Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ ՀԱԲՌԳՈՒՄ Է»

Նոյեմբեր 14,2008 00:00

Այսպես է բնութագրում Հայաստանի հանքային արդյունաբերությունում ստեղծված վիճակը Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Այս ամենը ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը համարում է Հայաստանում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանք, որը հանգեցնում է մարդկանց պարզապես աշխատանքից «դուրս շպրտմանը»: Իբրեւ ամենավառ օրինակներ՝ պարոն Թովմասյանը բերեց իր տվյալները հետեւյալի մասին. Ագարակի կոմբինատի 1300 աշխատողներից արդեն 300-ի հարկադիր պարապուրդը, Կապանի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակիցների 60 տոկոսի ազատումն աշխատանքից, իսկ մնացյալների աշխատավարձի 40 տոկոսով կրճատումը: «Խնդիրներ կան երկրի հանքարդյունաբերական այլ վայրերում էլ՝ Ալավերդիում, նաեւ Վարդենիսի Սոտքի ոսկու հանքերի թալանը եւ այլն ցույց են տալիս, որ այս փտած համակարգը մեր երկրում վերջնականապես քայքայվում է: Հայաստանի կոմկուսը մեկ անգամ եւս հայտարարում է, որ անհապաղ հարկավոր է պետականացնել երկրի հանքային արդյունաբերությունը, երկրի հիմնական հարստությունները չվստահել չգիտես որտեղից վայրիվերումներով փախած արտասահմանյան կապիտալիստներին, որոնք հաշվեհարդար են տեսնում հայ բանվորների հետ»: Վրդովմունք հայտնելով բանվորների նկատմամբ այս վերաբերմունքից՝ ՀԿԿ-ն Հայաստանի իշխանություններից անհապաղ միջամտություն է պահանջում, որպեսզի մարդիկ չզրկվեն հանապազօրյա հաց աշխատելու հնարավորությունից: Պարոն Թովմասյանը խորհուրդ է տալիս խնայողություններ անել սեփական շռայլ ապրելակերպի եւ ոչ թե քրտինքով հաց վաստակող բանվորի հաշվին: ՀԿԿ-ն նաեւ համերաշխություն է հայտնում բանվորներին, կոչ է անում համախմբվել, ամրապնդվել եւ պաշտպանել միմյանց: «Սոցիալական համախմբումը դեռ հաղթելու է»,- վստահություն է հայտնում Կոմկուսի ղեկավարը: ՀԿԿ-ն կոչ է անում այս պայքարին միանալ նաեւ «ՀԴՄ-ներից տուժածներին», ինչպես նաեւ տաքսիների վարորդներին՝ նրանց նույնպես համերաշխություն եւ աջակցություն հայտնելով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել