Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԵՍԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Ֆրանսիա մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիների հավաստմամբ, դեսպանատունն իրենցից այնպիսի փաստաթղթեր է պահանջում, որ պարզապես անհնար է գտնել:

Վերջին շրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, առանց որեւէ հիմնավորման եւ բացատրության, մերժում է Ֆրանսիա մեկնել ցանկացող ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին: Ընդ որում, մերժման որոշումը կայացվում է դեսպանատուն դիմողներին տարբեր փաստաթղթեր հայթայթելու համար մի տասն անգամ տանել-բերելուց հետո: Դեսպանատունը պահանջում է անգամ այնպիսի փաստաթղթեր, որոնց գտնելը եթե ոչ անհնար, ապա շատ բարդ ու ժամանակատար է: Ասենք, պահանջում է ներկայացնել տեղեկանք այն մասին, որ Ֆրանսիայի քաղաքացի համարվող ձեր բարեկամը որքան պարտաճանաչորեն է կատարել իր հարկային պարտավորությունները, կամ փաստաթուղթ այն մասին, որ նա երբեւիցե չի տուգանվել, ասենք, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Դեսպանատունը մերժում է ոչ միայն անհատ քաղաքացիներին, մերժում են ստանում նաեւ տուրօպերատորների միջոցով կազմակերպված խմբերը: «Առավոտի» հետ զրույցում մի քանի տուրիստական գործակալություններ հավաստիացրին, որ մուտքի թույլտվություն չեն ստանում մեր երկրի անգամ այն քաղաքացիները, որոնք արդեն մի քանի անգամ մեկնել են Ֆրանսիա եւ առանց օրենքի խախտման՝ սահմանված ժամկետում վերադարձել են:

«Աքվարիուս թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Տիգրան Ղահրամանյանի ներկայացմամբ, քանի դեռ մեր երկրում գործում են Ֆրանսիայի դեսպանատան նման կառույցներ, որոնք անտրամաբանական որոշումներ են կայացնում, տուրիզմի զարգացման մասին խոսելն ավելորդ է. «Ֆրանսիայի դեսպանատունը շատ անհասկանալի եւ անսպասելի մոտեցում է ցուցաբերում: Երբեք չես կարող հասկանալ, թե նա ինչ որոշում կկայացնի եւ այդ որոշման պատասխանը որտեղից կարելի է գտնել, որովհետեւ դա ուղղակի կարող է լինել անտրամաբանական: Կարող ես այնպիսի հաճախորդի գործեր ներկայացնել, որը ե՛ւ սոցիալապես շատ բարձր խավի ներկայացուցիչ է, ե՛ւ ֆինանսական մեծ հնարավորությունների տեր է, ե՛ւ, պարզապես, ցանկանում է գնալ իրենց երկրում ճամփորդել, բայց դեսպանատունը հենց այնպես մերժում է կամ ընտանիքի որոշ անդամներին թույլ է տալիս, իսկ մյուսներին՝ ոչ: Այդ ամենը խոչընդոտ է, եւ, ինքնըստինքյան, այն երկրներում, որտեղ վիզայի հետ կապված խնդիրներ կան, կազմակերպված տուրիզմի մասին խոսելն ավելորդ է: Մեր պայմանավորվածությունը լինում է նախօրոք, այսինքն՝ նախապես տուրիստների խմբեր հավաքելով, պլանավորում ենք մեր անելիքը: Բայց դեսպանատան պատճառով այդ նախօրոք պլանավորումը կարող է հեշտ ու հանգիստ տապալվել»: Ըստ Տ. Ղահրամանյանի, այս հարցի կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի մեր պետական կառույցները հստակեցնեն դեսպանատների հետ աշխատելու կանոնները. «Հայաստանում աշխատող տուրգործակալությունները պետք է ունենան պետական հովանավոր: Եթե մենք դեսպանատների հետ աշխատում ենք արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների միջոցով, ապա նրանք պետք է հստակեցնեն դեսպանատների աշխատանքային մեխանիզմը: Խնդիրն այն է, որ դա մշակված չէ եւ այսօր ընդհանրապես գոյություն չունի: Դրա համար էլ ցանկացած դեսպանություն տուրիստներին վերաբերվում է այնպես, ինչպես կամենում է: Օրինակ՝ դեսպանատան հյուպատոսական բաժինը կարող է առանց տեղեկացման փոփոխել վիզայի համար վճարվող գումարային արժեքները»:

«Ֆայֆ ստար թրավել» տուրգործակալության տնօրեն Եղիշե Թանաշյանն էլ ասաց, որ Ֆրանսիայի դեսպանատան աշխատանքի հետ կապված բազմաթիվ բողոքների առնչությամբ իրենք դիմել են դեսպանատուն, սակայն վերջիններս կտրուկ արգելել են իրենց խառնվել եւ առավել եւս միջամտել իրենց գործունեությանը. «Մենք նախկինում խուսափել ենք այն ուղղություններից, որտեղ մեկնելու համար վիզայի հետ կապված խնդիրներ են առաջացել: Մեր տուրիստներին աշխատում ենք ուղարկել ազատ վիզայի ռեժիմ ունեցող երկրներ՝ Եգիպտոս, Թուրքիա, Հնդկաստան եւ այլուր: Բնականաբար, դեսպանատների հետ կապված խնդիրներ ունեցել ենք: Լինում են դեպքեր, երբ հաճախորդի եւ մեր կարծիքով՝ մերժումը եղել է անհիմն: Այդ հարցով փորձել ենք դիմել դեսպանատուն, բայց այնտեղ մեզ կտրուկ արգելում են խառնվել հյուպատոսական գործերին: Ըստ իրենց, զբոսաշրջիկը մերժման պատճառները իմանալու համար կարող է գրավոր դիմել դեսպանատուն, սակայն պատասխանել-չպատասխանելու իրավունքը դարձյալ իրենցն է: Իրենց խոհանոցն է, ոչինչ չես կարող անել»:

«Տաթեւ» ճամփորդական գործակալության» մենեջեր Արամ Տոնոյանը եւս հավաստեց, որ հատկապես վերջերս Ֆրանսիայի դեսպանատունը շատ անհասկանալի եւ արհամարհական վերաբերմունք է դրսեւորում ՀՀ քաղաքացիների հանդեպ. «Բոլոր այն մարդիկ, որ դիմում են մեզ եւ ցանկանում են մեկնել Ֆրանսիա, մերժում են ստանում: Նրանք գալիս եւ մեզնից են ցանկանում պատճառներն իմանալ, մենք էլ նրանց ասում ենք, որ պատճառները պետք է ճշտել դեսպանատնից, սակայն դեսպանատունը ոչ մեկին պատասխան չի տալիս»:

Այս առնչությամբ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն «Առավոտին» պարզաբանեց. «Հայտնի է, որ Եվրամիության երկրները խիստ են իրենց վիզային ռեժիմում, դրա համար Հայաստանը դարձրել է Եվրամիության հարեւանության ծրագրի շրջանակներում օրակարգային առարկա: Բավականին լուրջ երկխոսություն կա Եվրամիության հետ, որպեսզի հեշտացվի վիզային հրավերների համակարգը: Բայց պետք է ճանապարհ անցնենք, որովհետեւ պետք է մեկս մյուսին համոզենք, որ իրոք համակարգերը աշխատում են, որպեսզի վիզային ռեժիմը ավելի մեղմ լինի»:

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված «Ամենամյա 8-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի» պաշտոնական բացմանը հրավիրվել էր նաեւ Ֆրանսիայի փոխհյուպատոս Վալերի Նալիվաեւը, որը, տուրգործակալությունների խնդրանքով պետք է իրենց հետ դեմ առ դեմ զրուցեր այդ խնդրի մասին: Սակայն վերջին պահին նա պատճառաբանել է, որ խորհրդակցություն ունի եւ հանդիպմանը չի կարող ներկայանալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել