Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԽՈՒՄԲ ՉԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Նոյեմբեր 14,2008 00:00

\"\"Արմեն Հարությունյանի կարծիքով՝ փաստահավաք խմբի ստեղծմամբ «Մարտի 1»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը չի սպառվել:

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրեց վերջին շրջանում Պաշտպանի գրասենյակի ծավալած գործունեութունը, իր հանդիպումը «Մարտի 1»-ի մայր գործից առանձնացված «7»-ի գործի (Շանթ Հարությունյան, Ալեքսանդր Արզումանյան, Սասուն Միքայելյան, Մյասնիկ Մալխասյան, Սուրեն Սիրունյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Ոսկերչյան) փաստաբանների հետ:

Հիշեցնենք, որ 5 անձից բաղկացած փաստահավաք խումբը ղեկավարելու է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, նախկին արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը, իսկ մյուս 4 անդամները՝ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներ են: Ա. Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ այս ընթացքում պատրաստվում է Պաշտպանի տարեկան զեկույցը եւ սրանից հետո իր գրասենյակը հանդես է գալու տարբեր ոլորտներին վերաբերող հատուկ զեկույցներով, ինչպիսիք են՝ փոքրամասնությունների, խոսքի ազատության, սեփականության, անկախ դատաքննության իրավունքի խնդիրները: Օմբուդսմենը, անդրադառնալով փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրության սահմանադրականության հարցին, ասաց. «Նախագահը կարգադրությամբ լիազորություն չունի այդպիսի խումբ ստեղծել եւ կարգադրության սահմանադրականությունը վիճարկել հնարավոր չէ»: Լրագրողի հարցին, թե կա՞ն այդտեղ այնպիսի դրույթներ, որոնք հակասում են օրենքին եւ արդյո՞ք հետագայում այդ դրույթների պատճառով փաստահավաք խմբի օրինական լինելու հանգամանքը կասկած չի հարուցի, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Ես, որպես իրավաբան, չէի ցանկանա խոսել այդ հարցի շուրջ, որը հետագայում կարող է դառնալ տարբեր քննարկումների, շահարկումների առարկա: Այն խնդրահարույց է, բայց չեմ կարծում, որ դրանք կարող են խմբի գործունեությունը կասկածի ենթարկել: Եկեք վստահենք, որ իրենք կկարողանան այդ գործընթացն այնպես տանել, որ հետագայում այն հնարավորինս վստահելի լինի»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե փաստահավաք խմբի ստեղծմամբ կարելի՞ է ենթադրել, որ «Մարտի 1»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը սպառվել է, Ա. Հարությունյանն ասաց. «Ո՛չ, այդպես չեմ կարծում, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է, նրանք իրար չեն փոխարինում, մեկի սպառմամբ մյուսի ձեւավորումը տեղին չէ: Փաստահավաք խումբը պարզապես ստեղծվել է նոր, ավելի վստահելի ռեսուրսով այդ գործին լիցք տալու համար: Ընդհակառակը, կարծում եմ՝ եթե այս քաղաքական կամքը եղավ եւ այս ձեւաչափով ձեւավորվեց փաստահավաք խումբը, ապա՝ ե՛ւ ես, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենանք ԱԺ հանձնաժողովի գործունեությանը: Գոնե այն հարցադրումները, որոնք, ըստ մեզ, ճիշտ են եւ եթե ԱԺ հանձնաժողովն իր մեծամասնությամբ դեմ կլինի դրան, դա էլ հիանալի ցույց կտա իրավիճակը: Եթե դեմ չի լինի, կողմ կլինի, դա էլ կլինի: Կարծում եմ՝՝ ժամանակն է, որ մասնակցենք ԱԺ հանձնաժողովի նիստերին»:

Հրապարակելով մի քանի օր առաջ «7»-ի գործի փաստաբանների հետ իր ունեցած հանդիպման մանրամասները՝ Ա. Հարությունյանը հայտնեց. «Նրանք բողոքում էին, որ իրենց միջնորդություններին նախաքննական մարմինները եւ դատարանները պատշաճ ձեւով չեն անդրադառնում: Իրոք, մամուլից էլ գիտենք, «7»-ի գործում շատ զավեշտալի դրույթներ կան, նոր իրավական բառակապակցություններ են առաջացել, օրինակ՝ «փաստացի սեփականատեր» եւ այլն: Կոչ եմ անում դատարաններին եւ նախաքննության մարմիններին, որ զերծ մնան տարբեր անախորժություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել