Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԼՈԲԱԼ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Նոյեմբեր 14,2008 00:00

\"\"ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ:

ՀՀ Ազգային ժողովի հարգելի նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագիծը: Նախագծի համար ուղենշային փաստաթուղթ է հանդիսացել ընթացիկ տարում Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որը մշակվել է՝ հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության եւ աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի դրույթները, ինչպես նաեւ ՀՀ նախագահի ու քաղաքական կոալիցիայի մեջ մտած կուսակցությունների նախընտրական ծրագրերի եւ քաղաքական կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները:

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեզ ներկայացնելու բյուջեի հիմնական տրամաբանությունը եւ սկզբունքները, ինչպես նաեւ այս ամբիոնից անդրադառնալու՝ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման չորս կարեւոր գործոններին: Այսօր ուզում եմ հանգամանորեն կանգ առնել մեր տնտեսական քաղաքականության որոշ սկզբունքային դրույթների վրա, որոնք խիստ արդիական են գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում:

ԳԼՈԲԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դրսեւորվում է ֆինանսական ակտիվների կտրուկ վատթարացմամբ, իրացվելի միջոցների, ֆինանսական հաստատությունների կապիտալիզացիայի մակարդակի նվազմամբ, վստահության իսպառ բացակայությամբ: Զարգացած երկրներում հարյուրավոր խոշորագույն ընկերությունների սնանկացումը, ֆինանսական շուկաների աշխատանքի խաթարումը էապես փոխում են շուկայի մասնակիցների վարքագիծը:

Հիմնական գլոբալ խաղացող՝ Միացյալ Նահանգների տնտեսության մեջ առաջին անգամ նկատվեց ներդրումների զուտ ներհոսք՝ արձանագրելով դոլարային էքսպանսիայի ավարտը: Սա իր հերթին բերում է ճգնաժամի խորացմանը՝ աշխարհի գրեթե բոլոր զարգացած ֆինանսական շուկաներում եւ զարգացող երկրներին զրկում է օտարերկրյա կարճաժամկետ ֆինանսական միջոցներից:

Հիփոթեքային շուկայում ձեւավորված ֆինանսական փուչիկները, որոնք սնուցվում էին անկատար, արհեստականորեն բարդացված ֆինանսական համակարգից, պայթեցին՝ բացահայտելով ֆինանսական եւ իրական հատվածի միջեւ էական շեղվածությունը: Ֆինանսական հատվածը արժեթղթերի շուկայի միջոցով պարտադրեց համապատասխան ճշգրտումներ կատարել իրական (կորպորատիվ) հատվածում: Սա էլ հանդիսացավ ֆինանսական ճգնաժամի հիմնական բարութը՝ պայթեցնելով իրական հատվածը: Միեւնույն ժամանակ բացահայտվեց գլոբալ ֆինանսական եւ տնտեսական համակարգերի կառավարման, կարգավորման եւ վերահսկողության անկատարությունը:

Դեռեւս մենք ականատես ենք կարճաժամկետ միջոցառումների եւ միջամտությունների, որոնց նպատակն է հանգցնել կրակը: Այսօր G-7, G-8, G-20-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային Բանկը եւ այլ գլոբալ սուբյեկտները տարբեր ֆորմատներով քննարկում են նոր ձեւավորվող աշխարհին համահունչ կառավարման նոր ինստիտուտների եւ նոր մեխանիզմների ստեղծման հարցը:

Որո՞նք են գլոբալ ճգնաժամի առաջին դասերը.

* ֆինանսական հատվածում խիստ վերահսկողություն եւ ռիսկերի բացահայտման ունիվերսալ գործիքների առկայության անհրաժեշտություն,

* թափանցիկության կանոնների պահպանում, այդ թվում խոշոր ձեռնարկությունների գործունեության թափանցիկության եւ հասարակության կողմից վերահսկողության ապահովում,

* պատժամիջոցների համարժեքությունը՝ հնարավոր ռիսկերի դրսեւորմանը,

* Իրական հատվածում եւ ֆինանսական հատվածում ռիսկերի բացահայտման միասնական մեթոդաբանության մշակում,

* վերահսկող մարմինների համախմբվածության անհրաժեշտություն,

* դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգման նոր սկզբունքների մշակում,

* մակրոտնտեսական կայունության խաթարման անթույլատրելիություն,

* եւ ամենակարեւորը՝ սոցիալական համերաշխության եւ վստահության մթնոլորտի ապահովում:

Եվ այսպես, գլոբալ ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է՝

ա. կարճաժամկետ ֆինանսական միջոցների լայնածավալ արտահոսքի,

բ. զարգացող երկրներում ներդրումային ծրագրերի կրճատմանը եւ հետաձգմանը,

գ. շուկայի մասնակիցների միջեւ վստահության կորստին:

Գլոբալ տնտեսական ճգնաժամը հանգեցնում է՝

ա. համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմանը,

բ. աշխատատեղերի կրճատմանը եւ գործազրկության աճին,

գ. համաշխարհային շուկաներում հումքի եւ որոշ ապրանքների գների նվազմանը:

ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին մեզ դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Այսօր մեր առջեւ խնդիր է՝ դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքներին:

ՌԻՍԿԵՐԸ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ստեղծում է Հայաստանի համար հետեւյալ հիմնական ռիսկերը՝

* մասնավոր ուղղակի ներդրումների նվազում եւ հետաձգում,

* մասնավոր տրանսֆերտների կրճատում,

* հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում՝ մինչեւ հումքի գների բարձրացումը,

* շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգում եւ ներդրումների կրճատում:

Որպես հետեւանք կարող է ի հայտ գալ՝

* սպառման ծավալների կրճատում,

* վճարային հաշվեկշռի վատթարացում,

* վարկատուների բացասական սպասումների ձեւավորում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս պայմաններում ի հայտ է գալիս մի նոր երեւույթ. շուկայի մասնակիցների մոտ ժամանակավոր դժվարությունները ինքնուրույնաբար հաղթահարելու ցանկությունը հանգեցնում է ստվերի խորացման հնարավորությունների եւ կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:

Հասկանալի է, որ թվարկված բոլոր ռիսկերը ուղղակիորեն առնչվում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը:

Այս իրավիճակում կառավարության ջանքերն ուղղված են լինելու.

ա. մակրոտնտեսական կայունության ապահովմանը,

բ. ֆինանսական հատվածի կայունության ապահովմանը,

գ. ծրագրավորված տնտեսական աճը ապահովելու համար՝ լրացուցիչ խթանների բացահայտմանը եւ ներդրմանը, որոնք

 

* կընդլայնեն սպառումը,

* կխթանեն տեղական արդյունաբերությունը,

* կտրուկ կավելացնեն արտահանումը,

* կբարելավեն վճարային հաշվեկշիռը:

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԱՅՍ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ

Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը, ասես, յուրահատուկ ինքնակարգավորման մեխանիզմ է, այդ թվում նաեւ՝ զարգացած եւ զարգացող երկրների միջեւ առկա ահռելի ճեղքը հարթելու միջոց: Ստեղծելով բարդություններ՝ այն միեւնույն ժամանակ էապես ընդլայնում է զարգացող երկրների հնարավորությունները, բացահայտում է նրանց մրցակցային առավելությունները:

Այս պայմաններում պետության նախաձեռնողական դերը տնտեսական գործընթացներում զգալիորեն բարձրանալու է:

Տնտեսական աճին էապես խթանելու է հանրապետության նախագահի կողմից հայտարարված՝ պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո համահայկական ծրագրերի իրականացումը՝ այդ թվում նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի եւ ներդրումային, հիփոթեքային հիմնադրամների ստեղծումը:

Ռեալ եւ պոտենցիալ ՀՆԱ-ների միջեւ շեղվածությունը առաջ է բերում դեֆլյացիոն միտումներ, ինչը ստեղծում է բարենպաստ պայմաններ ընդլայնողական քաղաքականություն իրականացնելու համար: Հայաստանում, գների էլաստիկության ցածր մակարդակի պայմաններում, էապես կարեւորվելու է ՀՀ տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի դերը: Մասնավորապես՝ համաշխարհային եւ ներքին շուկաներում ձեւավորված գների միջեւ անհիմն շեղվածության վերացման գործում, գերիշխող դիրքի չարաշահումների բացառման ուղղությամբ եւ այլն: Մենք պատրաստ ենք աջակցելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ցանկացած նախաձեռնություն:

Բացի ձեզ ներկայացված՝ պետական բյուջեով նախատեսված միջոցառումներից, վերոնշյալ նպատակներին հասնելու եւ գլոբալ ճգնաժամի ազդեցությունները մեղմելու համար կառավարությունը ձեռնարկելու է հետեւյալ լրացուցիչ միջոցառումները՝

 

1. Իրական հատվածի զարգացումը խթանելու նպատակով կառավարությունը աջակցելու է գործող եւ նոր ստեղծվող ձեռնարկություններին՝ խրախուսելով մրցունակության բարձրացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Դա ենթադրում է.

* ֆինանսական միջոցների ներգրավման համար պետական երաշխիքների տրամադրում,

* սուբսիդավորման գործիքների կիրառում,

* կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ձեռնարկությունների կապիտալում պետության մասնակցություն:

Ստվերային եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով խոշոր, 500 միլիոնից ավելի ակտիվներ կամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար ներդրվելու է պարտադիր աուդիտորական հաշվետվության ինստիտուտ:

2. Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով ձեռնարկվելու են՝

* մեծածավալ վարկային միջոցների հասանելիության ապահովում ՀԲ, ԵԲ, Ասիական Բանկի օժանդակությամբ (Բանակցություններն այս առումով կավարտվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում եւ շուրջ 350 մլն դոլարի վարկային ռեսուրսներ կհայթայթվեն այս նպատակին հասնելու համար),

* հարկային վարչարարության էական պարզեցում: Մասնավորապես, մինչեւ 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնի վերացում եւ պարզեցված հարկային հաշվետվությունների ներդրում:

3. Կառավարությունն աջակցելու է բիզնես ծրագրերի մշակմանը եւ նախապատրաստմանը՝ հատկացնելով դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Վարչապետին կից ստեղծվելու է ինովացիոն նախագծերի հանձնաժողով, որի կողմից հայտարարվելու են բիզնես նախագծերի մրցույթներ:

4. Բիզնեսի համար առավել բարենպաստ միջավայր ձեւավորելու նպատակով մեր միջազգային օդանավակայանում եւ Գյումրիում ազատ տնտեսական գոտիների հիմնում: Ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու նպատակով ԱՄՆ-ից մենք ստանալու ենք տեխնիկական օժանդակություն Գյումրի քաղաքում, իսկ օդանավակայանում արդեն իսկ համաձայնություն ենք ձեռք բերել կոնցեսիոների հետ՝ հայեցակարգի վերաբերյալ:

5. ԵՄ եւ ԱՄՆ հետ առեւտրային պայմանագրերի կնքում, որոնք կստեղծեն բարենպաստ պայմաններ մեր արտահանողների համար (Պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Աշխատանքային խումբը գործուղվում է ԱՄՆ՝ նախապատրաստելու այս պայմանագիրը):

6. Պետական գնումների իրականացման ժամանակ, այլ հավասար պայմանների դեպքում, նախապատվությունը տրվելու է հայկական ապրանքներ եւ ծառայություններ մատակարարողներին:

7. Հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը, փնտրում են հուսալի ներդրումների եւ խնայողությունների պահպանման հնարավորություն: Մեր պարտքն է ուղղորդել նրանց եւ ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար: Այսօր մեր բանկային համակարգը կայուն «նավահանգիստ է» խնայողությունների պահպանման համար: Դա համահունչ է մեր՝ ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին:

8. ՀԲ-ի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու պետական ռեզերվների կառավարման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նույն ծրագրով մենք նպատակ ունենք ապահովել պարենային եւ ռազմավարական պահուստների պատշաճ մակարդակ:

Այս միջոցառումներն իրականցվելու են հստակ սահմանված կանոնների ներքո: Այդ կանոնները լինելու են հրապարակային, եւ ապահովվելու է հասարակական վերահսկողությունը ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ: Այս աշխատանքներում ներգրավված են լինելու լավագույն հայկական եւ միջազգային փորձագետները:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ տնտեսության դիմադրողականության բարձրացման նպատակով իրականցվելու են հետեւյալ լրացուցիչ միջոցառումները՝

* գյուղատնտեսությունում՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո նոր ներդրումային ծրագրերի իրականացում,

* տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր խթանների ապահովում,

* շինարարության ոլորտում՝ աղետի գոտում 77 մլրդ դրամի (250 միլիոն դոլարի) շինարարության իրականացում, դպրոցաշինության մեջ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներդրում,

* ճանապարհաշինության մեջ՝ նոր նախագծերի իրականացում: Այդ թվում՝ Ասիական Բանկի օժանդակությամբ Մեղրի-Բաթումի ավտոմայրուղու կառուցման նախաձեռնում,

* էներգետիկայի ոլորտում՝ ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր նախագծերի իրականացում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սոցիալական ոլորտում նախատեսվում է՝

1. սոցիալական բոլոր պարտավորությունների ժամանակին եւ ամբողջական ծավալով իրականացում,

2. հանրային աշխատանքների ծավալների կտրուկ ընդլայնում,

3. մատչելի բնակֆոնդի ձեւավորում,

4. էժան հիփոթեքային համակարգի ձեւավորում,

5. դեմոգրաֆիական ծրագրերի իրականացում:

 

Սրանք են այն լրացուցիչ միջոցառումները, որոնք մենք նախատեսել ենք իրականացնել: Անհրաժեշտ է նշել, որ այս միջոցառումները համահունչ են զարգացող երկրների մեծամասնության կողմից իրականացվող միջոցառումներին: Այս ծրագրերը իրականացնելու ենք ՀԲ եւ ԱՄՀ աջակցությամբ: Շուտով կավարտենք բանակցությունները ՀԲ-ի հետ մոտ 800 մլն դոլարի վարկային միջոցների ներգրավման շուրջ: Պարբերաբար մենք հաշվետվություն կներկայացնենք Ազգային ժողովին այս միջոցառումների իրականացման վերաբերյալ եւ անհրաժեշտության դեպքում հանդես կգանք նոր օրենսդրական նախաձեռնություններով:

 

Ամփոփելով պետք է նշեմ, որ 2009թ. մեր սկզբունքներն են լինելու՝

* Կարգ ու կանոն ամենուրեք:

* Հրապարակայնություն եւ հասարակական վերահսկողություն:

* Օպերատիվ եւ համալիր գործողություններ:

Մեր կարգախոսն է լինելու. «Գլոբալ մտածողությունից՝ կոնկրետ գործողությունների»:

Շնորհակալություն ուշադրության համար:

ՀՀ կառավարության

տեղեկատվության

եւ հասարակայնության հետ

կապերի վարչություն

Տնտեսական բարեփոխումների

վերլուծական-տեղեկատվական

կենտրոն

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել