Բյուջեի վերաբերյալ ՕԵԿ-ի նման պատրաստակամությունն անհասկանալի համարեց նրա կոալիցիոն գործընկերը՝ ՀՅԴ-ն:
2009-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշեց, թե հակաճգնաժամային այն միջոցառումները, որոնց մասին իր ելույթում խոսել էր վարչապետը՝ «Ըստ էության, փող արժեն, գին ունեն: Ու ոչ փոքր փող է: Եվ ես ինձ հարց եմ տալիս՝ որտե՞ղ է տեղադրված, ի՞նչ սկզբունքներով են բաշխվելու, ո՞ւմ են բաշխվելու, ի՞նչ հասցեականություն են ունենալու»:
Երեկ էլ ճեպազրույցների ընթացքում այս մասին խոսեցին արդեն այլ խորհրդարանականներ: Ասենք, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Եթե մենք համեմատենք վարչապետի ուղերձային բնույթի խոսքը եւ բուն բյուջեն՝ կարող ենք տեսնել, որ դրանք որեւէ մի եզր, գրեթե որեւէ կապ չունեն իրար հետ: Ես ողջունում եմ հակաճգնաժամային ցանկացած նախաձեռնություն, որը հնչեցվել է վարչապետի կողմից, բայց մեր հաջորդ տարվա բյուջեի հետ դրանք ունեն շատ քիչ կամ հեղհեղուկ աղերսներ»: Հետո էլ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե «վարչապետի շատ կարեւոր, ծանրակշիռ, հիմնավորված ելույթը» բյուջեի նախագծում թվային առումով արտացոլված չէր: Սա համարեց «չինովնիկական իներցիայի» դրսեւորում:
Ի դեպ, հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ՀՅԴ-ն քվեարկելու բյուջեի նախագծին՝ հաշվի առնելով, որ իրենց խմբակցությունը կարեւորել էր նվազագույն աշխատավարձը 40 հազար դրամ սահմանելը, իսկ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, թե 30 հազար դրամ նվազագույն աշխատավարձն այն ողջամիտ ծավալն է, որ բյուջեն կարող է թույլ տալ, ինչն ունի ֆինանսական ու տնտեսագիտական լուրջ հիմնավորումներ: «Մենք դեռ այս առումով բանակցությունները չենք ավարտել՝ դրա համար ես հիմա դիրքորոշում չեմ հայտնի»,- պատասխանեց Վահան Հովհաննիսյանը: Եվ ընդհանրապես՝ նա տարօրինակ համարեց, թե ինչպես են որոշ խմբակցություններ հայտարարում, որ բյուջեին կողմ են քվեարկելու, երբ դեռ հայտնի չէ՝ ընդունվելո՞ւ են իրենց առաջարկները, թե՞ ոչ: «Ուրեմն, իրենց բյուջեի բովանդակությունը չի՞ հետաքրքրում,- տարակուսեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:- Ինձ հետաքրքրում է»: Նշենք, որ նման միանշանակ պատրաստակամություն արդեն իսկ ԱԺ ամբիոնից հայտնել էր «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, թե չնայած որոշ թերություններին՝ բյուջեն նախորդ տարիների նկատմամբ առաջընթաց քայլեր է պարունակում, ուստի ՕԵԿ-ը բյուջեին կողմ կքվեարկի: Այս մասին մեր հիշեցմանը պրն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Դա էլ է անհասկանալի, որովհետեւ կարող է պատահի, ես վստահ եմ, «Օրինաց երկիրն» էլ կունենա առաջարկություններ: Հիմա եթե բոլորը չընդունվե՞ն: Չէ, ես կարծում եմ, որ նման հարցերում պետք է համբերությամբ լցվել»:
Ճեպազրույցների ընթացքում Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի առաջին ընթերցմանը «Ժառանգությունը» ձեռնպահ կքվեարկի, իսկ վերջնական որոշում կկայացնեն, երբ պարզ կդառնա, թե կառավարությունն ինչպես է արձագանքել իրենց առաջարկներին: