Լրահոս
Օրվա լրահոսը

Լռությունը պատվաբեր չէ, իսկ հայ կինը բուրդ չէ

Նոյեմբեր 14,2008 00:00

Amnesty International-ը հերթական զեկույցն է հրապարակել ՀՀ-ում ընտանեկան բռնության մասին

«Կինը բուրդ է. ինչքան ծեծես, էնքան կփափկի»՝ տղամարդկային շովինիզմի ողջ էությունը բնութագրող հայկական ասացվածքն են մեջբերել Amnesty International-ի փորձագետներն իրենց զեկույցում, որը կրում է «Լռությունը պատվաբեր չէ. Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքար» վերնագիրը: Համաձայն այդ զեկույցի, որը երեկ ներկայացվեց «Ուրբաթ» ակումբում, Հայաստանում կանանց 1/4-ը հարված է ստացել կամ ծեծվել է տան անդամի կողմից, իսկ 2/3-ը ենթարկվել է հոգեբանական բռնության: Այս տվյալները ստացվել են սոցհարցման արդյունքում, որին ենթարկվել է 1006 կին՝ ՀՀ տարբեր շրջաններից:

Amnesty International-ը կանանց դեմ կիրառվող բռնությունների մասին հրապարակումներով հանդես է եկել մի շարք այլ երկրներում եւս, որոնց թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իսպանիան, ՌԴ-ն, Վրաստանը, Բելառուսը, Թուրքիան, Ուկրաինան: Բռնությունն ամենուր նույնն է, սակայն կա մի բան, որը տարբերում է հայաստանյան բռնությունները մյուս երկրներում կատարվողներից. դա հասարակության, պետության լուռ համաձայնությունն է: Մեր երկրում ոստիկաններն իրենց դերը տեսնում են ոչ թե ծեծված կնոջը պաշտպանելու եւ նրա բիրտ ամուսնուն պատժելու, այլ՝ հաշտարարի գործը ստանձնելու մեջ: Amnesty International-ի փորձագետների հարցմանն ի պատասխան, Մարտունի քաղաքի մի ոստիկան բացատրել է, թե ինչու չեն գործ հարուցում կնոջ հանդեպ բռնություն կիրառած ամուսինների դեմ: Նա ասել է, որ դատական համակարգի միջոցով արդարություն փնտրող կինը «վատ կին» է, եւ եթե բողոքում է իր ամուսնուց, կարող է ակնկալել միայն հասարակական պարսավանք. «Մենք ամեն ինչ անում ենք, որ ընտանեկան բռնության դեպքերը դատարան չհասնեն, երեխաները չեն կարող մեծանալ առանց հոր, կինը չի կարող ապրել առանց ամուսնու»: Մի՞թե ակնհայտ չէ, որ նման մտածողությամբ ոստիկանների պատճառով ընտանեկան բռնության դեմ պայքարը դեռ երկար տարիներ արդյունք չի տա: Ի դեպ, Amnesty International-ի փորձագետները, հակառակ իրենց համառ ցանկություններին, այդպես էլ չեն կարողացել հանդիպել ՀՀ ոստիկանության ղեկավարների հետ, իսկ սոցիալական հարցերի եւ աշխատանքի, ինչպես նաեւ արտաքին գործոց նախարարություններում նրանց խոստացել են քայլեր ձեռնարկել ընտանեկան բռնության դեմ պայքարին օրենսդրական ուժ տալու համար:

«Ով ուզում էր, կարող էր ծեծել ինձ: Եթե մի բան այն չէր տանը, ուրեմն ես էի մեղավոր: Հարձակվում էին վրաս ու ծեծում բոլորը միասին: Մի անգամ փորձեցի պաշտպանել ինձ, աթոռով խփեցի ամուսնուս ու տնից փախա, բայց գնալու տեղ չունեի. ծնողներս մահացել էին, բարեկամ չունեի ու ապաստան գտա հարեւանի տանը: Ամուսինս եկավ այնտեղ ու աչքերիս քիմիական թթու շփեց: Հիշում եմ, որ դեմքս այրվում էր, իսկ ցավն այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եղա: Ինձ տարան Երեւան ու վիրահատեցին, բայց տեսողությունս չվերականգնվեց: Ես չկարողացա իմ իրավունքները պաշտպանել, որովհետեւ փող չունեի, բարեկամներ չունեի, որ իմ համար դատարաններ գնային: Այդպես էլ կյանքս անցավ»,- սա բռնության ենթարկված 45-ամյա մի կնոջ պատմություն է, որի ամուսինը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել. հասարակության լուռ համաձայնությունը, ըստ էության, խրախուսում է բռնությունները: Իսկ այն փաստը, որ ՀՀ քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը առանձին հոդվածով չի հետապնդվում, ոչ միայն հակասում է ՀՀ-ի ստորագրած մի շարք միջազգային պայմանագրերին, այլեւ բացահայտում է մեր հասարակության իրական վերաբերմունքը կանանց հանդեպ խտրականություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել