Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼՈՐ ՍԱՐԻ ՍՈՒՐԲԸ

Նոյեմբեր 14,2008 00:00

Ճիշտ է ասված թերեւս, թե Աստված լոկ կարեւոր բաների մասին է հոգում՝ չնչին բաները թողնելով Պատահականությանը: Ճիշտ է նաեւ, որ երբ իշխանությունը բաժանված է շատերի միջեւ, անպայման թուլանում է նախանձի չափը, չնայած որ միեւնույն է՝ նավը ղեկավարում է ոչ թե ղեկանիվը, այլ նա, ում ձեռքին է ղեկը: Եվ մենք՝ ճիշտ ու սխալի սահմանագծում ապրողներս, երբեմն չենք էլ ենթադրում, որ պատահականության ալիքի վրա բարձրացրած իրենց համառորեն ցուցադրողները միշտ չէ, որ գիտեն ճանապարհը, առավել եւս չեն կարող առաջնորդել: Ինչպես որ ամեն սարի վրա չէ, որ սուրբ կա, եւ ամեն հռչակված սուրբ չէ, որ կարող է օգնել կամ ամոքել դեպի իրեն գնացող ուխտավորներին…

Այս մտքերն իմ մեջ արթնացրին, հիշեցրին տարիների հետ մաշվող հեռավոր մի պատմության ծվեն, երբ ես ուզում էի պատգամավոր ընտրվել Աշոցքի եւ Ամասիայի՝ ծաղկած սար ու ձորերի մեջ կորած եւ աշխարհի կողմից մոռացված շրջաններում: Ու ընդունված կարգի համաձայն՝ իմ նախընտրական գյուղեգյուղ թափառելու ընթացքում, հիմա լավ չեմ հիշում՝ Մուսայելյան, թե Զույգաղբյուր գյուղում հանդիպեցի մի իմաստուն ծերունու: Ինձ ուղեկցում էին իմ ընկերները եւ առաջներում այդ կողմերից ընտրված մի նախկին պատգամավոր, որ միացել էր նախընտրական մեր թափորին, վստահ, որ ինքը բարի անուն է թողել եւ կարող է ինձ օգտակար լինել: Եվ երբ գյուղամիջում հավաքված ժողովրդի հետ կանգնած զրուցում էինք, ինձ մոտեցավ Էնթոնի Քվինի դեմքով այդ փառահեղ ծերունին եւ ասաց.

– Տղա՛ ջան, բարո՛վ ես եկել, մենք քեզ ճանաչում ենք «Գարուն» ամսագրից եւ գյուղովի որոշել ենք մեր ձայնը քեզ տալ, բայց այս մարդուն հետդ իզուր ես բերել,- եւ մատով ցույց տալով ինձ ուղեկցող նախկին պատգամավորին՝ շարունակեց,- ինքը ժամանակին շատ բան խոստացավ, բայց վնասից բացի ոչ մի օգուտ չբերեց,- ծերունին ձեռքը դրեց ուսիս եւ շարունակեց,- բայց քեզանից մի խնդրանք ունեմ. այս դիմացի կլոր սարը տեսնո՞ւմ ես, վրան սուրբ կա, ժողովուրդը բարձրանում, մոմ է վառում, բայց մինչեւ այսօր ոչ ոքի մի օգուտ չի տվել, միայն մի բանն է լավ, որ վնաս էլ չի տալիս: Հիմա քեզանից խնդրանքս այն է, որ երբ ընտրվես, մեր այս սրբի պես լինես՝ եթե չես կարող օգնել, վնաս էլ չտաս…

Ու հիշելով այդ իմաստուն ծերունու խոսքը՝ հիմա մտածում եմ պատահականության ալիքի վրա բարձրացած եւ ամեն գնով իշխանության մղվող տղերքի մասին, որոնց, կարծում եմ, չէր խանգարի չկայացած սրբի օրինակը. Եթե չեք կարող օգնել, մի խանգարեք մեր երկիր նավի բնականոն ընթացքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել