Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիու թյունից հրաժարվում է

Նոյեմբեր 15,2008 00:00

Բաքվից բռնագաղթած Ասյա Հարությունովան ոչ մի կերպ իր տեղը չի գտնում Հայաստանում

«Եթե այս պետությունը չի ցանկանում ինձ օգնել, ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Թող ինձ հետ ուղարկեն Բաքու: Այստեղ ինձ թուրք են համարում եւ ոչ ոք ձեռք չի մեկնում, իսկ Բաքվում գոնե «էրմենի» էին ասում: Ես անգամ պարտրաստ եմ պարտք անել ու վճարել այն գումարը, որը պահանջվում է մուծել քաղաքացիությունից հրաժարվելու համար»,- օրերս «Առավոտին» դժգոհեց մեր խմբագրություն այցելած՝ Ադրբեջանից բռնագաղթած 62-ամյա Ասյա Հարությունովան: Նա արդեն 20 տարի սպասում է, թե վերջապես ՀՀ կառավարությունը ե՞րբ է իրեն բանկարան գնելու վկայական (ԲԳՎ) հատկացնելու: Տիկին Ասյայի պատմելով՝ ապրում է Նորք-Մարաշում գտնվող «Գավառ» հանրակացարանում, որտեղ բնակվելու համար անմարդկային պայմաններ են. «Խոնավ է, ցուրտ, երբ բնակարանի համար դիմում եմ փախստականների վարչություն, պատասխանում են՝ առայժմ սերտիֆիկատը մարզերին ենք տալիս, դեռ Երեւանի հերթը չէ: Ես հո երիտասարդ չեմ, որ երկար սպասելու ժամանակ ունենամ: Բացի այդ, ուզում եմ իմ տունն ունենալ ու մարդավարի ապրել: Այս հանրակացարանում մեզ մարդու տեղ չեն դնում: Խնդրում եմ տեղափոխեն գոնե լուսավոր եւ արեւկող սենյակ՝ մերժում են»:

Տիկին Ասյան նաեւ պայքարում է իր 2 տարվա աշխատանքային ստաժը վերականգնելու համար: 1990-92թթ. նա աշխատել է «Առեւտրական տնօրինություն» հիմնարկում, սակայն երբ այդ ընկերության տնօրինությունը տիկին Ասյային աշխատանքային ստաժի մասին փաստաթղթեր է տվել, դրանք եղել են առանց համապատասխան կնիքի, ինչն էլ այժմ մեծ խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի կինն իրեն հասանելիք ստաժով թոշակ ստանա:

«Բարեգործություն» կազմակերպությունում, որտեղ Ա. Հարությունովան եւս աշխատել է, ստաժի մասին փաստաթղթերը նույնպես առանց կնիքի են նրան տրվել: Այս կազմակերպությունում տիկին Ասյան աշխատել է մոտ 1 տարի. «Ինձ համար այս 3 տարիների ստաժը շատ կարեւոր է, գոնե իմ եղած 12 հազար 500 դրամ թոշակին մի բան կավելանա: Հիմա էլ, որ դիմում եմ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը՝ անվճար փաստաբանական օգնություն ստանալու համար, ինձ տնօրենն ասում է. գնա հայերեն սովորի՝ նոր արի, մինչեւ չսովորես՝ ոչ մի բան էլ չենք անի: Ո՞ւմ ինչ գործն է, թե ես որ լեզվով եմ խոսում, իմ կրթությունը ռուսական է եւ ես դժվարանում եմ հայերեն խոսել, ո՞վ է տեսել, որ լեզվի համար մարդուն չօգնեն: Ինչո՞ւ են խտրականություն դնում»: Ա. Հարությունովան այս խնդիրների առնչությամբ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմին, սակայն դեռ ոչ մի արձագանք չի ստացել:

Երեկ քաղաքաշինության նախարարությունից «Առավոտին» հայտնեցին, որ Երեւան քաղաքին ՀՀ կառավարությունը կանդրադառնա 2009-ի բյուջեն հաստատելուց հետո: Դրանից հետո ԲԳՎ-ի բաշխումը կլինի ըստ ցուցակների, որը տրամադրում է Միգրացիոն գործակալությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել