Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծիքի մեջ թաթախված կրթություն ունենք»

Նոյեմբեր 13,2008 00:00

Կարծում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էր, որն անդրադարձավ հանրակրթության որակին, խնդիրներին ու բարեփոխումներին:

Խոսելով այսօր հանդիպող արատավոր երեւույթների մասին, նա նշեց. «Սովորողն ու ծնողը պիտի հարգեն ուսուցչին, իսկ վերջինս էլ՝ աշակերտին: Կրթության բարեփոխումները պետք է հենված լինեն փոխադարձ հարգանքի վրա: Իշխանությունն ու հասարակությունը պիտի հասկանան, որ երբ տնօրենին, ուսուցչին «փչացնում» են՝ գործածելով որպես ընտրական գործիք, ծնողի մոտ մանկավարժի հանդեպ հարգանքը ոչնչացվում է: Օրինակ, եթե ես նման բան անեմ, չեմ կարողանա այլեւս նայել իմ երեխաների աչքերին: Ինչ վերաբերում է կրթական համակարգում ներդրումներ կատարելուն, ապա գործարարներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք, ընտրակաշառք բաժանելու փոխարեն թող ներդրումներ կատարեն հանրակրթության ոլորտում»:

Բանախոսի ձեւակերպմամբ, ներդրումները կնպաստեն կրթության զարգացմանը, մինչդեռ կրթության որակին ուղղված իրական քայլերի փոխարեն առայժմ, նրա խոսքով՝ ձեւական քայլեր են արվում. «Ներդրումները պետք է խթանեն, որ երեխայի ուսուցողական միջավայրը փոխվի, մոդեռնացվի, օրինակ՝ համակարգիչը, վերջապես, որպես սովորական աշխատանքային գործիք ծառայի նրա համար»: Անդրադառնալով 2004 թ. կառավարության կողմից ընդունված կրթակարգին, պարոն Բլեյանը նշեց. «Ուսուցիչներն այսօր ծառայում են ոչ թե երեխայի առաջադիմությանը, այլ պարզապես տուն են պահում… Կրթահամակարգում լավ մոդել է դրված, բայց մինչեւ հասնում է երեխային՝ ձեւախեղվում, մի այլ բան է դառնում»:

Ըստ կրթահամալիրի տնօրենի՝ այսօր կարելի է ծնողին եւս դիտել որպես ներդրող. «Թե չէ՝ այսօր անլուրջ վերաբերմունք կա հանրակրթության հանդեպ: Նույնիսկ մանկավարժական բանավեճի մասնակցելու հրավեր չկա, որտեղ կկարողանաս հանդես գալ, թող թեկուզ հիմար վիճակի մեջ դնեն, ցույց տան, որ սխալ ես աշխատում, իսկ ԶԼՄ-ները, թռուցիկ անդրադառնալու փոխարեն, խորամուխ լինեն հանրակրթության խնդիրների մեջ»:

Երեկ պարոն Բլեյանն անընդհատ օրինակ էր բերում իր կրթահամալիրն ու իր անթերի գործելաոճը: Նա քանիցս ասաց, որ իր կրթահամալիրում երեխաների իրավապաշտպանն է. «Երեխան ի ծնե ունի ազատություններ, սակայն դրանք ամեն քայլափոխի ոտնահարվում են: Ի տարբերություն մյուսների, ես այդ ազատությունները պաշտպանողն եմ, որովհետեւ ազատությունն ու կրթությունն իրարից անանջատ պիտի լինեն՝ անհնար է պատկերացնել կրթությունն անազատության մեջ»:

Ըստ Ա. Բլեյանի՝ անհրաժեշտ է, որ ծնողները ակտիվորեն մասնակցեն երեխայի համար որակյալ կրթություն ապահովելու գործընթացին, հակառակ դեպքում՝ կամ ստիպված են հաշտվել անորակ կրթության իրողության հետ, որն անթույլատրելի է, կամ էլ «ռեկետի» ենթարկվել՝ առանց հասկանալու, որ իրենք նախ եւ առաջ պատվիրատու են. «Ինչպե՞ս անել, որ ծնողը դառնա պատվիրատու, իշխանությանն ու կառավարությանը հավասար: Ախր, ծնողը պիտի ունենա անհատական կրթական պատվեր, հակառակ դեպքում՝ այսօր հանրության առաջ հանդես կգան դպրոցների կառավարման մարմինների խորհուրդները, մենք կճանաչենք նրանց անդամներին, նախագահներին: Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է, որ դպրոցը շարունակում է մնալ բացառապես իշխանական կառավարման ներքո: Այսօր կեղծիքի մեջ թաթախված կրթություն ունենք, որից անհրաժեշտ է շուտափույթ ազատվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել