Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Նոյեմբեր 13,2008 00:00

Նահանջը շարունակվում է

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ նահանջել է ինն աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը:

Առաջին տասնյակում նոր հավաքականների անուններ չկան: Պարզապես, եղածներից մի քանիսը տեղերը փոխել են: Եվ այսպես, աշխարհի տասը լավագույն ազգային հավաքականներն են: Փակագծերում նշված է, թե որ թիմն ինչ տեղաշարժ է արձանագրել:

1. Իսպանիա (0)

2. Գերմանիա (+1)

3. Իտալիա (-1)

4. Հոլանդիա (+1)

5. Բրազիլիա (-1)

6. Արգենտինա (+1)

7. Խորվաթիա (-1)

8. Ռուսաստան (+1)

9. Չեխիա (-1)

10. Պորտուգալիա (0)

Ֆուտբոլի աշխարհի 2012 թվականի առաջնության խմբային մրցաշարում Հայաստանի մրցակից մյուս հավաքականները զբաղեցնում են այսպիսի դիրքեր: 13. Թուրքիա, 55. Բելգիա, 67. Բոսնիա եւ Հերցեգովինա, 131. Էստոնիա:

Առնվազն մեկ բրոնզե մեդալ

Լիվերպուլում շարունակվում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչը Ռաֆայել Մեհրաբյանն է, առաջին օրերին բավականին կորուստներ տալուց հետո որոշակիորեն բարելավել է վիճակը: Մեր ընտրանին արդեն իր հաշվարկում առնվազն մեկ բրոնզե մեդալ ունի: 48 կիլոգրամ քաշային Հովհաննես Դանիելյանը, որը մեկնարկային տուրում ազատ էր, մուտքը մրցաշար տոնեց տանտերերից Դարրեն Լանգլեյի նկատմամբ միավորներով տարած համոզիչ հաղթանակով՝ 7:3 եւ մտավ կիսաեզրափակիչ՝ իր համար առնվազն Եվրոպայի առաջնության «բրոնզ» ապահովելով: Այժմ Հովհաննեսը կիսաեզրափակիչում ուժերը չափելու է Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Ունգվայի հետ:

Մեր մյուս երեք բռնցքամարտիկների՝ Էդուարդ Համբարձումյանի՝ 64 կգ, Անդրանիկ Հակոբյանի՝ 75 կգ եւ Ցոլակ Անանիկյանի՝ 91 կգ, հերթական մրցելույթների արդյունքների մասին առաջնության պաշտոնական կայքում երեկվա դրությամբ տեղեկություններ չկային:

Բախտամյանը կրկին երկրորդն է

Բանգկոկում անցկացված օդամղիչ ատրճանակով հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում Հայաստանը ներկայացնում էր Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախտամյանը: Նախնական փուլերում կրակագիծ ելած 200 նշանառուներից սկզբում պայքարը առաջին եզրափակիչում շարունակելու իրավունք ստացան 12 լավագույնները, որոնց մեջ էր նաեւ երեւանցին: Այստեղ նա ցույց տվեց լավագույն արդյունքը՝ 588 միավոր, եւ մտավ գլխավոր եզրափակիչ: Սակայն վճռորոշ պահին Նորայրն իր անվան դիմաց գրանցեց 97,2 միավոր՝ հաղթողի կոչումը զիջելով 102,4 միավոր վաստակած ուկրաինացի Ալեքսանդր Օմելչուկին:

Ութ հավաքականից թանկ ենք

Գերմանիայի «Տրանսֆեր Մարկետ» ընկերությունը, ուսումնասիրելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը, եկել է հետեւության, որ այն 5,5 միլիոն եվրո է: Այս ցուցանիշով Հայաստանը ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ցուցակում զբաղեցնում է 45-րդ տեղը՝ իրենից ետ թողնելով ութ ազգային հավաքականների:

«Տրանսֆեր Մարկետի» հավաստմամբ, ամենաթանկ հայ ֆուտբոլիստը Ռումինիայի «Տիմոշոարա» ակումբում խաղացող Արտավազդ Քարամյանն է՝ 1,8 մլն եվրո: Երկրորդը 600 հազար եվրո «արժեցող» Սամվել Մելքոնյանն է, իսկ երրորդ տեղը բաժանում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ հարձակվող Էդգար Մանուչարյանը, յուրաքանչյուրը՝ 500 հազար եվրո: Եթե հավատալու լինենք ընկերությանը, աշխարհի ամենաթանկ հավաքականը Իսպանիայինն է՝ 419 մլն եվրո:

Առաջին անգամ

Սպորտային ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) պաշտոնական հրավեր է ուղարկել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ութ լավագույն թիմերին, որոնք եկող տարվա փետրվարի 20-21-ին պետք է վիճարկեն աշխարհի գավաթը: Հայաստանի հավաքականն առաջին անգամ է նման պատվի արժանանում: Մեր ընտրանու մրցակիցները լինելու են Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Կուբան, Ղազախստանը, Հունգարիան եւ Ադրբեջանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել