Նոյեմբերի 12-ին «Փաստարկ» ակումբում, խոսելով ընդդիմության լիդերների նախապատրաստվող դատավարության՝ «7-ի գործի» մասին, ՀԺԿ նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ այդ գործը շինծու է: Ըստ նրա, նույնիսկ ԱԱԾ-ի կողմից մինչեւ մարտի 1-ը եւ այդ օրը ներառյալ իրականացված ընդդիմության լիդերների հեռախոսազրույցների գաղտնալսումը վկայում է, որ չի եղել հեղաշրջման որեւէ փորձ: «Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի իրադարձությունները հետեւանք էին այն ընտրակեղծիքի, որ կատարվեց փետրվարի 19-ին, եւ որի համար պայքարի էին ելել քաղաքացիներն ու անցկացնում էին խաղաղ ցույցեր, իսկ առավոտյան իրադարձություններից հետո Մյասնիկյան հրապարակի ինքնաբուխ հանրահավաքն ու գիշերային սպանդն էլ հետեւանքն էին առավոտյան ցուցարարների դեմ կիրառված բռնության»,- ասում է ՀԺԿ նախագահը:
Ս. Դեմիրճյանը Մոսկվայում ստորագրված Հռչակագրում դրական է համարում այն, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում է պահպանվում, սակայն Ղարաբաղի ստորագրության բացակայությունը նա նույնպես չի ողջունում: «Մոսկովյան Հռչակագիրը, իհարկե, իրավական ուժ չունի, բայց պրոցեսը մտահոգիչ է»,- ասում է նա՝ «մադրիդյան» սկզբունքների մասին գերադասելով խոսել դրանց գաղտնազերծվելուց հետո: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հակամարտության գործընթացի կապակցությամբ ընդդիմության հայտարարած ժամանակավոր դադարի վերանայմանը, Ստեփան Դեմիրճյանը տեղեկացրեց, որ Հայ ազգային կոնգրեսը չի քննարկել հանրահավաքները սկսելու հարց: Սակայն, ըստ նրա, հանրահավաքներ կլինեն, քանի որ ընդդիմությունը չի պատրաստվում դիտորդ դառնալ եւ հակամարտության գործընթացի վտանգավոր զարգացման դեպքում անպայման կարտահայտի իր դիրքորոշումը: Ստեփան Դեմիրճյանը այն գործիչներից է, որոնք չեն տեսնում Ղարաբաղի խնդրի մոտալուտ կարգավորման հեռանկար, քանի որ՝ որեւէ լուծման դեպքում նախ պետք է հաշվի առնել հասարակության կարծիքը, ինչպես նաեւ՝ պետք է անպայման Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացում: Այս համատեքստում Մինսկի խմբի համանախագահների ներկայությունը տարածաշրջանում ՀԺԿ նախագահին չի անհանգստացնում:
Ստեփան Դեմիրճյանը վերապահումներ ունի նաեւ մարտյան իրադարձությունների առիթով ստեղծված փաստահավաք խմբի արդյունավետ աշխատանքի վերաբերյալ, սակայն առայժմ չի ցանկանում դրանք բարձրաձայնել: