Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՄԵԾ ԹԻՄԻ ԱՆԴԱՄ ԵՄ»

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Ասում է Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանը

Արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների ասոցիացիայի կողմից Ավանը ճանաչվում է մայրաքաղաքի լավագույն համայնքը: Իրենք՝ ավանցիները, նշում են, որ առանց այս յուրատիպ մրցանակաբաշխության էլ ոչ մեկը չի կարող անտարբեր մնալ ծայրամասային, բայց բարեկարգ եւ հարմարավետ բնակավայրի հանդեպ եւ առանձնահատուկ հարգանքով են շեշտադրում՝ «Մեր Տարոնի շնորհիվ»… Ի դեպ, Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանը ՀՀ նախագահի կողմից օրերս պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

– Պարոն Մարգարյան, ինչպե՞ս է ստացվում, որ համայնքը, որը ժամանակին գրեթե տարանջատված էր քաղաքից, այսօր առաջատար դիրքերում է:

– Ամեն բան հնարավոր է դառնում, հեշտ եւ իրականանալի, եթե կարողանում ես ճիշտ շեշտադրումներ անել:

– Եվ որո՞նք են Տարոն Մարգարյանի շեշտադրումները:

– Աշխատանք, նվիրվածություն, հարգանք: Չեմ կարծում, թե կսխալվեմ, եթե ասեմ, որ Ավանում բոլորն աշխատում են ի բարօրություն իրենց համայնքի, եւ ես վստահ եմ, որ անցել են այն ժամանակները, երբ ամեն ոք մտածում էր միայն իր եւ իր հարազատների մասին: Եվ դա կյանքի սոցիալական պայմանների տեսանելի բարելավման արդյունքներից մեկն է:

– Շատ են պատմություններն այն մասին, որ Ձեր հայրը՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, վարչապետության օրոք շարունակել է մնալ ժողովրդին մոտ կանգնած անձնավորություն……

– Իմ հոր հիշատակն ինձ ավելի է պարտավորեցնում աշխատելու: Այդ հիշատակը վառ է ոչ միայն մեր ընտանիքում, իր ընկերների շրջանում, Ավան համայնքում, այլեւ ողջ Հայաստանում: Մեր աշխատանքով եւ նվիրվածությամբ պարտավոր ենք քայլ առ քայլ մոտեցնել մեզ, իրականություն դարձնել մեր երազած Հայաստանը:

– Բոլո՞ր համայնքներն են այնպիսին, ինչպիսին Ավանն է:

– Ես չեմ ցանկանում խոսել մյուս համայնքներից, այնտեղ տիրող իրավիճակից կամ հատկապես մամուլում հրապարակվող նմանատիպ նյութերից: Յուրաքանչյուրը կատարում է իր վրա դրված աշխատանքը՝ իր ուժերի եւ կարողությունների համաձայն, եւ եթե մեկի մոտ ինչ-որ բան թերի է ստացվում, ապա անպայման մեկ այլ տեղ ինչ-որ բան ստացվում է ավելի լավ:

– Քանի որ խոսեցիք մամուլից, ինչպե՞ս եք վերաբերվում հայրենի մամուլին եւ հատկապես քննադատությանը:

– Եթե քննադատությունը փաստարկված է, ապա այն դրական դեր կարող է կատարել, եթե, իհարկե, հասցեատերը ունակ է ընդունել իր թերությունները: Ընդհանրապես՝ սխալ եմ համարում, երբ պաշտոնյան վախենում է քննադատությունից, քանի որ այն, կրկնում եմ, առավել լավ աշխատանքի խթան է հանդիսանում: Իսկ ինչ վերաբերում է հրապարակումներին, որոնք ողողված են անձնական բնույթի վիրավորանքներով, այն էլ՝ ասեկոսեների եւ հերյուրանքի մակարդակի վրա, ապա չեմ կարծում, թե դրանց ուշադրություն դարձնելը եւ պատասխանելը ճիշտ է:

– Պարոն Մարգարյան, չե՞ք ցանկանում ուժերը փորձել մեկ այլ ոլորտում:

– Ես մի մեծ թիմի անդամ եմ, եւ այդ թիմը չի սահմանափակվում Ավանի բնակիչներով, որոնց ես անսահման շնորհակալ եմ իրենց վստահության, համբերության եւ մեր ընդհանուր գործին ցուցաբերած աջակցության համար: 1996 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ, մեր կուսակցության ներսում կան գրված եւ չգրված բազում կանոններ, որոնցից մեկի համաձայն՝ թիմային շահը եւ գործելաոճը վեր է անձնական ցանկություններից: Իհարկե, ունեմ որոշակի պատկերացումներ ապագայի վերաբերյալ եւ կլինեմ այնտեղ, որտեղ իմ աշխատանքը առավելագույն արդյունավետությամբ կծառայի իմ քաղաքական ուժին եւ պետության ամրապնդմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել