Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԸ «ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ» Է

Նոյեմբեր 15,2008 00:00

Մարզային պատասխանատուները դժվարացան նշել՝ արդյո՞ք պետությունը լիովին կատարում է իր ստանձնած պարտավորությունները:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրների թվում հոդված 48-ի 6-րդ կետով առանձնացված է նաեւ «խթանել ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը» դրույթը: «Առավոտը» մի քանի մարզպետարանների սպորտի հարցերով պատասխանատուներից հետաքրքրվեց, թե կոնկրետ իրենց մարզում զարգացածության ի՞նչ մակարդակի վրա է գտնվում սպորտը եւ 2008-ին պետությունը ինչպե՞ս է խթանել ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը:

Մեզ հետ զրույցում Լոռու մարզպետարանի սպորտի բաժնի մասնագետ Աշոտ Սողոյանը նշեց, որ իրենց մարզում միշտ էլ զանգվածային միջոցառումներ կազմակերպվում են, եւ այդ մրցույթներում, ոչ պաշտոնական հաշվարկով, վերջին 3-4 տարում Լոռու մարզը հանրապետության մասշտաբով զբաղեցրել է առաջին տեղը: «Շախմատի դպրոցահասակների օլիմպիադայում արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղն ենք գրավում: Անցյալ տարի ֆիզկուլտուրա առարկայից առաջին անգամ օլիմպիադա անցկացվեց՝ դարձյալ մեր մարզն էր առաջին տեղում: Վերջերս էլ Ալավերդիի մի քանի գյուղերի միջեւ մարզպետարանը կազմակերպել էր ֆուտբոլի առաջնություն: Այդ մրցաշարը գյուղերի երիտասարդության շրջանում մեծ աշխուժություն առաջացրեց: Հատկապես գյուղերում լավ աճող սերունդ ունենք եւ այսօր այնտեղից կարող ենք մեր հավաքականներ վերցնել մարզիկների, որոնք հետագայում լուրջ հաջողություններ կունենան: Օրինակ, Գուգարք համայնքի մարզադպրոցում հիմնականում ըմբշամարտ են պարապում, եւ այնտեղ հեռանկարային մարզիկներ շատ կան: Ուրախալին այն է, որ մենք մարզում միայնակ չենք, աշխատում ենք երիտասարդական կազմակերպությունների հետ, մեզ շատ են օգնում նաեւ կամավորները»,- ասաց Ա. Սողոյանը: Ըստ նրա, իրենց հիմնական խնդիրը դպրոցներում մարզագույքի բացակայությունն է, իսկ եթե մարզագույք կա էլ, ապա որոշ համայնքներում այնքան մաշված է, որ դրա օգտագործումը արդյունավետ չէ:

Ոչ պակաս կարեւոր մտահոգություն է նաեւ գյուղական բնակավայրերում սպորտի մասնագետների հաստիքի բացակայությունը: Պարոն Սողոյանի խոսքերով. «Եթե հաստիքներ լինեն՝ կկարողանանք մասնագետներով ապահովել գյուղերին եւ բավականին լուրջ արդյունքներ կարող ենք ունենալ: Այդ պարագայում՝ գյուղերի մարզիկների ներուժը կօգտագործվի ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության այլ մարզական թիմերում»: Ա. Սողոյանը նշեց, որ դեռեւս տարեսկզբին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի այցը Լոռու մարզ՝ կարող է «շրջադարձային» լինել, քանի որ նախարարը շրջել է մարզի երիտասարդական կենտրոններ ու մարզադպրոցներ եւ, տեսնելով տիրող անմխիթար վիճակը, խոստացել է, որ մոտ ժամանակներս աշխատանքներ կտարվեն մարզում՝ սպորտային կյանքը աշխուժացնելու համար, ինչպես նաեւ կթարմացվի մարզադպրոցների գույքը: Վերջում հետաքրքրվեցինք, թե հունվարից մինչ այսօր մարզպետարանը որքա՞ն գումար է հատկացրել մարզում մարզական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար: Պարզվում է, որ մարզպետարանն իր հաշվետվություններում սպորտին վերաբերող ծախսերի համար առանձին տող չի նախատեսում, ուստի Ա. Սողոյանը չկարողացավ գումարի չափ նշել. «Միայն կարող եմ ասել, որ հիմնական միջոցառումները մարզում անցկացվում են նախարարության եւ ֆեդերացիաների աջակցությամբ»:

Նշենք, որ հանրապետության բոլոր մարզպետարանների պաշտոնական կայքերում սպորտի համար նախատեսված որեւէ տվյալ չկա (օրինակ, Լոռու մարզպետարանի կայքը՝ http//lori.region. am), դրանով փաստելով, որ անգամ տարածքային կառավարման մարմինները սպորտին ուշադրություն չեն դարձնում, ուր մնաց թե՝ մարզպետները պահանջեն գյուղական համայնքապետերից:

Տարբեր մրցույթներ եւ օլիմպիադաներ անցկացվում են նաեւ Արագածոտնի մարզում, բայց թիմային հաշվարկով մարզն այնքան էլ չի փայլում իր հաջողություններով եւ բավարարվում է միայն միջին տեղեր զբաղեցնելով: Մեզ հետ զրույցում մարզպետարանի սպորտի բաժնի պատասխանատու, գլխավոր մասնագետ Աշոտ Սահակյանն ասաց, որ Արագածոտնում մարզպետարանի ենթակայությամբ գործող ընդամենը մեկ մարզադպրոց կա, իսկ 6 դպրոց էլ համայնքային ենթակայության են՝ Ապարանում, Թալինում, Աշտարակում, Ծաղկահովիտում եւ Քուչակում: Զրուցակցիս խոսքերով, մարզում ավելի «ռեյտինգային» մարզաձեւեր են ըմբշամարտն ու ֆուտբոլը:

Ինչպես Լոռիում, այնպես էլ այս մարզում մարզական կյանքի «ախտանիշը» բնութագրվում է «կայուն ծանր»: «Գյուղերում ինքնակառավարում է եւ սպորտի նկատմամբ վերաբերմունքը համայնքապետերից է կախված: Իրենք են որոշողը, թե իրենց համայնքում ինչն է պետք, ինչը՝ ոչ: Գյուղեր կան, որոնք չունենալով ֆինանսական հնարավորություններ՝ սպորտին ուշադրություն չեն դարձնում: Որպես օրինակ նշեմ Թալինի տարածքի մի քանի գյուղական բնակավայրերը, որտեղ թե՛ բնակչության թվաքանակն է քիչ, թե՛ սպորտի համար շենքային հարմարություններն են բացակայում: Սակայն, որպես հակակշիռ, նշեմ Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղը, որը հանրապետությունում եզակիներից է իր պատրաստվածությամբ: Ամեն բան գյուղապետից է գալիս: Արագածի գյուղապետը սպորտը շատ է սիրում եւ գյուղապետարանի աշխատակազմում հատուկ սպորտի մասնագետ է պահում: Դրա արդյունքն այն է, որ առանձին ֆուտբոլի թիմ ունեն, ամեն տարի գյուղում անցկացնում են շախմատի եւ վոլեյբոլի մրցաշարեր: Կարող եմ հստակ ասել, որ այս գյուղում սպորտը մասսայական զարգացում է ապրում»,- ասաց Ա. Սահակյանը: Նրա հավաստմամբ, իրենք հիմնականում աշխատում են հանրակրթական դպրոցների հետ եւ մարզի «դեմքը» հենց նրանք են պահում: «Առավոտի» հարցին, թե մարզպետարանը կարողանո՞ւմ է առաջընթաց ապահովել եւ բավարարել մարզի երիտասարդության հետաքրքրություններն ու պահանջները, Ա. Սահակյանն ասաց. «Իհարկե, չենք կարողանում նրանց պահանջները բավարարել: Մեր մարզը սպորտային կառույցներով հարուստ չէ»:

Արագածոտնում առողջ ապրելակերպ քարոզելու եւ երիտասարդներին սպորտի հետ կապելու, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրան զարգացնելու առումով՝ այս տարի պետությունը «խթանիչ» գրեթե ոչ մի քայլ չի արել եւ ամեն ինչ թողել է գալիք տարվա վրա: Մասնավորապես, 2009-ին նախատեսված է ավարտին հասցնել Աշտարակ քաղաքում տարբեր մարզաձեւերի համալիրի կառուցման աշխատանքները: Ապարանում նույնպես հույսները դրել են գալիք տարվա վրա՝ այստեղ նոր մարզադպրոցի են սպասում:

Մեզ հետ հրաժարվեց խոսել միայն Արմավիրի մարզպետարանի սպորտի բաժնի պատասխանատու Արագեղեցիկ Ամիրխանյանը: Նա մեզ փոխանցեց, որ մեր զրույցի թեման պետք է գրավոր փոխանցենք մարզպետ Աշոտ Ղահրամանյանին եւ միայն վերջինիս թույլտվության դեպքում ինքը կհամաձայնի հարցազրույց տալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել