Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱԶԱՏ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԵՄ»

Նոյեմբեր 13,2008 00:00

\"\"ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը արվեստում իր «գլխի» տերն է

Կան արվեստագետներ, որոնք իրենց ստեղծածով եւ արվեստի դաշտ բերած ձեռքբերումներով ցանկացած ոլորտի մարդու պարտադրում են հակվել դեպի իրենց՝ արժեւորելով արածը: Այդպիսին է օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, որի անվան կողքին չենք դնում իր՝ արտիստի մեծությունը բնութագրող ածականներ, թեեւ նա վաղուց ոչ միայն օպերային արվեստում, այլեւ ընդհանրապես երգարվեստում, որպես բացառիկ բաս, հանրահայտ անուն է:

Բարսեղ Թումանյանը 50 տարեկան է, եւ այդ առիթով Ազգային օպերային թատրոնում նոյեմբերի 16-ին կկայանա հոբելյանական երեկո, որտեղ երգիչը օպերային թատրոնի նվագախմբի հետ (դիրիժորներ՝ Յու. Դավթյան եւ Մ. Մավիսակալյան) հանդես կգա հայկական եւ արեւմտյան լավագույն օպերային գրականության նմուշների կատարմամբ:

Մի քանի տասնյակ դերերգեր, համերգային ծրագրեր, ելույթներ ամենատարբեր նվագախմբերի, երգչախմբերի, հանրահայտ դիրիժորների ընկերակցությամբ. այս ամենը այն հարուստ հունձքն է, որով արվեստագետը տարիներ շարունակ ներկայանում է աշխարհին: Նա ժամանակին «պարտադրեց» ռուսական օպերային արվեստի մեծագույն դեմքերից մեկին՝ Իրինա Արխիպովային, հետեւյալ կերպ արտահայտվել իր մասին. «Երգչի բասը գերում է արտակարգ հուզաթաթախությամբ, ջերմությամբ… թվում է՝ լսում ես երգեհոն, որից արձակված յուրաքանչյուր հնչյուն անմիջապես դիպչում է սրտիդ»:

Հոբելյանական երեկոյին նախորդող այս օրերին «Առավոտի» հետ զրույցներում, երբ խոսք էր գնում Բարսեղ Թումանյանին Ազգային օպերային թատրոնի բեմում տարիներ շարունակ չհանդիպելու մասին, արվեստագետներից ոմանք, զերծ մնալով իրենց սուբյեկտիվ կարծիքները հայտնելուց, ընդամենը նշում էին, որ երգչի տարիքը իմաստնության տարիք է, ու Բարսեղը իսկապես իր տարիքի ու անցած ճանապարհի տերն է, եւ որ նրա սակավ դարձած ելույթներին պետք է նայել ոչ թե ստեղծագործական պասիվության, այլ պատասխանատվության բարձր զգացումի տեսանկյունից: Այս առիթով մեզ հետ զրույցում Բ. Թումանյանն ասաց. «Առաջ էլ, այսօր էլ ես ազատ ստեղծագործող եմ: Ծրագրերս չեմ պլանավորում երկու կամ ավելի տարի առաջ, ու տարին լցնում եմ իմ ցանկությամբ»: Խոսելով իր կատարած դերերգերի մասին՝ երգիչը նշեց, որ համամիտ չէ, երբ ոմանք դերերգերը հաշվում են. «Մեկ դերերգը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյունից, օրինակ, տարբեր օպերային թատրոններում հանդես եմ եկել միայն Ֆաուստի դերերգով՝ տարբեր բեմադրիչների տասնյակ բեմադրություններում, բնականաբար՝ մեկը մյուսին չնմանվող: Դա է թելադրում ժամանակը եւ այն, որ մեր օրերում անընդհատ հոլովվում է նորամուծություն բառը, մասնավորապես՝ օպերային արվեստում ժամանակակից ռեժիսուրայով բեմադրված անգամ հանրահայտ օպերային ներկայացումներն ու դրանց կերպարները ստանում են նոր լուծումներ»:

Մեր զրուցակիցը՝ իր որոշ արտերկրյա նշանավոր գործընկերների նման, տարիներ շարունակ իր նյութական ձեռքբերումների մի մասն ուղղորդում է դեպի բարեգործություն, ու չի բարձրաձայնում այդ մասին: Մեզ հետ զրույցում էլ նա շրջանցեց այդ թեման:

Դառնալով Բարսեղ Թումանյանի հոբելյանական երեկոյին՝ նշենք, որ այդ օրն առաջին անգամ կներկայանա նաեւ արվեստագետի որդին՝ երգիչ Դավիթ Թումանյանը: Վերջինիս երգչական նախասիրությունը, ըստ մեր տեղեկությունների, փոփ արվեստն է: Այս առիթով հայր Թումանյանն ասաց. «Նախընտրում եմ որդուս ազատության մեջ թողնել, անկախ այն բանից՝ համամի՞տ եմ նրա նախասիրությանը, թե՝ ոչ: Մի բան հաստատ կարող եմ ասել՝ տարիքի հետ փոխվում է նաեւ երաժշտական ճաշակը: Եվ, որ ամենակարեւորն է, Դավիթը կյանքում առայժմ դեռ մի բան է հաստատ ընտրել՝ երգարվեստը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել