Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց դիտորդ մարմնի եզրակացությունը

Նոյեմբեր 15,2008 00:00

Երեկ Երեւանի քաղաքացիական դատարանում (դատավոր՝ Կարինե Պետրոսյան) պետք է լսվեր «Առավոտ» օրաթերթի դեմ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակից Արթուր Ղեւոնդյանի հայցը:

«Առավոտը» դատարանին ներկայացրեց Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը: Հայցվոր Ա.Ղեւոնդյանը պարտավորվեց եզրակացությունը տպագրվելուց հետո հայցը ետ վերցնել:

«2008 թվականի հոկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին է դիմել «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը՝ խնդրելով ժուռնալիստական էթիկայի տեսանկյունից եզրակացություն տալ թերթի 2008 թվականի հունիսի 25-ի համարում հրապարակված «Եթե հարեւանդ ոստիկան է» հոդվածի վերաբերյալ։

Սույն եզրակացությունը պարզաբանում է հիշյալ հրապարակման համապատասխանությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 31 լրատվամիջոցների մշակած եւ ստորագրած Վարքականոնին։

Քննարկելով «Առավոտ» օրաթերթի 2008 թվականի հունիսի 25-ի համարում հրապարակված Ռուզան Մինասյանի «Եթե հարեւանդ ոստիկան է» հոդվածի համապատասխանությունը ԶԼՄ-ների Վարքականոնին, դիտորդ մարմինը արձանագրում է հետեւյալը.

Հոդվածում Վարքականոնի եւ մասնագիտական էթիկայի միջազգայնորեն ընդունված կանոնների միանշանակ խախտումներ չկան։

Միաժամանակ, որոշ տարակույսների տեղիք է տալիս «…Ղեւոնդյանը, գործի դնելով իր ոստիկանական կապերը…» արտահայտությունը, որը, ըստ հոդվածագրի, հիմնված է ԵԱՔԴ /0868/02/08/ գործով պատասխանող Գայանե Մարկոսյանի ցուցմունքների վրա, սակայն հոդվածում համապատասխան հղում արված չէ եւ ընկալվում է որպես հեղինակային խոսք։

Այսուհանդերձ, այն արտահայտությունները, որոնք վիճարկվում են իբրեւ «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ» եւ «փաստացի անճշտություններ», ոչ թե փաստեր են, այլ հոդվածում բերված փաստերի հիման վրա արված եզրակացություն կամ գնահատող դատողություն, իսկ դրանց ճշմարտացիությունը կամ իրականությանը համապատասխանությունը ապացուցելի չեն։ Այդ մասին նշված է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» գործով վճռի 46-րդ կետում. «Դատարանի կարծիքով, անհրաժեշտ է տարբերակում դնել փաստերի եւ գնահատող դատողությունների միջեւ։ Եթե փաստերի հավաստիությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունների ճշմարտացիությունն անապացուցելի է» (European Court of Human Rights, CASE OF LINGENS v. AUSTRIA, 08.07.1986, Application No: 9815/82, Publication: A103)։ Այս ձեւակերպումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետագայում եւս մի քանի անգամ օգտագործել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման առնչությամբ քննված նմանատիպ այլ գործերի վճիռներում։

Ռուզան Մինասյանի հոդվածում օգտագործված են որոշ սուր արտահայտություններ, որոնք արտացոլում են հասարակության մեջ արմատացած կարծրատիպերը եւ նույնպես լրագրողական մասնագիտական էթիկայի տեսակետից վիրավորանք համարվել չեն կարող»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել