Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագայում երիտասարդները սպորտային հեռանկար չունեն

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Պատճառը պետության կողմից ուշադրության պակասն է

Արմավիրի մարզի Ապագա գյուղը «սպորտային» դառնալու լուրջ հավակնություններ ունի, քանի որ երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն տարբեր մարզաձեւերի նկատմամբ, իսկ գյուղի մեծահասակ բնակիչները հպարտանում են, որ սպորտով զբաղվող ոչ մի երեխա կյանքի ճիշտ ուղուց չի շեղվել եւ հանցավոր ճանապարհով չի գնացել: Հավանաբար, դա է պատճառը, որ, նրանց խոսքերով, «չկա դպրոցահասակ մի երեխա, որ ծխախոտ օգտագործի, բոլորը նախընտրում են առողջ ապրելակերպը»:

Չնայած Ապագայի երիտասարդությունը ցանկություն եւ ձգտում ունի որեւէ մարզաձեւով զբաղվելու, բայց պետական օղակներում նրանցով հետաքրքրվող չկա, եւ ոլորտի պատասխանատուներն անտարբեր են երիտասարդ մարզիկների խնդիրների հանդեպ: Իսկ խնդիրներ՝ ինչքան ասես, եւ այդ փաստը հաստատում են ինչպես երիտասարդ մարզիկների ծնողները, այնպես էլ գյուղի հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի մարզիչ Արթուր Թովմասյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ իրենց դպրոցը տեղակայված է նախկին հանրախանութի շենքի մի փոքր հատվածում եւ զբաղեցրած տարածքը չի համապատասխանում այդ մարզաձեւի համար սահմանված եւ ոչ մի չափանիշի: «Սենյակը շատ փոքր է, երեխաների հետ ստիպված երկու հերթով ենք պարապում, որ հասցնենք: Եթե սահմանված չափանիշներով ղեկավարվենք՝ մեր զբաղեցրած տարածքում առավելագույնը պետք է պարապի 8 հոգի, բայց մենք ստիպված միանգամից 16 հոգու հետ ենք պարապում»,- ասաց Ա. Թովմասյանը:

Նշենք, որ հունահռոմեական ըմբշամարտով զբաղվում է ապագացի մոտ 50 երիտասարդ: Դպրոց կարող են ընդունվել 10 տարեկանից, իսկ վերջին տվյալով՝ գյուղի դպրոցի ավագ սանը 25 տարեկան է: Հաշվի առնելով նրանց տարիքային տարբերությունները եւ մի քանի այլ առանձնահատկություններ, պարապմունքների ժամանակ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի, բայց քանի որ տարածքը շատ փոքր է՝ բոլոր առանձնահատկությունները մի կողմ են դրվում եւ մարզումներն անցկացվում են ինչպես պատահի:

Պաշտոնյաների արհամարհական վերաբերմունքից վրդովվել են նաեւ մարզիկների ծնողները: Մասնավորապես, ապագացի Աշոտ Խադելյանը մեզ ասաց, որ ըմբշամարտի դպրոցը չունի համապատասխան մարզագույք, եւ իրենց երեխաները պարապում են այն ամենով, ինչ այդ պահին ձեռքները կընկնի: Ըստ նրա՝ ծանրաձողի քարերի փոխարեն երեխաները ստիպված ավտոմեքենայի անվադողեր են բարձրացնում: «Էս պայմանների համար ո՞ւր գնամ բողոքեմ, ո՞ր մի պաշտոնյան կընդունի գյուղացուն, որ մի հատ էլ մեր դժգոհությունը հայտնենք: Եկեք միասին գնանք, ձեր աչքով տեսեք՝ պաշտոնյաները մեզ կընդունե՞ն, թե՝ ոչ»,- հուսահատ նշեց Ա. Խադելյանը; Նա՝ որպես ծնող, ցավով էր նշում, որ գյուղի ըմբշամարտի դպրոցը Հայաստանի համար տվել է հայտնի մարզիկներ, ովքեր միջազգային մրցաշարերից հաղթանակներով են վերադարձել, սակայն չնայած փառավոր անցյալին, դպրոցն այժմ մատնված է անտարբերության: Ապագա գյուղի ըմբշամարտի դպրոցի սաներն են եղել Աբաս եւ Կնյազ Ջնդոյանները, որոնք Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը, Արման Մելիքյանը՝ դարձյալ Եվրոպայի 2-րդ մրցանակակիր, Անդրանիկ Խաչատրյանը նույն առաջնության 5-րդ տեղ գրաված մարզիկ է: Արթուր Շահինյանը նույնպես Ապագայի ըմբշամարտիկներից է: Նա աշխարհի տարբեր տարիների առաջնություններում զբաղեցրել է 2-րդ եւ 3-րդ մրցանակային տեղերը, մեկ անգամ էլ մրցանակ է բերել Եվրոպայի առաջնությունից:

Ապագան ունեցավ նաեւ «Պեկին 2008»-ի օլիմպիական խաղերի մասնակից: Այդ հեղինակավոր խաղերում Հայաստանը ներկայացրել էր 23-ամյա ըմբիշ Արման Ադիկյանը: Նա նաեւ աշխարհի առաջնությունում 5-րդ տեղն է գրավել: Ճիշտ է, օլիմպիական խաղերում Արմանը լուրջ հաջողություն չունեցավ, սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ այս օրերին ակտիվ մարզումների մեջ է եւ պատրաստվում է Հայաստանի եւ Եվրոպայի առաջնություններին: Նա հույս հայտնեց, որ այդ մրցաշարերում անպայման մրցանակային տեղ կզբաղեցնի:

Մարզիկներն ու նրանց ծնողները հույս ունեն, որ մեր թերթում իրենց մարզադպրոցի անմխիթար վիճակի մասին գրելուց հետո «սառույցը» կշարժվի եւ պաշտոնյաները գոնե մեկ-մեկ ուշադրություն կդարձնեն նաեւ մարզերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել