Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴԱՐՁՅԱԼ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Դժգոհում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ հիշեցնում, որ կառավարության 2008-2012 ծրագրով հավակնում ենք Հայաստանը դարձնել ԵՄ տարածաշրջանային մշակույթի կենտրոն։

Կառավարության նոյեմբերի 13-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչ օրակարգին անցնելն անդրադարձել էր կառավարությանն ուղղված՝ պատգամավորների գրավոր հարցումներին, որոնց նկատմամբ, ըստ նրա, պետք է չափազանց ուշադիր լինեն: Եվ այս կապակցությամբ անդրադարձել էր մասնավորապես ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցադրումներին, որոնք բազմիցս հնչել են՝ խոսքը Երեւանում անօրինական շինարարության մասին է. «Այս հարցը մտահոգում է բոլոր երեւանցիներին, նաեւ՝ քաղաքաշինության նախարարին: Մենք այս խնդիրը քննարկել ենք կառավարությունում: Ավելի՛ն, պետք է խոստովանենք, որ քաղաքաշինության նախարարի եւ քաղաքապետի պատասխանների մեջ կան հակասություններ: Հանձնարարվում է քաղաքապետին՝ պատրաստել հաշվետվություն: Կառավարության հաջորդ նիստը մենք կսկսենք քաղաքապետի հաշվետվությունից՝ ի՞նչ իրավիճակ է Երեւան քաղաքում անօրինական շինարարության հետ կապված, եւ ի՞նչ միջոցառումներ ենք մենք ձեռնարկելու այսուհետեւ բացառելու անօրինական շինարարությունը Երեւանում»:

Լիլիթ Գալստյանը երեկ «Առավոտին» պատմեց, որ իր հարցադրումներին ի պատասխան՝ մինչ այս պատճառաբանում էին օրենքների անկատարությունը. «Բայց ես գտնում եմ, որ որեւէ խնդիր լուծելու համար նախ եւ առաջ հարկավոր է քաղաքական կամք եւ հետեւողականություն: Եվ նույնիսկ այսօրվա նվազ ձեւավորված օրինական դաշտի պայմաններում, այնուամենայնիվ, եթե դրսեւորվի բավարար քաղաքական կամք, որոշ ապօրինություններ կարելի է վերացնել. խոսքս վերաբերում է ապօրինի շինարարություններին եւ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացված շինարարությանը: Ես այն համոզմանն եմ, որ այնուամենայնիվ՝ վարչապետը կկարողանա իր խոսքի տերը լինել՝ այս հարցում հետեւողականություն ցուցաբերելու: Քանի որ այսօր խաղասեղանին Երեւանի նկարագրի ու զարգացման հեռանկարի հարցն է ու նաեւ մեր իրավունքների՝ որպես երեւանցիների, մեր ավանդույթների պաշտպանության հարցը»:

Նշենք, որ ինքը՝ Լիլիթ Գալստյանը, խիստ հետեւողական է ոչ միայն Երեւանում ապօրինի շինարարության, այլ նաեւ մշակույթի խնդիրների վերաբերյալ իր մտահոգությունները բարձրաձայնելիս: Որպես սրա ապացույց՝ մի քանի մեջբերումներ անենք 2009-ի պետբյուջեի նախագծի վերաբերյալ նրա ելույթից: ՀՅԴ խմբակցության պատգամավորն ուրախությամբ նշելով, որ 2008-ի համեմատ՝ 123.4 մլրդ դրամով ավելացել է բյուջեի ծախսային մասը՝ նշեց. «Ցավոք սրտի, այս տարի եւս ոլորտը, որի նկատմամբ հատուկ սրտացավություն ունեմ՝ խոսքը մշակույթի մասին է, դարձյալ հայտնվել է լուսանցքային վիճակում։ Հանձնաժողովում, բյուջեի քննարկման ժամանակ, ֆինանսների փոխնախարարն իմ այս գնահատականին չհամաձայնեց, առարկելով, թե ճաշակի հարց է։ Ես, իհարկե, համաձայն չեմ այսպիսի դիտարկմանը՝ այն պարզ պատճառով, որ պետության եւ պետականության համար մշակույթը նախ եւ առաջ քաղաքականության ու քաղաքական արժեհամակարգի հարց է, եւ իրական մշակույթը ենթակա չէ որեւէ պաշտոնյայի ճաշակի տրամաչափին»։

Եվ որպես ապացույց, որ մշակույթը հաջորդ տարի եւս մնալու է լուսանցքային վիճակում՝ հիշատակեց հետեւալ փաստերը. «2009-ի պետբյուջեի նախագծով նախատեսված 10% աշխատավարձի բարձրացմամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության համակարգում, ինչպես նաեւ՝ մարզային ենթակայությամբ գործող 16 գրադարանների, 39 թանգարանների, 40 թատերահամերգային կազմակերպությունների միջին աշխատավարձը (շուրջ՝ 5348 աշխատողներ) կկազմի 47827 դրամ, ինչը սոցիալական այլ ոլորտների միջին հաշվարկային աշխատավարձից նվազ է շուրջ 2-3 անգամ։ Ի դեպ, այս 47 հազարը ոլորտի միջին աշխատավարձն է, իսկ օրինակ՝ աշխատավարձի 10%-ի բարձրացման արդյունքում Պարի պետականում 2009-ին կստանան 39191 դրամ, «Բարեկամություն» համույթում՝ 40 735 դրամ, թատրոններում՝ 42-46 հազար դրամ։ Եվ սա այն դեպքում, որ հենց այս կոլեկտիվներն են մեր ազգային ինքնության մշակութային դեմքն ապահովողները եւ ոչ թե ֆոնոգրամայով մեկ երգի համար 400 դոլար պահանջող «աստղերը»։

Այս կապակցությամբ անդրադառնալով վերջին շրջանում նորաձեւ դարձած սերիալների եւ այնտեղ նկարահանվող դերասանների քննադատությանը՝ Լիլիթ Գալստյանն ասաց. «Ես էլ եմ քննադատողների շարքում, բայց մեզ հարց տալի՞ս ենք՝ լա՞վ կյանքից են դերասանները, նույնիսկ ժողովրդական ու վաստակավոր, հայտնվել էժանագին սերիալներում: Իհարկե ո՛չ՝ պարզ սոցիալական խնդիր են լուծում, որովհետեւ թատրոնում ստացած 30-35 հազարով չեն ապրի։ Իսկ թատրոնների գեղարվեստական ղեկավարները չեն կարողանում խաղացանկ ձեւավորել եւ լռում են, որովհետեւ թատրոնը վճարունակ չի։ Իսկ մշակութային ավերը գողականություն երկրպագող սերիալների եւ կիսագրագետ աստղերի տեսքով ամեն օր հեռուստատեսությամբ լցվում է մեր տները»:

Որպես համեմատություն՝ հիշեցրեց, որ բժիշկների ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել 92.4 հազար դրամ, իսկ մանկավարժներինը՝ 116.3 հազար դրամ: «Անկեղծորեն, ես այս համեմատությունը կոռեկտ չեմ համարում, բացարձակապես չեմ թերագնահատում ո՛չ ուսուցիչների, ո՛չ բուժաշխատողների վաստակն ու դերակատարությունը. նրանք ավելիին են արժանի: Բայց եթե նրանք ֆիզիկական ու գիտելիքի անվտանգության խնդիր են լուծում, ապա ոչ պակաս կարեւոր է նաեւ հոգու անվտանգությունը,- ասաց Լիլիթ Գալստյանը:- Ես այս համեմատությունը պարզապես բերում եմ, որպեսզի փորձեմ հասկանալ, թե մեր կառավարությունն աշխատավարձեր սահմանելիս ի՞նչ փիլիսոփայությամբ կամ կողմնորոշիչներով է ուղեկցվում։

Ինձ կպատասխանեք՝ կառավարության ծրագրերով սահմանած գերակայություններ եւ ռիսկային ոլորտներ կան։ Այո՛, բայց բոլորիս հայտնի այդ ռիսկային ոլորտներում պարբերաբար եւ թռիչքաձեւ բարձրացնում ենք աշխատավարձերը, ամեն տեսակի խրախուսման ֆոնդեր ենք ստեղծում, բայց այդպես էլ հանրապետությունում ո՛չ կոռուպցիոն ցուցանիշներն են նվազում, ո՛չ դատաիրավական համակարգն է անհրաժեշտ անկաշառություն եւ անկախություն դրսեւորում, ո՛չ էլ մեր քաղաքացիների իրավունքներն են պատշաճ պաշտպանվում»։

Առաջարկեց անդրադառնալ աշխատավարձերի այս տարբերության նվազեցման, ոլորտի բազային աշխատավարձի խնդրին։ Եվ նշեց, որ հետեւյալ առաջարկը գրավոր ներկայացրել է կառավարությանը՝ 2009-ի բյուջեում մշակույթի ոլորտի աշխատավարձերը բարձրացնել 30%-ով։

Ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավորի՝ «Գիտակցելով թե ոչ, մեր հասարակական կյանքում նվազեցնելով ազգային մշակույթի դերն ու նշանակությունը, աղքատացնում ենք մեր ողջ հասարակությունը, համաշխարհայնացման դեմ դառնում անմրցունակ ու խոցելի»։ Եվ որպես վերջաբան՝ հիշատակեց, թե երբ մարզահամերգային համալիրում նշում էինք Ջիվան Գասպարյանի 80-ամյակը՝ «Խելամիտ էինք գտնվել եւ մեր մշակութային հպարտությունն արտահայտված էր մեր լավագույն մշակութային դեմքերով, նրանց թվում՝ Պարի պետական անսամբլը։ Նայում էի նրանց հրաշալի կատարումը եւ մտքիս մեջ մեկ նախադասություն էր տրոփում՝ արտիստներից յուրաքանչյուրը 36 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իսկ սպառողական զամբյուղը 38 հազար է, իսկ գնաճը՝ 9.9%։ Ես այս նախադասությունը փոխանցում եմ ձեզ եւ հիշեցնում, որ կառավարության 2008-2012թթ. ծրագրով հավակնում ենք Հայաստանը դարձնել Եվրամիության տարածաշրջանային մշակույթի կենտրոն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել