու մասին է: Վերջին տարիներին մարզաձեւում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող անհատների կամ կազմակերպությունների որոնումներն էլ արդյունք չեն տվել: Այդուհանդերձ, հեծանվահրապարակը եւ մարզադպրոցը շարունակել են գործել, բայց՝ ոչ նախկին արդյունավետությամբ: «Մոտ 10 տարի մարզակառույցի վրա ոչ մի աշխատանք չի կատարվել, ինչի արդյունքում շինությունը մաշվել, քայքայվել է,- շարունակեց Ռ. Ստեփանյանը:- Երեք տարի առաջ մի հաշվարկ կատարվեց ու պարզվեց, որ միայն կառույցի նորոգման համար շուրջ $2,5 միլիոնին համարժեք դրամի ներդրում է հարկավոր: Ինչ վերաբերում է կառավարության համաձայնությամբ հեծանվահրապարակի տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցմանը, որի իրականացումը վստահվել է իտալական «Ռենկո» շինարարական կազմակերպությանը, մեզ համապատասխան առաջարկություն եղավ: Մենք էլ տվեցինք մեր համաձայնությունը, բայց պայմանով, որ քաղաքի մեկ այլ բանուկ հատվածում կառուցվի հեծանվասպորտի նոր բազա եւ միայն դրա շահագործումից հետո «Ռենկոն» այստեղ սկսի իր աշխատանքները: Ընտրվեց Իսակովի պողոտայի՝ ՀԱԹ եւ Չարբախ թաղամասերը միմյանց կապող հատվածը, որտեղից հատկացվել է երկու հեկտար տարածք: Այնտեղ իտալացիները կառուցելու են միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր հեծանվահրապարակ՝ անհրաժեշտ բոլոր օժանդակ հարմարություններով, ընդհուպ՝ մինչեւ ձմեռային մարզումների համար դահլիճ: Բանակցություններն արդեն կայացել են Երեւանի քաղաքապետարանի եւ «Ռենկո» ընկերության միջեւ, որոնց մասնակցել ենք նաեւ մենք՝ «Հայաստան» մարզական միությունը եւ մարզաձեւի ֆեդերացիան: Գոհունակությամբ պիտի նշեմ, որ մասնագետների ներկայացրած մասնագիտական բոլոր պահանջները «Ռենկո» ընկերությունը չի հրաժարվել կատարել: Իտալացիներն արդեն դիմել են մարզաձեւի միջազգային ֆեդերացիա՝ իրենց նախագծի լիցենզիան ստանալու համար»:

Հարցին, թե ավելի նպատակահարմար չէ՞ր լինի այդ կայանատեղին կառուցելուց հետո հեծանվահրապարակը թողնել իր տեղում, Ռազմիկ Ստեփանյանը պատասխանեց. «Չէի ասի, թե այս մարզակառույցը հարմար տեղում է: Հատկապես խճուղային հեծանվորդները տարածքից դուրս գալով՝ այսպիսի երթեւեկության պայմաններում վտանգում են իրենց կյանքը, մինչեւ հասնում են մարզման համար նախատեսված խճուղի: Եվ բավականին անիմաստ ժամանակ են կորցնում: Սա նաեւ մասնագետների կարծիքն է: Այնպես որ, կարծում եմ, այս գործարքը հաջողված է եւ բխում է նախ եւ առաջ մարզաձեւի շահերից»:

Վերջում հետաքրքրվեցինք, թե նոր հեծանվահրապարակի շինարարությունը ե՞րբ է սկսվելու եւ ավտոկայանատեղիի վրա որեւէ շինություն լինելո՞ւ է: «Ռենկոն» շահագրգռված է միջազգային ֆեդերացիայի համաձայնությունն օր առաջ ստանալու հարցում: Որքան շուտ նրանք նոր մարզակառույցը շահագործման հանձնեն, այնքան շուտ կսկսեն ավտոկայանատեղիի կառուցումը: Իսկ թե դրա վրա ի՞նչ կլինի, չեմ կարող ասել: Մեզ հետաքրքրել են միայն նոր հեծանվահրապարակը, մարզադպրոցը եւ մարզաձեւի հետագա ճակատագիրը»,- եղավ Ռ. Ստեփանյանի պատասխանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել