Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՎԱՔԱՐԱՐԻՑ ՑԱԾՐ ԵՆՔ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ»

Նոյեմբեր 14,2008 00:00

Դժգոհում են երաժշտական դպրոցի դասատուները

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի կրթահամալիրում եւ Պարարվեստի քոլեջում մեկնարկեցին Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված վարպետության դասերը՝ նախատեսված արվեստի եւ երաժշտական դպրոցների ուսուցիչների համար: Մասնակցում էին ոչ միայն Երեւանի, այլեւ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերի կերպարվեստի, երաժշտության, պարարվեստի ուսուցիչներ:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այս հավաքն աննախադեպ է իր մասշտաբներով եւ կարեւորությամբ, նաեւ հավելեց, որ վերջին ամիսների ընթացքում եղել են մարզերում, ուսումնասիրել երաժշտական, արվեստի, պարարվեստի, նկարչական դպրոցներում տիրող վիճակը: Ըստ Ն. Սարգսյանի, այժմ մասնագետները ոչ թե դասընթացներ, այլ դասալսումներ են անցկացնելու, որովհետեւ դասընթաց կոչվածը երկարատեւ է ու ծավալուն: «Դասընթացներից հետո պարտադրաբար դուք պետք է հանձնեք քննություն եւ մենք էլ ձեզ պիտի համապատասխան փաստաթուղթ տանք: Դրա հնարավորությունը չունենք, փոխարենը ունենք ձեզ օգնելու, մայրաքաղաքի եւ շրջանների միջեւ կապը վերականգնելու ցանկություն: Ով գիտե, գուցե լավ օրեր գան, հանրակրթական դպրոցների նման մեզ էլ ուշադրության արժանացնեն: Երեւի, ի վերջո, կհասկանան, որ մենք էլ ենք մանկավարժ ու վերաբերմունքի կարիք ունենք»,- ասաց նա ուսուցիչներին:

Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը փաստեց. «Սա շատ ճիշտ միջոցառում է, որովհետեւ ավելի կարեւոր ու պատասխանատու գործ, քան մատաղ սերնդի դաստիարակությունն է՝ գոյություն չունի: Մեր հանրապետությունը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց չի կարելի մշակույթն անտեսել, նայել մատների արանքով»: Պարոն Թադեւոսյանը պատրաստակամություն հայտնեց կոնսերվատորիայի իր դասարանով մեկնել ցանկացած մարզ եւ պարապել այնտեղի երեխաների հետ:

Զրուցեցինք նաեւ մարզերից ժամանած ուսուցիչների հետ, փորձեցինք տեղեկանալ՝ ի՞նչ մտահոգություններ ու խնդիրներ ունեն: Պարզվեց, խնդիրները բազմաբնույթ են ու բազմաթիվ՝ շենքային պայմաններից մինչեւ ծրագրերի պակասը, իսկ հիմնական խնդիրը ցածր աշխատավարձն է: Ուսուցիչները, բնականաբար՝ առանց ներկայանալու, բողոքեցին իրենց տնօրեններից, ասելով, թե վերջիններս դպրոցները լցրել են անփորձ մասնագետներով: Նրանք փաստեցին, որ նախկինի համեմատությամբ՝ պակասել է արվեստով հետաքրքրված երեխաների թիվը, ինչը կապված է ֆինանսների բացակայության հետ:

Արմավիրի մարզի արվեստի դպրոցի դաշնամուրի դասատու Կատերինա Պապոյանը, ի տարբերություն մյուսների, ներկայացավ եւ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մեր դպրոցի խնդիրները կապված են մեր քաղաքապետարանի հետ, որի ենթակայությամբ գործում ենք: Աշխատավարձերը շատ ցածր են, ու այս պահին հանրապետությունում չկա մի հիմնարկություն, անհատ ձեռներեց, որը նման խղճուկ աշխատավարձ վճարի իր աշխատողներին: 24 ժամվա համար ընդամենը 29000 դրամ ենք ստանում: Ախր մեր կոնտինգենտը քիչ է, չենք էլ կարող այդքան ժամ պարապել: Այսօր հանրապետությունում անգամ հավաքարարը նման ցածր աշխատավարձ չի ստանում… Դժգոհ ենք շենքի չջեռուցվելուց, համապատասխան գրականության, նոտաների պակասից: Չկա աշխատանքի ազդակ՝ եթե պայմաններն այդպիսին են: Ընկել է նաեւ որակը աշակերտության շրջանում, այլեւս չկան նախկին շնորհալիներն ու հետաքրքրված ծնողները: Այսօր կոմպյուտերն ու անգլերենի դասընթացներն առաջ են մղվել, իսկ երաժշտական դպրոցները բոլոր հարցերում մնացել են հետին պլանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել