Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՄԱՍՏ ՓՆՏՐՏՈՒՔ

Նոյեմբեր 14,2008 00:00

\"\"Արարատ Զուրաբյանի ասելով, «Մարտի 1»-ի գործով ամբաստանվող 7 քաղկալանավորների գործը նույն հոդվածներով մեղադրվողների գործից անջատելու մեջ որեւէ տրամաբանություն չկա:

Ակնկալվում է, որ «Մարտի 1»-ի գործով ամբաստանվող 7 քաղբանտարկյալների գործը՝ մեկ փաթեթով, դատարան կմտնի մինչեւ այս տարեվերջ: Հիշեցնենք, որ նրանք բոլորն էլ՝ Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան, Մյասնիկ Մալխասյան, Ալեքսանդր Արզումանյան, Գրիգոր Ոսկերչյան, Սուրեն Սիրունյան ու Շանթ Հարությունյան, մեղադրվում են ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածների հատկանիշներով, համապատասխանաբար՝ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելը» եւ «պետական իշխանություն յուրացնելը»: Սակայն, «Մարտի 1»-ի գործի շրջանակներում միայն այս յոթը չեն, որ մեղադրվում են «պետական իշխանության յուրացման» մեջ: Այդ հոդվածով, իբր, նախաքննությունը շարունակվում է եւս չորս անձանց՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի, Կարապետ Ռուբինյանի եւ Գուրգեն Եղիազարյանի մասով: Հիշեցնենք, որ այս մարդկանց նկատմամբ առաջադրված մեղադրանքը դեռ ուժի մեջ է, եւ նրանք ազատության մեջ են իրենց նկատմամբ խափանման միջոց կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու պատճառով միայն: Թե ո՞ր տրամաբանությամբ է Հատուկ քննչական ծառայությունն այս չորսի գործը անջատել «7»-ի գործից՝ անհասկանալի է: Արարատ Զուրաբյանի համոզմամբ, դրանում, ինչպես նաեւ նույն հոդվածով մեղադրվող 4 անձանց կալանքը փոխելու, նրանց ընտրության հարցում ինչ-որ չափանիշով կամ անհատական մոտեցմամբ առաջնորդվելու մեջ որեւէ տրամաբանություն փնտրելն անիմաստ է՝ այն պարզապես չկա, ինչպես չկա որեւէ իրավական հիմք նրանց մեղադրանք առաջադրելու համար:

«Խոսում ենք 225 կամ 300 հոդվածներով մեղադրվողների մասին, բայց «իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու» մեղադրանքով, օրինակ՝ Վարդգես Գասպարիին դատապարտեցին 1 տարվա ազատազրկման, իսկ նույն արարքի համար մեկ այլ գործչի՝ 3 տարվա, մյուսին՝ պայմանական ազատազրկման, չորրորդի համար արդարացման դատավճիռ կայացրին եւ այլն: Որեւէ տրամաբանություն չկա: Կարծում եմ, միջազգային կառույցների ճնշումներն էին պատճառը, որ ինչ-որ ժամանակահատված իշխանությունը որոշեց մեղմացումների գնալ, հետո հաջորդ պահին փոշմանեցին, մտածելով, որ հասարակությունը կարող է դա ընկալել որպես իշխանության թուլության նշան»,- նկատեց Ա. Զուրաբյանը: Նրա համոզմամբ, մի բան է կարեւոր, որի մասին ամենաքիչն է խոսվում. խոսքը մի գործընթացի մասին է, որի ընթացքում տեղի են ունեցել հանցագործություններ, որոնց համար առ այսօր ոչ մեկը չի պատժվել, օրինակ՝ մարդ սպանելու համար: Ըստ նրա, առ այսօր նաեւ քրգործի նյութերում չի գտնվել այդ սպանությունների եւ դրանցով ուղղորդված «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող անձանց կոնկրետ գործողությունների միջեւ տրամաբանական շղթան, որով կարելի էր պնդել, թե այս կոնկրետ մարդը, օրինակ՝ սպանել է 10 զոհերից կոնկրետ մեկին: «Ռ. Քոչարյանը մարտի 1-ից հետո հայտարարեց, թե կա տեսագրություն, որտեղ ինչ-որ մեկը ժողովրդի միջից դուրս էր գալիս, կրակում էր ոստիկանների ուղղությամբ եւ թաքնվում ժողովրդի թիկունքում: Նույնիսկ «Մարտի 1»-ն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը, որի գործունեությունը իմիտացիոն բնույթ է կրում, չկարողացավ կոծկել այս տեղեկության ստահոդ լինելը եւ արձանագրեց, թե հայտնի չէ մի փաստ, ըստ որի, միտինգավորների կողմից կրակոց հնչած լինի: Եթե իշխանությունը ցանկություն ունենար «Մարտի 1»-ը իսկապես բացահայտել, կարող էր դա շատ վաղուց արած լինել, որովհետեւ դա արվել է շատ բացահայտորեն. մարդիկ, ովքեր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում քնած են եղել կամ նոր են արթնացել, հարձակման են ենթարկվել ուժայինների կողմից, հետո նրանց նկատմամբ պատժիչ գործողություններ են եղել մայրաքաղաքի փողոցներում: Այս ապօրինությունները որեւէ մեկի վրա բարդելու անհրաժեշտություն էր առաջացել: Թե՝ ի՞նչ ճանապարհով է իշխանությունը որոշել դա անել, տրամաբանություն փնտրելը իմաստ չունի: Ի՞նչ հանգուցալուծում կունենա այս քրգործը, չեմ պատկերացնում, բայց գիտեմ մի բան՝ տղաների մեծ մասը հետագա բողոքարկումների ընթացքում անպայման ինչ-որ փուլում հաջողության կհասնի: Այլ կերպ հնարավոր չէ: Եթե անգամ Հայաստանում դա չլինի, համոզված եմ, որ դա կլինի եւ «Մարտի 1»-ին իսկապես իրավական գնահատական կտրվի Եվրոդատարանում: Ցանկալի կլիներ, որ դա արվեր ՀՀ-ում, որ գործող իշխանությունները զերծ մնային նման սխալներից՝ իսկապես անմեղ մարդկանց դատապարտելուց»,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահը:

Նա դժվարացավ ասել, թե իր գործով արդյո՞ք նախաքննությունն իրականում շարունակվում է: Համենայնդեպս, իր հետ, ազատ արձակվելուց հետո, որեւէ քննչական գործողություն չի կատարվել: «Բոլորս էլ ի սկզբանե իմացել ենք, որ այդ գործը ոչ թե իրավական, քրեական գործ է, այլ՝ քաղաքական, որին փորձ է արվել տալ իրավական ձեւակերպում: Բայց ընթացող դատավարություններն ապացուցում են, որ իրավական հարց, որպես այդպիսին, չկա: Ես կարծում եմ, երբ «7»-ի գործը մտնի դատարան, դա առավել ակնհայտ կդառնա»,- ասաց Ա. Զուրաբյանը: Նա հիշեցրեց, որ ՔՕ 300-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում դեռ փետրվարի 24-ին էր քրգործ հարուցվել: Ասել է թե՝ իշխանությունների կողմից ընդդիմության ակտիվիստներին այդ հոդվածով մեղադրելու որոշումը կայացվել էր մարտի 1-ի իրադարձություններից դեռ մեկ շաբաթ առաջ, ինչը նշանակում է, որ գործը գտնվում է միմիայն քաղաքական հարթությունում: «Խնդիր էր դրված՝ պահպանել եւ վերարտադրել իշխանությունը, որը նրանք նաեւ այս քրգործի միջոցով իրականացրին եւ դեռ շարունակում են պահպանել իրենց իշխանությունը»,- ասաց Ա. Զուրաբյանը: ՀՀՇ վարչության նախագահի համար հստակ չէ, թե քննչական մարմինն ինչի՞ց է ենթադրել, որ պետական իշխանությունը յուրացնելու փաստ կա. «Եթե նման գործ պիտի հարուցվեր, ապա մեղադրյալներն այլ մարդիկ պիտի լինեին, որովհետեւ հասարակությունը գիտի, թե իրականում ով է յուրացրել իշխանությունը եւ ինչպես»:

Ա. Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ «7»-ի դատավարության ընթացքն այնպիսին կլինի, որ իշխանություններն էլ կհասկանան, որ արժեր այդ գործն օր առաջ կարճել, որովհետեւ կոնկրետ այդ 7 անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքներն իրավական հարթությունում ապացուցվել, հիմնավորվել եւ քննություն բռնել չեն կարող: Ա. Զուրաբյանը կանխատեսեց, որ «7»-ի դատաքննությունը հասարակական նոր հուզումների եւ զանգվածային բողոքի ալիքի առիթ է դառնալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել