Երեկ ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովի նիստին մասնակցեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը
Բոլոր պատմություններից առաջ Ալեքսանդր Աֆյանը հարկ էր համարում շեշտել «անձամբ ես» արտահայտությունը: Նաեւ տպավորություն էր փորձում ստեղծել, որ «անձամբ ինքը» չի դիտել մարտի 1-ի որեւէ տեսահոլովակ, եւ այնքան իրեն չիմացողի տեղ դրեց, որ հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը նրան նվիրեց ընդդիմության նկարահանած տեսաերիզը: Փոխոստիկանապետի ներկայացմամբ, ահա թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ի առավոտյան Ֆրանսիական դեսպանատան եւ դրան հարող տարածքում. «Մենք առավոտվա դեպքերից հետո (նկատի ունի Ազատության հրապարակից ցուցարարներին դուրս մղելը- Մ. Ե.) ունեինք շրջիկ խմբեր, որ Երեւան քաղաքով ծառայություն էին կազմակերպում, որոնք պարբերաբար զեկուցում էին մեզ՝ որտեղ են կուտակումներ տեղի ունենում եւ ինչ է կատարվում քաղաքում: Ժամը 11-ի մոտ ահազանգ ենք ստացել, որ մոտ 300-400 հոգի հավաքվել են Ֆրանսիական դեսպանատան մոտ, անմիջապես 50-60 ոստիկանության աշխատակից է ուղարկվել Ֆրանսիական դեսպանատան հարակից տարածք եւ տեղից զեկուցել են, որ բավականին լարված վիճակ է: (Սրա կապակցությամբ Գ. Արսենյանը հիշեցրեց, որ դատախազության պատասխանի մեջ նշված է, որ արդեն ժամը 10.30-ին որոշակի զինվորական ուժեր շարժել են Երեւան, իսկ ժամը 11-ին արդեն բազմաթիվ զինվորներ են եղել այնտեղ- Մ. Ե.): Ուղարկել ենք նորից լրացուցիչ որոշ ուժեր, բայց անձամբ ինձ հանձնարարվեց, որ գնամ-տեսն
եմ՝ այնտեղ ինչ է կատարվում: Ինձ հետ վերցրել եմ լրացուցիչ ուժեր, մոտավորապես ժամը 11:30-ի մոտ եղել եմ Ֆրանսիական դեսպանատան մոտ, անձամբ՝ ես: Նկատեցինք, որ մեկ տրոլեյբուս արդեն Ֆրանսիական դեսպանատան Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատվածում հանվել էր գծերից, կանգնած էր ուղղահայաց, Լուսավորիչը փակված էր, եւ մեկ բեռնատար մեքենա՝ տրոլեյբուսի հետեւից: Մենք աշխատել ենք ճանապարհը բացել, բայց հնարավոր չեղավ: Իհարկե, ես տեսնում էի, որ բավականին լարված մթնոլորտ էր, սկզբնական շրջանում ցանկություն առաջացավ, որ այդ հատվածը ցուցարարներից ազատենք, այսինքն՝ մի կողմ քաշվեն-ճանապարհը բացեն: Բայց, իհարկե, իրենք չենթարկվեցին, արդեն կոչեր էին հնչում, սկսեցին գետնի սալահատակները քանդել, երկաթի ձողեր, փայտի ձողեր կուտակում էին էդ բեռնատար մեքենայի թափքում: Լցվում էին բենզինով շշեր, ֆիթիլներ էին դրվում: Որոշեցի ես շղթա կազմել, որպեսզի առաջխաղացում չունենային կենտրոնական փողոցներ: Այդ ընթացքում, մոտ կես ժամվա ընթացքում, բավականին բազմություն կուտակվեց՝ մոտ 2000 հոգի եւ ավելի: Մենք պահանջեցինք լրացուցիչ ուժեր, եւ սկսվեց: Մենք շղթա ենք կազմել Ֆրանսիական դեսպանատան հատվածով, քանի որ գնալով ժողովուրդն ավելանում էր, որպեսզի չթողնենք իրար հետ միանալ»:
Փոխոստիկանապետը պատմեց, որ մոտ 2-3 ժամ «անձամբ ինքը» եւ մյուսները բանակցություններ են վարել Երջանիկ Աբգարյանի, Անահիտ Բախշյանի, Սամվել Գեւորգյանի, Դավիթ Շահնազարյանի հետ: Իր ասելով՝ առաջարկել են, որ ոստիկանությունը «շղթան» բացի, եւ ցուցարարները գնան կամ դեպի Հանրապետական մարզադաշտի հարակից տարածք, կամ՝ դեպի Սասունցի Դավթի անվան կայարանամերձ հրապարակ: Համաձայնության չեն եկել, եւ միայն Դավիթ Շահնազարյանի հետ բանակցելուց հետո որոշվել է, իբր ցուցարարների առաջարկով, որ ցուցարարները կգնան Մատենադարան. «Մենք գնացինք իրենց ընդառաջ, այսինքն՝ թույլ տվեցինք, որ գնան Մատենադարան: Դավիթ Շահնազարյանին անձամբ ես տրամադրել եմ բարձրախոսը, ինքը ելույթ է ունեցել, եւ ժողովուրդը հավանություն տվեց: Պայմանավորվեցինք, որ մենք ոստիկանական շղթան հանում ենք, իհարկե, մենք այնտեղ ունեինք տեխնիկա, ջրանետներ, ոստիկանական մեքենաներ, եւ հանում ենք այդ մեքենաները, որ Լուսավորչի հատվածը ազատվի, իրենք Մաշտոցով շարժվեն դեպի Մատենադարան: Հետո եկավ Լեւոն Զուրաբյանը եւ ասաց, որ Դավիթ Շահնազարյանն այստեղ կոմպետենտ չէ, իր հետ պետք է բանակցությունները վարենք: Լեւոն Զուրաբյանի հետ անձամբ ես եւ գեներալ Գիզիրյանը եւ Հունանյանը անձամբ նորից սկսեցինք բանակցություններ վարել: Բայց արդեն շղթաները մենք հանել էինք: Այդ ընթացքում Լեւոն Զուրաբյանը զանգահարում էր չգիտեմ որտեղ, խնդրեց անձամբ ինձ, որ ես մեքենա տրամադրեմ, որ ինքը պետք է գնա պարոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու: Անձամբ ես ինքս եմ տաքսի կանգնեցրել, Լեւոն Զուրաբյանին նստեցրել եմ մեքենայի մեջ, գնացել Հաղթանակի կամրջի ուղղությամբ»: Աֆյանի ներկայացմամբ՝ «դրանից հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, կոչ արեց՝ ստեղից չշարժվեք, ամրապնդվեք ստեղ, բարիկադներ կառուցեք: Բեռնատար մեքենաները կանգնեցնում էին, մարդկանց վզից բռնում-քցում էին դուրս եւ իրենց համար բարիկադներ էին կառուցում: Եվ սկսվեց ոչ ինքնաբուխ, բայց իրենց ասելով՝ ինքնաբուխ ոստիկանական մեքենաները հրկիզվել, սկսվեց հարձակում ոստիկանության վրա»: ՀՅԴ-ն ներկայացնող Արտյուշա Շահբազյանը հիշեցրեց, որ «ՀԺ»-ում պաշտոնապես հերքված է Նիկոլ Փաշինյանի այդպիսի ելույթը, եւ որ իրականում նա ասել է, թե պետք է մնալ հրապարակում եւ պատրաստվել պաշտպանության:
ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամները փոխոստիկանապետի երեկվա ասածները չընդունեցին որպես 100%-անոց ճշմարտություններ: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն, օրինակ, ասաց, որ իր տպավորությամբ, Ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքվածներն ուղղակի Ազատության հրապարակում լուսադեմին, կատարվածից վախեցած, հավաքվել էին այնտեղ, որտեղ մի քանի երկրների դեսպանատներ էին, կարծելով, որ այդտեղ ավելի պաշտպանված կլինեն: Հարցրեց՝ ի՞նչը փոխվեց, որ հանգիստ հավաքված մարդիկ ինչ-որ պահից ագրեսիվ դարձան, եւ չի՞ կարծում Աֆյանը, որ եթե մարդիկ չիմանային, որ զորքեր էին գալիս, ուղղակի կցրվեին: Իսկ զորքերի գալու մասին խոսողներն, ըստ օմբուդսմենի՝ պրովոկատորներն էին: Խանութների թալանի մասով նկատեց, թե պարզապես զարմանալի է, որ «Ռոբերտո» խանութի պես չեն թալանվել ավելի մոտ գտնվող խանութները, մասնավորապես՝ «Սվին» զենքի խանութը: Սամվել Նիկոյանը ուզեց ճշտել՝ ո՞վ է տվել կրակելու, հրազեն օգտագործելու հրաման: Աֆյանն ասաց, որ նման հրաման անձամբ ինքը չի տվել եւ չի կարծում, որ որեւէ մեկը տվել է. «Այսինքն՝ ի՞նչ, ես կամ մի փոխնախարար նախագահականի հետ կա՞պ պետք է ունենար, որ զեկուցեր, մենք ունեինք ոստիկանապետ, բոլոր գործողությունները զեկուցում էինք ոստիկանապետին»: