Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի հարցը լուծում է պահանջում, ոչ թե կարգավորում»

Նոյեմբեր 14,2008 00:00

\"\"Ասում է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը՝ մեղադրելով միջազգային կառույցներին հարցի լուծմանը վնասելու համար:

Ըստ ՍԴՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի, միջազգային կառույցները «պատերազմում հաղթանակած, իրականում ազատագրական պայքար մղած ժողովրդին դրեցին մի կողմ եւ միահամուռ պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ակնհայտ է, որ այստեղ նավթային շահերն են գերիշխում»: Մեր զրուցակիցը ի հաստատումն դրա հիշեցնում է ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Սթիվեն Մաննին, որը «համանախագահ եղած շրջանում փորձում էր անկողմնակալ լուծում տալ խնդրին, իսկ հիմա հանդիսանում է Կասպյան ավազանի նավթային պատասխանատուն Միացյալ Նահանգների կողմից»: Պարոն Շիրխանյանը տարակուսում է. «Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ նա չեկավ Հայաստանի կոնյակի պատասխանատու կամ, ասենք՝ Վրաստանի թեյի, Ուկրաինայի մետաղի»: Պարոն Շիրխանյանը հիշեցնում է նաեւ, որ 2007թ. նոյեմբերի 15-ին Միջազգային ճգնաժամային խումբը իր ներկայացրած զեկույցում առաջարկեց ԼՂՀ խնդրի կարգավորման սկզբունքներ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման սցենարով: Երկու շաբաթ անց, մոտավորապես նույն սկզբունքների հիման վրա, Մադրիդում արդեն ԵԱՀԿ-ն որոշում է կայացնում՝ հայտարարելով, որ արդեն մշակված են ԼՂՀ խնդրի կարգավորման հիմնադրույթները, որոնք որպես հետագա բանակցությունների հիմք ընդունել են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը: Այնուհետեւ Վարդան Օսկանյանը, որը դեռ ՀՀ արտգործնախարարն էր, հայտարարում է, որ «մադրիդյան» սկզբունքների իրականացումը նախատեսվում է Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: Մարտի 15-ին ԵԱՀԿ-ի կողմից ընդունվում է Հայաստանին ամենածանր հանցանքների մեջ մեղադրող բանաձեւը։ Այս ամենի համադրությունից մեր զրուցակիցը ասում է. «Չեմ կարծում, որ մադրիդյան հավաքում որեւէ մեկը չի հարցրել՝ իսկ եթե Ադրբեջանում ընտրվի ոչ թե Ալիեւը, այլ ասենք՝ Մամեդովը, իսկ Հայաստանում Սարգսյանի փոխարեն՝ Պողոսյանը, վստա՞հ եք, որ այս սկզբունքները նրանք բանակցությունների հիմք կընդունեն»: Հետեւաբար՝ «Համանախագահողները դեռ 2007թ. էին ստացել Ալիեւի եւ Սարգսյանի համաձայնությունը: Իսկ ապագա նախագահները դրա դիմաց պետք է ստանային ընտրությունների ժամանակ այդ կառույցի հովանավորությունը եւ գործողությունների ազատության քարտ-բլանշը»: Ուստի՝ «Հայաստանում նախագահական ընտրությունների կեղծումների, մարտի 1-ի սպանդի հիմնական մեղավորներից մեկը ԵԱՀԿ-ն է»,- ասում է Վահան Շիրխանյանը:

Այնուհանդերձ, պրն Շիրխանյանն ամեն ինչ անդառնալիորեն կորած չի համարում. «Քանի դեռ ուշ չէ, Սերժ Սարգսյանը պետք է ամեն ինչ անի 10-ամյա սխալները ուղղելու եւ կարճագույն ժամկետում ԼՂ-ին բանակցային կողմ դարձնելու համար: Այլապես պարտադրված հաշտությունը բերելու է հերթական պատերազմի: Պետք է արդարացվեն եւ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, պատժվեն ժողովրդի դեմ ծանրագույն հանցանք գործած պետական պաշտոնյաները»: Ըստ մեր զրուցակցի՝ «Հողերի փոխզիջումը կարող է լինել միայն հողը հողի դիմաց. վերադարձնում են Շահումյանը, Մարտակերտը, Մարտունին, մնացած հողերը եւ ստանում են նույնչափ այլ հողեր: Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ անկլավային կազմավորումների ստեղծումը ական է, նոր պատերազմի հիմք: Եթե դա ձեռնտու է Ադրբեջանի նավթի գույնով շլացած արտասահմանցիներին, ապա ոչ հայ, ոչ ադրբեջանցի ժողովրդին ձեռնտու չէ: Ես համոզված եմ, որ նրանք էլ պատերազմ չեն ուզում: Հաշտությունը պետք է լինի հարատեւ, հետեւաբար ղարաբաղյան խնդիրը պահանջում է լուծում, ոչ թե կարգավորում: Իսկ լուծումը հնարավոր է միայն Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների արդյունքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել