Լրահոս
Օրվա լրահոսը

Հովնանյանը Գյումրիում նոր գործարան գնեց

Նոյեմբեր 14,2008 00:00

Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանն այսուհետեւ կպատկանի «Հովնանյան ինթերնեյշընըլին»

Չորս տարի առաջ ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանը Գյումրիի ավերված էլեկտրատեխնիկական գործարանի բակում հիմնեց քար արտադրող «Հովբլիթ բրիքը»՝ նպատակ ունենալով այս քաղաքում կրճատել գործազուրկների թիվը: Օրերս հայտնի դարձավ, որ անցած շաբաթ նա գնել է նաեւ գործարանի մյուս հատվածը: Սակայն, որքան էլ տարօրինակ է հնչում, բարերարի այս ներդրումը տխրեցրել է գործարանի նախկին աշխատակիցներից շատերին: Բանն այն է, որ առուվաճառքից անմիջապես հետո նոր գործադիր տնօրենը հանդիպել է կոլեկտիվի նախկին անդամներին ու առաջարկել իրենց բաժնետոմսերը 25-30 հազար դրամով վաճառել նոր գնորդին: «Առավոտի» հետ զրույցում գործարանի նախկին աշխատակիցները դժգոհեցին, որ գործարանը վաճառվել է առանց բաժնետերերի համաձայնության, երկրաշարժից հետո՝ 20 տարի շարունակ բաժնետերերի ժողով ընդհանրապես չի գումարվել ու որեւէ հարց իրենց հետ չի քննարկվել: «Նախ վիրավորական է, որ մեզ շան տեղ չդնելով՝ իրենց գործը առաջ են տանում, 20 տարի առաջ մեր բաժնետոմսը կարգին գին ուներ, իսկ հիմի շան մսի գնով ուզում են մեզանից վերցնել, 20 հազարն ի՞նչ է՝ մի կոշիկի գին, պահես՝ չի լինի, էդ ծիծաղելի գումարով վաճառես՝ էլի չի լինի, չգիտես ի՞նչ անես»,- բողոքեցին որոշ աշխատակիցներ: Շատերին նաեւ զայրացրել էր այն փաստը, որ նոր տնօրինությունը բաժնետերերի հետ հանդիպման մասին իրենց նախապես տեղյակ չէր պահել: «Էս լեն ու բոլ ինֆորմացիայի դարում ալարել են հայտարարություն տալ, Պողոսից ու Պետրոսից պիտի լսես, որ բաժնետոմս են առնում, բաժնետերերի հետ են հանդիպում»,- ասում էին գործարանի դիմաց հավաքված նախկին աշխատակիցները, որոնք գործարանի վաճառքի «գույժը» լսելուն պես՝ շտապել էին ճշտելու: Նրանք մեզ հետ զրույցում վստահեցրին, որ «100 հազարից մի կոպեկ պակաս» իրենց բաժնետոմսը չեն վաճառելու: «Ամեն ինչ թանկացավ, գործարանը էդքան էժանացա՞վ»,- զայրացած հարցնում էին նրանք: Նշենք, որ նոր տնօրինությունը պատրաստ է անգամ հոգալ մահացած բաժնետերերի՝ բաժնետոմսերը ժառանգներին կտակելու նոտարական ծախսերը, եթե միայն նրանք համաձայնեն բաժնետոմսերն իրենց վաճառել: Գործարանի վաճառքի մասին տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզպետարանի արդյունաբերության զարգացման պատասխանատու Մարտին Տոնոյանից, որին, սակայն, հայտնի չէին վերջին իրադարձությունները: Նա միայն փոխանցեց, որ կառավարության որոշմամբ էլեկտրատեխնիկականի մի մասը Հովնանյանին տրվել է անվարձահատույց, իսկ գործարանի մյուս մասը մասնավորեցվել է: Չնայած, ըստ պաշտոնյայի, եթե վաճառվում է, ապա այս մասին պետք է բաժնետերերի ընդհանուր որոշում ընդունվի: «Առավոտը» գործարանի նոր տեր «Գյուկոնդ» ԲԲԸ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է, որ գործարանը վաճառվել է առանց բաժնետերերի գիտության: Վերջինս պարզաբանեց, որ վաճառվել է ոչ թե բաժնետեր հանդիսացող կոլեկտիվի 427 անդամների բաժնեմասը, այլ՝ տնօրենի, որին, ըստ էության, պատկանել է բաժնետոմսերի առյուծի բաժինը: Նշենք, որ գործարանի նախկին տնօրենը եղել է մոտ 44%-ի բաժնետերը, իսկ կոլեկտիվը՝ 20%-ի: Ընդհանուր առմամբ բաժնետոմսերի 80%-ը պատկանել է 3-4 մարդու: Գործարանից նաեւ պարզաբանեցին, որ իրենք չեն հարկադրում նախկին աշխատակիցներին իրենց բաժնետոմսերը վաճառել, եւ որ դրանք կգնեն ըստ ցանկության եւ պահի անհրաժեշտության: Իսկ թե ի՞նչ կարտադրեն նոր գործարանում՝ դեռեւս քննարկման փուլում է: «Հովբլիթ բրիքից» էլ մեզ փոխանցեցին, որ գործարանն իրենց՝ կառավարության որոշմամբ, տվել են ոչ թե անվարձահատույց, այլ իրենք գնել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել