Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՐՆԱՆԸ ԿԿՈՒՆ ԿԿԱՆՉԻ՞

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"Ըստ Երջանիկ Աբգարյանի՝ մինչեւ գարուն Հայաստանում համապետական ընտրություններ կլինեն

«Վերջին հաշվով՝ սպանվել են մարդիկ: Այդ արյունի համար պետք է պատասխան տվող լինի: Քոչարյանն այդպես էլ չհասկացավ մի տարրական բան՝ թափված արյունը ժողովուրդը երբեք չի ների, եւ ինքը դրա համար պատասխան պետք է տա»,- «մարտի 1-ի» իրադարձությունների վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը: Այս համատեքստում անդրադառնալով «7-ի գործին»՝ մեր զրուցակիցն ասում է. «Իշխանությունը մի շատ բարդ խնդիր ունի՝ սեփական մեղքը բարդել ուրիշների վրա: Այդ մարդիկ բացարձակ ավտոնոմ գործող անձինք են եղել, բոլորն էլ շատ ակտիվ, նվիրված, բայց տարօրինակն այն է, որ նրանց ուզում են միավորել մի գործում, որում նրանք համագործակցության եզր չեն ունեցել»: Իսկ «Մարտի 1»-ի գործով, ընդհանրապես, պարոն Աբգարյանի համոզմամբ, եթե ՀՀ Քրօրի 300 հոդվածը չի ապացուցվում (պետական հեղաշրջման փորձ, որը պահանջում է կազմակերպական շտաբ, զինում, խմբերի ձեւավորում, հարձակում կոնկրետ օբյեկտների վրա), ապա մնացյալները՝ 225-ն իր մասերով (զանգվածային անկարգություններ), «կոպեկի արժեք» չունեն: Դեկտեմբերի վերջին կայանալու է ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որտեղ, ըստ որոշ գործիչների, բավականին խիստ պատժամիջոցներ են կիրառվելու մեր երկրի նկատմամբ: Այս դիտարկմանը մեր զրուցակիցն արձագանքեց. «Մեր հարցերը մենք պետք է լուծենք: Թե դրսում ով կգա, ով կգնա, ինչ կասեն, ինչ կանեն՝ իրենց գործն է: Հայերի ողջ դժբախտությունը հենց դա է, որ իրենց ծանրացող հարցերն այնքան են ձգձգում՝ մինչեւ ուրիշներն են լուծում՝ ըստ սեփական շահերի»:

Անկախ ամեն ինչից, պարոն Աբգարյանը իշխանափոխության ռեալ հնարավորություն է տեսնում: Ավելին՝ «Ես կարծում եմ, որ ամենաուշը գարնանը Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կլինեն»,- ասաց նա: Ի՞նչ դեր է ունենալու այդ ամենում ԼՂՀ հարցը: «Բոլոր հարցերն էլ իրենց չափով դեր ունենալու են: ԼՂՀ հարցը, իհարկե, շատ ցավոտ հարց է: Եթե այդ հարցում տանուլ տվեցինք՝ 100 տարվա մեջ երկրորդ անգամ կկոտրենք մեր ժողովրդին: Բայց ինչո՞ւ ենք մոռանում, թե ինչ վատ իրադրություն է ստեղծվել Հայաստանում ե՛ւ տնտեսական, ե՛ւ մարդկային-հասարակական հարաբերությունների առումով»,- ասում է Երջանիկ Աբգարյանը:

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի որեւէ հնարավորություն մեր զրուցակիցը չի տեսնում. «Ես նաեւ չեմ հավատում Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան հակասություններին: Ռ. Քոչարյանն էլ քաղաքական դիակ է. նա արդեն հավերժական թոշակառու է, եթե, իհարկե, մնա այդ կարգավիճակում, քանի որ նա ենթակա է պատասխանատվության եւ՝ ոչ միայն «Մարտի 1»-ի հարցով: Նա երկու անգամ անօրինական զավթել է իշխանությունը, եւ իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ սպանություններ են եղել»:

ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ առկա ակտիվությունը պարոն Աբգարյանին այդքան էլ չի անհանգստացնում, քանի որ նա այն կարծիքին է, որ Ռուսաստանը Վրաստանում իր կատարած գործողություններով իրեն բավականին բարդ վիճակի մեջ դրեց եւ Ղարաբաղի հարցով մայնդորֆյան մի Հռչակագիր ՌԴ-ին պետք էր քաղաքական, այլ ոչ՝ լուրջ նպատակներով: «Սխալը Հայաստանի իշխանությունների կողմից այն է, որ ստորագրելուց առաջ չկարողացան կարդալ այդ Հռչակագիրը, քանի որ քաղաքական տեքստեր վերլուծելու մասնագետ չէին: Այդ է պատճառը, որ Հայաստանի ստորագրած նման փաստաթղթերը միշտ կիսատ-պռատ տարրեր են պարունակում»,- ասում է «Արմատի» անդամը՝ միաժամանակ միանգամայն տրամաբանական համարելով նաեւ այն սցենարը, որ Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր են ստեղծվում: Բուն «մադրիդյան» սկզբունքներն էլ մեր զրուցակիցը դատապարտում է, քանի որ Հայաստանի ունեցած բանակցային ողջ ռեսուրսն արդեն սեղանին է: Մինչդեռ՝ «Լաչինը ադրբեջանցիները վաղուց պետք է մոռացած լինեին, որովհետեւ 98-ին այն բանակցությունների առարկա չի եղել, իսկ Քելբաջարի մասով էլ հատուկ կարգավիճակի հարցեր կային»: Մեր դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ դա Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու գինն է, Երջանիկ Աբգարյանն ասաց. «Եթե նա գնում է դրան՝ պետական դավաճանություն է: Դժբախտաբար, Հայաստանի պատմության մեջ եղել են նման դեպքեր, բայց եթե դա է գինը՝ թող փորձեն, բայց հույս չունենան, որ կմարսեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել