Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈ՞ՒՄ ԵՆ

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Շրջանառության մեջ է դրվել «Տեղեկություն ստանալու ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) գնահատմամբ, «Տեղեկություն ստանալու ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանառության մեջ դրված նախագիծը «լի է բազմաթիվ թերություններով ու ներքին հակասություններով»: Կենտրոնը, «Առավոտի» տեղեկություններով, դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Լրատվամի՝ջոցների կարծիքով, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ բոլորովին նոր օրենք գրելու, երբ կառավարության կողմից առաջարկվել է միայն տեխնիկական փոփոխություններ կատարել։

Ըստ ԻԱԿ-ի՝ «Օրենքի վերտառությունն անընդունելի է»։ Աշխարհի 85 երկրներում ընդունված եւ գործող այս օրենքը կոչվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենք։ Նպատակը մեկն է՝ ներառել տեղեկատվության ազատության երկու կարեւորագույն բաղադրատարրերը։ Առաջինը վերաբերում է կառավարման համակարգի հրապարակայնության ապահովմանը, իսկ երկրորդը՝ քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքի ապահովմանը։ Գործող օրենքն այս երկու պահանջն էլ ներառում էր, իսկ առաջարկվող նախագծի շրջանակը, ըստ ԻԱԿ-ի, խիստ սեղմվել է՝ ներառելով միայն տեղեկատվության ազատության հասկացության մի մասը (2-րդ մասը)։ ԻԱԿ-ի կենտրոնի պատասխանատու Շուշան Դոյդոյանի դիտարկմամբ՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է գրվել մի օրենքի նախագիծ, որտեղ հաշվի չի առնվել միջազգային փորձը:

Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվել են բազմաթիվ սահմանափակումներ: Ընդլայնվել է գործող օրենքով սահմանված 5 խումբ գաղտնիքների ցանկը՝ ներառելով եւս 15 խումբ։ ԻԱԿ գնահատմամբ՝ «նախագիծը չի նշում, որ այս ցանկը սպառիչ է, այսինքն՝ հետագայում եւս հնարավոր է այդ ցանկը երկարացնել, ինչի հնարավորությունը բացառում է գործող օրենքը՝ հստակ սահմանելով, որ օրենքում սահմանվող գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը սպառիչ է»։ Առաջարկվող սահմանափակումները ենթակա են կամայական մեկնաբանությունների եւ որեւէ հիմնավորում չկա առ այն, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվի տեղեկատվություն տնօրինողը, որոշելու՝ արդյո՞ք խնդրվող տեղեկատվությունը կարելի է դասակարգել այդ սահմանափակումների թվում, թե՞ ոչ:

ԻԱԿ-ի առարկությունների մեջ նշվել է նաեւ այն, որ «Օրենքի կարգավորման շրջանակից դուրս է թողնվել հանրային նշանակության մասնավոր ընկերությունների մի ամբողջ խումբ՝ այն մարմինները, որոնք հանրությանը ծառայություններ էին մատուցում առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի եւ կապի, կոմունալ ոլորտներում (օրինակ՝ մասնավոր բուհերը, առողջապահական հիմնարկները, մասնավոր դպրոցները եւ այլն)»։

Նախագծից հանվել են մարդու իրավունքների պաշտպանության եւ իրական մասնակցության ապահովման համար անհրաժեշտ շատուշատ դրույթներ: Մասնավորապես, նախագծի 9-րդ հոդվածով սահմանափակվում է քաղաքացու՝ բանավոր հարցմամբ պատասխան ստանալու իրավունքը՝ ներկայացնելով այն մի քանի խումբ տեղեկատվությունը, որը կարող է տրամադրվել բանավոր: Սրանից բխում է, որ ցանկից դուրս մնացած ցանկացած բանավոր տեղեկատվություն կարող է մերժվել: Լրատվամիջոցների համար էլ «անակնկալ» կար. լրագրողը չի կարող դատական վարույթում ներկա գտնվել: Հավանաբար՝ լուսաբանել դատական նիստերը, տեղեկություններ տալ դատարաններից:

«Առավոտի» հարցմանը, թե ինչո՞ւ նորից «հիշվեց» ՏԱ օրենքը, որը ԶԼՄ օրենքի հետ զսպաշապիկի դեր խաղաց, ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը երեկ ասաց. «Օր օրի բարելավվում է գործող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան։ Բավական է միայն նշել, որ արդեն իսկ կան դատական 35 որոշումներ՝ այդ օրենքի կիրառումն ապահովող, որոնց 80%-ից ավելին եղել է քաղաքացու՝ տեղեկություն ստանալու իր խախտված իրավունքը վերականգնելու օգտին։ Գործող օրենքը մեր երկրի այն եզակի բացառիկ օրենքներից է, որ ընդունվել է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության եւ ջանքերի շնորհիվ։ Միաժամանակ, այն բարձր գնահատականի է արժանացել Եվրոպայի խորհրդի, «Արտիկլ-19» միջազգային կազմակերպության եւ այլ միջազգային կառույցների փորձագետների կողմից։ 2003-ից ի վեր գործող օրենքը եղել է հատկապես լրագրողների իրավունքների պաշտպանության կայուն երաշխիք, որի օգնությամբ մամուլը կարողացել է ստանալ հանրային կարեւորագույն նշանակություն ունեցող տեղեկություններ։

Այսպիսով, ամենեւին չկա նոր օրենքի նախագծի մշակման անհրաժեշտություն։ Տեղյակ եմ, որ նոր նախագիծը արդարադատության նախարարության կողմից մշակվել է այն մտահոգությամբ, որ գործող օրենքը սահմանում է երկու կարգերի ընդունում կառավարության կողմից, ինչը մինչ այժմ չի արվել։ Միաժամանակ, այդ երկու կարգերի բացակայությունը խոչընդոտ է եղել մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի իրացման ճանապարհին։ Այս հիմնախնդիրը գործող օրենքի շրջանակում հեշտությամբ կարգավորելու փոխարեն մշակվել է բոլորովին նոր նախագիծ՝ վերոնշյալ առանցքային թերություններով։ Այս մոտեցումը մերժելի է։ Հիմնախնդիրը հեշտությամբ կարելի է լուծել գործող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակում եւ միմիայն քաղաքացիական հասարակության անմիջական մասնակցության միջոցով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել