Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՂԱՎԱԶԱՆԸ ԿԾԱՌԱՅԻ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"ՀԱՕԿ-ի նախագահը բացօթյա լողավազանը վերադարձրեց ուսանողներին

Մոտ մեկ տարի է, ինչ Օղակաձեւ զբոսայգում գտնվող Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բացօթյա լողավազանի տարածքում շինարարական եռուզեռ է:

Տեսնելով շինարարության խոշորամասշտաբ ծավալները՝ շատերը կարծում են, թե տարիներ շարունակ անգործության մատնված լողավազանն այլեւս հիշողություն է դառնում, իսկ նրա տեղն ինչ-որ հերթական ռեստորան է կառուցվում:

«Առավոտը» զրուցեց ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանի հետ եւ պարզեց, որ, բարեբախտաբար, այս անգամ այդպես չէ: Ընդհակառակը, քաղաքի կենտրոնի միակ այդ բացօթյա լողավազանը հիմնանորոգվում է եւ կարճ ժամանակ անց դռները կբացի ազգաբնակչության առջեւ:

– Պարոն Առաքելյան, ինստիտուտի բացօթյա լողավազանը տասնամյակներ շարունակ երեւանցիների ամենասիրած մարզակառույցներից մեկն է եղել: Բայց, որքան տեղյակ ենք, վերջին 10-15 տարում շատերն են աչք ունեցել դրա վրա:

– Լողավազանը, եթե հիշողությունս չի դավաճանում, գործել սկսել է 1962 թվականին: Ես ինքս 1965-ին ինստիտուտ ընդունվելիս լողի քննությունն այստեղ եմ հանձնել: Անկախացումից հետո լողավազանի շահագործման հարցում լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք լուծելու համար հսկայական միջոցներ էին հարկավոր, ինչը, հասկանալի է, բացակայել է, ու լողավազանն աստիճանաբար դադարեցրել է գործունեությունը: Այդ ընթացքում ի հայտ են եկել կազմակերպություններ կամ անհատներ (հստակ ասել չեմ կարող), որոնք նախկին ռեկտորների հետ ինչ-ինչ համաձայնություններ են ձեռք բերել, գործարքներ արել: Պայմանների մասին կրկին տեղյակ չեմ: Այդ ժամանակ շատերը ցավով խոսում էին, թե լողավազանը պայմանագրով, իբր, վաճառվել է կամ երկարաժամկետ վարձակալության տրվել: Բայց թե իրականում ի՞նչ էր կատարվել՝ ոչ ոքի հայտնի չէր: Ո՞վ կարող էր մտածել, որ պետական լողավազանը հնարավոր է վաճառել: Հետագայում հայտնի դարձավ, որ գործարք կատարվել է հաջորդաբար երկու կազմակերպության կամ անհատների հետ, որոնցից վերջինը նախորդ պայմանագրի ժամկետը երկարացրել է եւս հինգ տարով:

Երբ արդեն ռեկտորը ես էի, այն ժամանակվա բանկի կառավարիչը զանգեց ինձ եւ տեղեկացրեց, որ լողավազանը հանում են վաճառքի: Պարզվում է, որ երկրորդ տերերը կառույցը նորոգելու, կարգի բերելու համար բանկից վարկ են վերցրել: Բայց ոչ միայն պարտականությունները կատարել, այլեւ պարտքը եւ տոկոսները վերադարձնել ի վիճակի չեն եղել: Եվ գումարը հասել է, եթե չեմ սխալվում, $300 հազարի:

– Եվ հանեցի՞ն:

– Ոչ: Սկսեցի խնդրի լուծման տարբերակներ որոնել: Այդ ժամանակ նոր էի ծանոթացել Գագիկ Ծառուկյանի հետ: Պատմությունը ներկայացրի նրան՝ խնդրելով օգնության ձեռք մեկնել եւ լողավազանը վերադարձնել ինստիտուտի հաշվեկշիռ: Համաձայնեց: Մարեց բոլոր պարտքերը, տոկոսները, եւ լողավազանը վերադարձրեց ինստիտուտին:

– Բայց կառույցն արդեն անօգտագործելի՞ էր:

– Այո: Լրիվ քայքայված ու թալանված: Եվ մինչ մենք մտածում էինք ստեղծված վիճակից ելք գտնելու մասին, լողավազանը ձեռք գցել ցանկացող նոր մարդիկ մեջտեղ եկան, որոնք շատ լուրջ էին տրամադրված: Ու որքան հասկացա, դրանով զբաղվում էին բարձր մակարդակով: Ստիպված նորից դիմեցի պարոն Ծառուկյանին: Զայրացավ: Ինքն առանց որեւէ ակնկալիքի մարել է հսկայական պարտքերը եւ լողավազանը վերադարձրել իսկական տիրոջը, որպեսզի հիմա էլ ուրի՞շ մարդիկ տիրանան: Եվ որոշեցինք լողավազանը համատեղ օգտագործել, որի մասին համապատասխան պայմանագիր ստորագրեցինք:

– Եվ ի՞նչ է նախատեսվում:

– Կառույցը շարունակում է մնալ ինստիտուտի հաշվեկշռում, այսինքն՝ ինստիտուտի սեփականությունն է, իսկ պարոն Ծառուկյանն իրականացնում է լողավազանի հիմնանորոգումը: Խոսքը միլիոնավոր դոլարների ներդրումների մասին է: Լինելու են շուրջտարի գործող երկու ավազաններ, որոնցից մեկը՝ մանուկների համար: Եղածին ավելանում են վարժասարքերի սրահները, սպորտով, առողջարարական ֆիզկուլտուրայով զբաղվելու համար անհրաժեշտ օժանդակ կառույցներ: Եվ այս բոլորը բավարարելու են միջազգային բոլոր պահանջները:

– Իսկ ի՞նչ ասել է համատեղ օգտագործում:

– Հայտնի է, որ մեր ինստիտուտում լողը պարտադիր ուսուցման առարկա է: Այսօր մեր ուսանողները լողի դասերն անցկացնում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցում: Բայց այդքան տարածություն գնալ-գալը որոշակի անհարմարություն է ուսանողության համար, մանավանդ՝ ձմռանը: Պարոն Ծառուկյանի հետ պայմանավորվել ենք, որ նոր լողավազանը ամեն օր, մինչեւ ժամը 14-ը կամ 15-ն անվճար ծառայելու է մեր ուսանողությանը եւ ինստիտուտի աշխատակիցներին, իսկ դրանից հետո՝ արդեն ազգաբնակչությանը: Ընդ որում, ՀԱՕԿ-ի նախագահը պարտադիր նախապայման է դրել, որ նորաստեղծ համալիրում անվճար սկզբունքներով գործելու են լողի եւ ջրային այլ մարզաձեւերի մանկական մարզական խմբեր:

– Լողավազանը գործելու է քաղաքի կենտրոնում, այն թաղամասում, որը շրջապատված է բուհերով: Մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները կարողանալո՞ւ են լողի իրենց դասերը նույնպես այդտեղ անցկացնել:

– Ուշադրության արժանի առաջարկ եք անում: Այդ հարցը կքննարկենք ու համոզված եմ, որ համապատասխան լուծում կլինի:

– Լողավազանը ե՞րբ կսկսի գործել:

– Ամենաուշը՝ եկող տարի: Այն ժամանակ, կարծում եմ, զրուցելու եւս մի առիթ կունենանք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել