Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԴՐԱԿԱ՞Ն ԱԶԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Նոյեմբեր 13,2008 00:00

\"\"Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ֆինանսական ճգնաժամը

մրցակցային առավելություններ է ստեղծում. այն կրճատում է տարբերությունը զարգացող եւ զարգացած երկրների միջեւ:

Թեեւ հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրորդել էր մասնագետների առաջարկը՝ «Հնարավորինս քիչ խոսել ճգնաժամի կամ այն աղետի մասին, որ մեզ սպասվում է, որովհետեւ տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների մոտ ձեւավորվում են բացասական սպասումներ, եւ նրանք փոխում են իրենց սպառման վարքագիծը: Դա խորացնում է ճգնաժամը»՝ երեկ հենց ինքն անտեսեց այդ առաջարկը: Եվ ԱԺ-ում 2009-ի պետբյուջեի նախագծի ներկայացման իր ողջ ելույթը պրն Սարգսյանը նվիրեց համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամին: Նախ դասախոսություն կարդաց, թե ինչպես է այն դրսեւորվում, ինչի է հանգեցրել: Հետո հայտարարեց. «Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին մեզ դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Այսօր մեր առջեւ խնդիր է՝ դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքներին»: Ավելի ուշ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, թե ֆինանսական ճգնաժամը «դեռ չի ազդել Հայաստանի վրա, քանի որ թե՛ բանկային համակարգը, թե՛ պետական բյուջեն բնական վիճակում են»: Նրանց կարող էր հակառակն ապացուցել անգամ վարչապետի նախկին կուսակից Արշակ Սադոյանը, որն այս օրերին ԱԺ միջանցքներում բոլորին պատմում է, թե ֆինանսական ճգնաժամը հատկապես իրեն է վնասել՝ չի կարողանում բանկից վարկ ստանալ տան նորոգման համար:

Տիգրան Սարգսյանն իր ելույթում խոսելով այն հիմնական ռիսկերի մասին, որոնք համաշխարհային տնտեսական ճգնաժամը ստեղծում է Հայաստանի համար՝ նշեց միայն մասնավոր ներդրումների նվազումը եւ հետաձգումը, մասնավոր տրասնֆերտների կրճատումը, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցումը եւ շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգումը:

Եվ վարչապետի ելույթի ամենակարեւոր հատվածն էր, թե ինչ է անելու կառավարությունն այս իրավիճակում, ինչպես է ապահովելու ֆինանսական հատվածի կայունությունը եւ ծրագրված տնտեսական աճը: Այս առնչությամբ նա բավական վիճահարույց հայտարարություն արեց. «Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամն ասես յուրահատուկ ինքնակարգավորման մեխանիզմ է, այդ թվում նաեւ՝ զարգացած եւ զարգացող երկրների միջեւ առկա ահռելի ճեղքը հարթելու միջոց: Ստեղծելով բարդություններ՝ այն միեւնույն ժամանակ էապես ընդլայնում է զարգացող երկրների հնարավորությունները, բացահայտում է նրանց մրցակցային առավելությունները»: Հետո ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առավել մանրամասնեց այս միտքը, թե ճգնաժամը, որը մեծ վնասներ է հասցնում տնտեսական զարգացման բարձր մակարդակ ունեցող պետություններին եւ խոշոր ձեռնարկություններին՝ կարող է դրական ազդել զարգացող պետությունների տնտեսությունների վրա, որոնք առավել հրապուրիչ են դառնում ներդրողների համար: Դրանից օգուտ քաղելու համար զարգացող տնտեսություն ունեցող պետությունը պետք է մրցակցային առավելություն ունենա մյուսների հանդեպ: Վարչապետի համոզմամբ, Հայաստանն ունի նման մի շարք առավելություններ: Այս բոլոր դատողություններից մի պատգամավոր հեգնանքով եզրակացրել էր, թե որքան տնտեսական ճգնաժամը խորանա՝ Հայաստանի վիճակն այնքան լավանալու է:

Այսուհանդերձ, մեզ երկիրը հրապուրիչ դարձնող այս ճգնաժամի ազդեցությունը կառավարությունը մտադիր է մեղմել: Եվ այդ նպատակով, ըստ Տիգրան Սարգսյանի, ձեռնարկելու են նաեւ հետեւյալ միջոցառումները: Խթանելու են արդյունաբերության զարգացումը՝ «ֆինանսական միջոցների ներգրավման համար պետական երաշխիքներ տրամադրելով» եւ «կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ձեռնարկությունների կապիտալում պետության մասնակցությամբ»: Կարելի է պատկերացնել, թե մեր լիբերալ կառավարությանը մաս կազմող սոցիալիստ կուսակցությունները որքա՜ն ուրախացան այս հայտարարություններից: Նաեւ այն խոստումից, թե «Պետական գնումների իրականացման ժամանակ, այլ հավասար պայմանների դեպքում՝ նախապատվությունը տրվելու է հայկական ապրանքներ եւ ծառայություններ մատակարարողներին»:

Երջանկությունը լիակատար կլիներ, եթե ազդարարվեր նաեւ հարկային բեռի թեթեւացման մասին: Սակայն վարչապետն ԱԺ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, թե կառավարությունը չի գնալու այդ ճանապարհով, եւ դեռ հակառակը՝ խստացվելու է վարչարարությունը, հատկապես խոշոր հարկատուների պարտականությունների կատարման վերահսկողության հարցում: Իսկ ելույթում խոստացավ  հարկային վարչարարության էական պարզեցում. «Մինչեւ 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնի վերացում եւ պարզեցված հարկային հաշվետվությունների ներդրում»:

Կառավարությունը մտադիր է աջակցել բիզնես-ծրագրերի մշակմանը եւ նախապատրաստմանը: Վարչապետին կից ստեղծվելու է ինովացիոն նախագծերի հանձնաժողով, որը հայտարարելու է բիզնես-նախագծերի մրցույթներ: Տիգրան Սարգսյանը նաեւ ազդարարեց. «Բիզնեսի համար առավել բարենպաստ միջավայր ձեւավորելու նպատակով մեր միջազգային օդանավակայանում եւ Գյումրիում ազատ տնտեսական գոտիների հիմնում»:

Եվս մի ուշագրավ հայտարարություն նրա ելույթից. «Հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը՝ փնտրում են հուսալի ներդրումների եւ խնայողությունների պահպանման հնարավորություն: Մեր պարտքն է ուղղորդել նրանց եւ ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար: Այսօր մեր բանկային համակարգը կայուն «նավահանգիստ է»՝ խնայողությունների պահպանման համար: Դա համահունչ է մեր՝ ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին»:

Հայտարարվեցին նաեւ ճյուղային նախապատվությունները: Մեր տնտեսության դիմադրողականության բարձրացման նպատակով նախատեսում են ոչ միայն «գյուղատնտեսությունում՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո նոր ներդրումային ծրագրերի իրականացում», այլ նաեւ «Ճանապարհաշինության մեջ՝ նոր նախագծերի իրականացում: Այդ թվում՝ Ասիական բանկի օժանդակությամբ Մեղրի-Բաթում ավտոմայրուղու կառուցման նախաձեռնում»:

Որպես ամփոփում՝ վարչապետը նշեց, թե հաջորդ տարի իրենց սկզբունքներն են լինելու՝ «Կարգ ու կանոն ամենուրեք», «Հրապարակայնություն եւ հասարակական վերահսկողություն», «Օպերատիվ եւ համալիր գործողություններ»: Եվ ըստ Տիգրան Սարգսյանի՝ «Մեր կարգախոսն է լինելու. «Գլոբալ մտածողությունից՝ կոնկրետ գործողությունների»: Այս կարգախոսը լսելով՝ անհնար էր չուրախանալ, որ չանցավ եւ կես տարի, ու կառավարության ղեկավարը վերջապես որոշեց կատարել այդ անցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել