Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՐԵՑԻՆ ԴՈՒԴՈՒԿԻ ՎԱՐՊԵՏԻՆ

Նոյեմբեր 13,2008 00:00

\"\"«Մի անգամ, երբ «դյադյա» Ջիվանը հերթական այցելությամբ Մոսկվայում էր, նրան ծանոթացրի ռուս երգիչ Վլադիմիր Պրեսնյակովի հետ, որը մեծ ցանկություն ուներ Ջիվան Գասպարյանի հետ համատեղ երգ ձայնագրել։ Մեծ վարպետի համաձայնությունը ստանալուն պես, նրանք երկուսով մտան ձայնագրման ստուդիա։ Րոպեներ անց՝ ձայնագրությունն արդեն պատրաստ էր։ Երբ Վովային հարցրի, թե ինչպիսին է արդյունքը, ձայնագրության ո՞ր հատվածը պետք է կրճատվի, նա պատասխանեց՝ ըստ իս, ամբողջ վոկալ մասը…»,- պատմում է ռուս լրագրող, «Ջիվան Գասպարյան եւ ընկերներ» մեծարման առաջին երեկոյի հաղորդավար Դմիտրի Դիբրովը։ Օրերս Մարզահամերգային համալիրում տոնվեց անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի 80-ամյակը, մասնակցում էին համաշխարհային գերաստղեր՝ իտալացի ռոք երաժիշտ Զուկկերոն, Ալան Փարսոնզն իր «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթ» խմբով, փողային նվագարանների վարպետ Պեդրո Էուստաշեն, էլեկտրոնային տավիղահար Անդրեաս Վոլենվեյդերը, ռուս ռոք աստղ Բորիս Գրեբենշչիկովը, ամերիկահայ ստեղնահար Դերեք Շերինյանն ու այլք։

«Առավոտի» հետ զրույցում Դ. Դիբրովն անկեղծացավ. «Դյադյա» Ջիվանին ես համարձակվում եմ համարել իմ լավագույն բարեկամն ու ընկերը»։ Համերգը, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեւեց շուրջ 7 ժամ: Երեկ մի մեծարման երեկո էլ՝ սպորտի, երաժշտության եւ այլ բնագավառների աստղերի մասնակցությամբ, կայացավ Կոնյակի գործարանում: Վարպետին նվիրեցին 400 լիտրանոց կոնյակի տակառ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել