Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը էկզոտիկ են եւ կոնյակի բույր ունեն

Նոյեմբեր 14,2008 00:00

Աշխարհահռչակ երաժիշտները «բացահայտում» են Հայաստանն ու հայերին

Երեւանի կոնյակի գործարան, հնեցման արտադրամաս, «Հայաստանի բարեկամներ» անցուղի. սա է Ջիվան Գասպարյանի անունով 400 լիտրանոց տակառի հասցեն, որը ծննդյան 80-ամյակի կապակցությամբ օրերս նվիրեցին վարպետին: Տակառը կհանգրվանի Կոնյակի գործարանում այնքան ժամանակ, մինչեւ Ջիվան Գասպարյանը չցանկանա այն տանել այդտեղից:

Ինչպես հայտնի է, Ջ. Գասպարյանի ծննդյան տոնակատարություններին մասնակցելու համար Հայաստան է ժամանել միջազգային ճանաչում ունեցող աստղաբույլ՝ Պիտեր Գեբրիելը, Անդրեաս Վոլենվեյդերը, Դերեք Շերինյանը, Զուկկերոն, Ալան Փարսոնզը եւ այլք: «Առավոտը» զրուցեց նրանցից մի քանիսի հետ:

Էլեկտրոնային տավղահար, շվեյցարացի Անդրեաս Վոլենվեյդերը նկատեց. «Հայաստանում ես զգացի այն ոգին, որը կա նաեւ իմ երաժշտության մեջ: Ընդհանրապես, հայերը մեծ հոգու տեր մարդիկ են, եւ դա արտացոլվում է նաեւ հայկական երաժշտության մեջ: Իմ գործիքն էլ՝ տավիղը, խիստ ներդաշնակ է հայկական երաժշտության հետ»: «Առավոտը» տավղահարին խնդրեց համեմատել հայկական եւ շվեյցարական մշակույթները: Ա. Վոլենվեյդերը պատասխանեց. «Այդ մշակույթներն անհամեմատելի են. շվեյցարացիները քչախոս են, հանդարտ, չեն արտահայտում սեփական զգացմունքները, իսկ հայերը՝ ընդհակառակը, զգացմունքային են ու կրքոտ: Ուստի, ի տարբերություն շվեյցարականի, հայկական մշակույթը խիստ արտահայտված զգացմունքների մշակույթ է, ինչը բացառիկ է ամբողջ աշխարհում»: Հետաքրքրվեցինք՝ հաճախ դրախտավայրի հետ նույնացվող Շվեյցարիայում արվեստագետներն ի՞նչ խնդիրներ ունեն: «Խնդիրները նույնն են, ինչ Հայաստանում,- նկատեց տավղահարը եւ շարունակեց,- արվեստագետներից շատերը քաղաքականությամբ են զբաղվում: Մյուս կողմից էլ՝ չպիտի շփոթել քաղաքականությունն ու քաղաքականացվածությունը, վերջինս իսկապես վտանգավոր է»:

«Planet X» խմբի հիմնադիրներից հայկական ծագում ունեցող Դերեք Շերինյանն ասաց. «Առաջին անգամ եմ Հայաստանում: Չնայած հայերեն չեմ խոսում, բայց ունեմ հզոր հայկական ոգի: Այժմ ես հայերեն եմ սովորում՝ դստրիկս է ուսուցիչս: Հայ լինելուս մասին իմացել եմ մանուկ հասակում, այդ ժամանակ տատս սուրճի բաժակով գուշակություններ էր անում եւ ասում, որ մենք հայկական ծագում ունենք»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ երաժիշտը չի՞ ցանկանում գալ եւ աշխատանքը շարունակել Հայաստանում: «Լոս Անջելեսն այնքան նման է Երեւանին, որ թվում է, թե իմ տանն եմ: Ինչ վերաբերում է Հայաստան գալուն, այս այցի ընթացքում այդպիսի միտք առաջացավ, բայց մինչեւ հաստատվելս, որոշել եմ ամեն տարի համերգներով հանդես գալ Երեւանում»,- պատասխանեց Դ. Շերինյանը:

Պիտեր Գեբրիելը եւս իր տպավորությունների մասին պատմեց «Առավոտին». «Առաջին անգամ եմ Հայաստանում: Դուք՝ հայերդ, որ հայկական կոնյակի բույր ունեք, միշտ ջերմ եք եւ առատաձեռն: Հայկական երաժշտությունն էլ նման է հայերին՝ ձեր պես հուզական, զգացմունքային, կարծրատիպային, ճիշտ եւ ճիշտ իմ ուզածի պես»:

«Alan Parsons Live Project» խմբի մեներգիչ Պի Ջի Օլսսոնն էլ զարմացած է, որ հայերն այսքան շատ են ծխում. «Այստեղ ամեն ինչ լավ է, պարզապես սպասարկման ոլորտն է ցածր մակարդակի վրա: Նկատել եմ, որ հայերը բավականին էկզոտիկ տեսք ունեն, հատկապես շատ եմ տեսնում այդպիսի տեսք ունեցող կանանց, ինչը ինձ թույլ չի տալիս նայել տղամարդկանց»:

Անդրադառնալով հայկական երաժշտությանն ու մշակույթին՝ ամերիկացի մեներգիչն ասաց. «Ոչինչ չգիտեի հայկական երաժշտության մասին, նույնիսկ չգիտեի, որ դուդուկը հայկական նվագարան է: Ամերիկյան դպրոցները շատ վատն են. այնտեղ մեզ սովորեցնում են միայն ամերիկյան մշակույթ: Մի խոսքով, ամեն ինչ՝ միայն Ամերիկայի մասին: Ինչ վերաբերում է երաժշտությանը, պիտի երաժշության հետ անկեղծ լինես, որ այն քեզ շահույթ բերի»:

ՊԻ Ջի Օլսսոնը նաեւ խոստովանեց, որ չի համտեսել հայկական կոնյակ, քանի որ, երբ ալկոհոլ է օգտագործում՝ սկսում է գժվել ու շորերը հանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել