Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միացումի» միջոցառումը տապալեցին

Նոյեմբեր 15,2008 00:00

Նախաձեռնության անդամների համոզմամբ՝ դա արվել է ՀՀ իշխանությունների եւ ԱԱԾ-ի հրահանգով

«Միացում» ազգային նախաձեռնությունը դեռ նախօրեին էր նախատեսել այցելել Վաղարշապատ՝ Էջմիածին քաղաք, որտեղ նույն օրը, ժամը 17-ին, մշակույթի պալատում տեղի էր ունենալու նախաձեռնության կազմակերպած միջոցառումը՝ ի պաշտպանություն ազատագրված տարածքների: Ծրագրված էր, որ միջոցառման ընթացքում, մշակույթի տան դահլիճում, ցուցադրվելու է Տիգրան Խզմալյանի «Արաքսից՝ Կուր, Արցախից՝ Ջավախք» վավերագրական ֆիլմը, իսկ դրան հաջորդելու էր քննարկում՝ «Հայաստանի ազատագրված տարածքի կենսական նշանակությունը Հայաստանի ապագայի համար» թեմայով:

Սակայն, ինչպես պարզվել է արդեն Վաղարշապատում, մշակույթի տունը պատրաստ չէր հյուրընկալել «Միացում» նախաձեռնությանը: Էջմիածնի նորընտիր քաղաքապետ՝ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, չնայած նախաձեռնության անդամների հետ ավելի վաղ կայացված համաձայնության, երեկ հրաժարվել է մշակույթի տան դահլիճը տրամադրել Երեւանից եկած հյուրերին: Պատճառաբանությունն այն է եղել, թե դահլիճը զբաղված է: Ավելին, հենց տեղում է պարզվել, որ քաղաքի՝ Կոմիտասի անվան մշակույթի պալատի դահլիճի զբաղված լինելու մասին քաղաքապետարանը նոյեմբերի 12-ին է գրությամբ տեղեկացրել նախաձեռնության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: «Միացումի» ներկայացուցիչների համոզմամբ, իրենց միջոցառմանը խոչընդոտելու եւ քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չեղյալ համարելու հրահանգը քաղաքապետարանին իջեցրել են ՀՀ իշխանություններն ու նաեւ ԱԱԾ-ն: «Իշխանությունների կողմից կա ճնշում։ Ճնշումը հավանաբար եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից։ Երեւի մտածում են՝ հեղափոխություն ենք անելու»,- հեգնանքով հայտարարել է Զ. Փոստանջյանը։

Ֆիլմի դիտում, բնականաբար, տեղի չի ունեցել: Փոխարենը, մշակույթի պալատի դիմաց կայացել է մինի-միտինգ, եւ նախաձեռնության անդամները խոսել են Հայաստանի համար տարածքների վերադարձի վտանգավորության մասին: Ընթերցվել է «Միացում» նախաձեռնության հայտարարությունը, որում ասված է, թե՝ 2008թ. վերջին ամիսները եւ 2009 թվականը մեծ վտանգով են սպառնում Հայաստանին եւ հայությանը. «ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Թուրքիան մրցարշավի են դուրս եկել՝ ԼՂ հակամարտությունը յուրաքանչյուրը հօգուտ իր ռազմավարական շահերին ծառայեցնելու նպատակով: Բոլոր «միջնորդությունների» եւ «հակամարտությունը կարգավորելու» ուղղությամբ կատարվող «օգնությունների» առանցքը հայկական ուժերի կողմից ազատագրված տարածքների հանձնումն ու այդ տարածքներում օտար ուժերի տեղակայումն է: Ամենասարսափելին այն է, որ ՀՀ իշխանությունները սկզբունքորեն համաձայն են հանձնմանը եւ այդ առնչությամբ Ադրբեջանի հետ նրանց տարակարծությունները վերաբերում են մանրամասնություններին եւ տեխնիկական բնույթի հարցերին, մինչդեռ բուն Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախանալն ապագայում իրավականորեն երաշխավորվելու պարագայում նրանք պատրաստ են ազատագրված տարածքները հանձնել գրեթե ամբողջությամբ»: Նախաձեռնությունը նաեւ հայտարարել է, թե պետք է «վճռականապես եւ մեկընդմիշտ բացառեն հայրենի հողը հանձնելու ցանկացած մտադրություն»:

Նախաձեռնության անդամների հաջորդ այցը կլինի Արմավիր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել