Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱՅԴ ԴՐԱԽՏԱՅԻՆ ԵՐԿՐՈՒՄ

Նոյեմբեր 14,2008 00:00

Վարչապետի ելույթում ուրվագծված հեռանկարները, թե համաշխարհային ճգնաժամը որքան դրական կարող է ազդել մեր երկրի տնտեսության վրա՝ նման ցանկություն էր առաջացրել պատգամավորների մոտ:

Քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009-ի պետբյուջեի նախագծի ներկայացման իր ելույթը նվիրել էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը՝ նրա «թեթեւ ձեռքով» երեկ էլ բյուջեի նախագծի քննարկումներում գերազանցապես խոսում էին հենց ճգնաժամի մասին: Ընդ որում՝ ելույթներում ակնհայտ էր վատ թաքցված հեգնանքը: Ասենք, ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, թե «վարչապետի ելույթից հետո բոլորը հասկացան, որ ինչքան ֆինանսական ճգնաժամը խորանա՝ էնքան լավ է Հայաստանի համար»: Նաեւ հեգնեց, որ «եթե բուկվալնո մի 2 օր առաջ ասում էինք, թե ճգնաժամը չի ազդելու Հայաստանի վրա»՝ հիմա վարչապետը հանդես եկավ հակաճգնաժամային ծրագրով: Տիգրան Թորոսյանն իր ելույթում «շատ տխուր երեւույթ» անվանեց այդ պնդումները, թե մեր երկրի վրա ճգնաժամն ազդեցություն չունի. «Եթե մեր տնտեսությունը եւ երկիրն այնպիսին են, որ համաշխարհային երեւույթներից անմասն են՝ անգամ բացասական առումով, սա լավ բանի մասին չի խոսում»: Իսկ ԲՀԿ-ի պատգամավոր Գոհար Ենոքյանին վարչապետի ելույթը հիշեցրել էր սովետական տարիներին հայտնի զավեշտը՝ մանկապարտեզի դաստիարակի մասին, որի ելույթից, թե Սովետական Միությունում ինչքան լավ է ապրելը, ինչ դրախտային երկիր է դա՝ երեխաները լաց են լինում՝ ասելով, թե ուզում են ապրել Սովետական Միությունում. «Երեկվա ծրագիրն իրոք էլ նման էր այդ զարգացած, դրախտային կյանքին: Պակասում էր միայն մի հետաքրքիր բան, որին 20 տարի է՝ սպասում եմ, բայց դեռ չեմ տեսել. բուռն ցանկությունը՝ կյանքում իրականացնել տնտեսության իրոք զարգացման մասին հայտարարությունները»: Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն իր ելույթում հույս հայտնեց, որ «տնտեսական քաղաքականությունն այսուհետ կլինի շատ ավելի իրական, հիմնված կլինի իրական միջազգային փորձի վրա, եւ մենք զերծ կմնանք տեսական տնտեսական դատողություններից»: Այսպիսի քաղաքական մեծամասնություն ունենալու դեպքում կառավարությանն ընդդիմություն էլ պետք չէ: Այնպես որ՝ այս ֆոնին բավական դժգույն էր «Ժառանգության» քննադատությունը: Խմբակցության անունից ելույթ ունեցող Ստեփան Սաֆարյանն ուղղակի երկրորդեց ԲՀԿ պատգամավորին՝ հայտարարելով. «Այն հրաշալի եւ գեղեցիկ բառերը, որոնք կառավարության ներկայացուցիչները մշտապես ասում են այս բարձր ամբիոնից՝ փաստացի մնում են ուղղակի բարի խոսքեր, որոնք ինչպես իմ հարգարժան գործընկերը նշեց՝ չեն ապահովում այդ դրախտային երկիրը, որը յուրաքանչյուր տարի մեզ խոստանում է ՀՀ կառավարությունը»: Այս ամենից հետո՝ որպես վարչապետին անուղղակի մխիթարություն, հնչեց ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող Գալուստ Սահակյանի խոսքը՝ սեփական փորձից. «Ես որ օրը խոսում եմ ու հաջորդ օրն ինձ չեն քննադատում՝ մտածում եմ, ուրեմն, հեչ բան չեմ ասել»:

Սակայն անդրադառնանք այն կառուցողական առաջարկներին, որոնք ծնել էր Տիգրան Սարգսյանի խոսքը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը հետաքրքրվեց, թե տեղական արտադրությունը խթանելու համար հնարավո՞ր է, որ վերանայվեն ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Եվ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց. «Այդպիսի հնարավորություն կառավարությունն ունի. անհրաժեշտության դեպքում մաքսատուրքերը կարող ենք բարձրացնել մինչեւ 15 տոկոս»: Սամվել Նիկոյանը հարցրեց, թե նման փոփոխություն անելու դեպքում խնդիրներ չե՞ն ունենա Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ, եւ նախարարը պարզաբանեց. «Մինչեւ նշված շեմը՝ այդ չափաքանակը համաձայնեցված է»:

Ի դեպ, երեկվա քննարկման ընթացքում որոշ տարբերություններ նկատվեցին մեր իշխանության եւ միջազգային տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունների միջեւ: Ասենք, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց. «Քանի դեռ ճգնաժամը ֆինանսական էր՝ մեր համակարգը հաջողությամբ դիմակայում էր. ինքներդ գիտեք, որ մեր բանկային համակարգը բավական կայուն եւ ամուր է», եւ ըստ նրա, եթե ՌԴ բանկերը բավական ծանր վիճակում էին, սնանկացման եզրին՝ «Հայաստանի որեւէ բանկի հետ որեւէ բան չի կարող պատահել»: Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում մշտական ներկայացուցչի՝ օրերս «Ա1+»-ին տված հարցազրույցից դատելով՝ ճգնաժամը մեր ֆինանսական համակարգի վրա թողել է ազդեցություն, բայց այն մեծ չի եղել, քանի որ մեր բանկային համակարգը բավական փոքր է: Ռուսաստանից Հայաստան ստացվող մասնավոր տրանսֆերտների կապակցությամբ էլ նա կանխատեսել էր. «Ռուսական տնտեսական աճը դանդաղում է, եւ այնտեղ հիմա մի փոքր դժվար ու վատ կլինի բոլորի, այդ թվում՝ նաեւ հայերի համար: Այդ պատճառով մյուս տարի միգուցե տրանսֆերտների քանակը մի փոքր պակասի»: Մինչդեռ երեկ Արծրունի Աղաջանյանի հարցադրմանը, թե Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածներից ահազանգեր կան, որ կարող են աշխատավարձ չստանալ, եւ սա կարող է անդրադառնալ ՀՀ բնակչության կենսամակարդակի վրա՝ Գագիկ Մինասյանն այսպես արձագանքեց. «Տրանսֆերտների աճի պակասեցման միտում չկա»:

Բյուջեի քննարկումը երեկ դադարեցվեց 4 օրով, մինչ պարզ կդառնա կառավարության դիրքորոշումը պատգամավորների առաջարկների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել