Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԵԿ-Ն ԱՆՍԱՍԱՆ Է ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ»

Նոյեմբեր 14,2008 00:00

\"\"Պնդում է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը

– Նվազագույն աշխատավարձի շեմը 25 հազարից 30 հազարի բարձրացնելու մասին առաջարկությունը դուք քննադատեցիք եւ այդ առաջարկը ընդունելուն ձեռնպահ մնացիք: Չե՞ք ուզում, որ նվազագույն աշխատավարձը բարձրանա:

– Ես երեկ խոսեցի նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, եւ, որքան տեղյակ եմ, մեր երկրում նվազագույն աշխատավարձ ստանում է 43 հազար մարդ: Այսօրվա բարձր գների համեմատությամբ, ընդամենը 5 հազարով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ ճիշտ չեմ համարում, քանի որ դա էական նշանակություն չի ունենա եւ ոչ մի հարց չի կարող լուծել դրանով ապրող մարդկանց համար: Իհարկե, ես հասկանում եմ, որ մեր բյուջեն առաձգական չէ, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մեր երկրում 43 հազար մարդ ապրում է նվազագույն աշխատավարձով եւ պատկերացնելով նրանց դժվարությունները, առաջարկություն արեցի, որպեսզի բյուջեում ինչ-որ բաներ փոփոխեն, կտրեն եւ ուղղեն նվազագույն աշխատավարձի բարձրացմանը՝ հասցնելով մինչեւ 40 հազարի:

– Դուք խոսում եք այն մասին, որ հնարավոր է ինչ-որ բաներից պակասեցնել եւ ավելացնել նվազագույն աշխատավարձերը, սակայն մենք արդեն հրապարակել ենք տեղեկություններ այն մասին, որ բազմաթիվ պատգամավորներ առաջարկություններ են արել բյուջեից այս կամ այն հ/կ-ին, ձեռնարկությանը կամ «բիզնես» ծրագրի՝ բյուջեից միջոցներ հատկացնել, հետո պարզվել է, որ դրանք կամ տվյալ պատգամավորինն են, կամ ազգականինը, ուրեմն, ինչից կտրել եւ ո՞ւմ հոգսն է ավելացնել նվազագույն աշխատավարձի շեմը, եւ բացի այդ, ձեզ համար կա՞ն առաջնահերթություն ունեցող խնդիրներ:

– Նախ, այդ բոլոր առաջարկությո ւնները քննարկվում են, եւ այնպես չէ, որ բոլորը միանշանակ ընդունվում են: Եվ, ի վերջո, բյուջեն ունի առաջնահերթություններ: Դուք լավ գիտեք, որ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը մշտապես ասել է, որ ունենք երկու Հայաստան՝ Երեւանը եւ մարզերը: Հիմա, երբ քննարկում ենք բյուջեն, մենք պետք է փորձենք այդ երկու Հայաստանի գաղափարը վերացնել, մարզերի զարգացման խնդիրը առաջ մղել, որովհետեւ սահմանամերձ բնակավայրերը Հայաստանի բանալին են: Մենք պետք է ոչ թե վերը նշված առաջարկությունները հաշվի առնենք, այլ այն առաջարկությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն եւ միտված են երկրի անվտանգությանը: Ավելացնեմ նաեւ, որ ՕԵԿ-ի եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրերը գրեթե ամբողջությամբ ներառված են կառավարության գործունեության ծրագրում եւ բազմաթիվ դրույթներ համարվում են առաջնահերթ, մասնավորապես՝ աղետի գոտու 6800 անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը, ավանդների շարունակական վերադարձման գործընթացը, անվճար ծննդօգնությունը, մանկավարժների աշխատավարձերի շարունակական բարձրացումը, յուրաքանչյուր ծնվող երրորդ երեխային միանվագ նպաստի գումարի չափի մեծացումը, որը, ի դեպ, 2009 թվականի հունվարի 1-ից կդառնա 430 հազար դրամ, եւ բազմաթիվ այլ հիմնախնդիրներ, որոնք իրենց լուծումը կստանան այս բյուջեով:

– Որոշ վերլուծություններ են արվում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է, եթե այդպես լինի՝ ՕԵԿ-ից ե՞ւս մարդիկ կմիանան նրան:

– Նախ չեղած բաների մասին չեմ ուզում խոսել: Նշեմ սոսկ, որ ՕԵԿ-ը իր որոշումների մեջ անսասան է, ավելին` ՕԵԿ-ի քաղաքական թիմի ներսում տարաձայնություններ չկան, եւ մենք որեւիցե նոր միացումների խնդիր չենք հետապնդում: Այսօր Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը հետընտրական դաշինք են կնքել, եւ մենք, որպես քաղաքական ուժ, երկրի նախագահի հետ ստանձնել ենք երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը ու հետեւողական ջանքերով հետամուտ ենք լինելու մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած հիմնահարցերի լուծմանը:

Հ. Գ. Տիկին Բիշարյանը պատասխանեց նաեւ կրթությանը վերաբերող հարցին, որը կներկայացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել